Մեծ հաճույքով կվերադառնայի մոդելինգ, բայց... Սարո Մաթեւոսյանը փակագծեր է բացում
Մշակութային«Իրավունք»-ն ամառն ամփոփել է մոդել, դերասան ՍԱՐՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ: Տեւական լռությունից հետո՝ նա փակագծեր է բացել, թե որտեղ է, ինչով է զբաղվում եւ ինչպիսին էին ամառային արձակուրդներն իր համար:
— Կարճ ժամանակում Դուք ճանաչելիություն ձեռք բերեցիք՝ որպես մոդել, ապա դերասան, հետո՝ անհետացաք ասպարեզից: Ինչո՞ւ:
— Եթե հիշում եք, մեր նախորդ հարցազրույցն ուղիղ 10 տարի առաջ էր: Կարծում եմ՝ սա դառնալու է ավանդույթ, եւ 10 տարի հետո մենք կունենանք եւս մեկ հարցազրույց, չմոռանա՛ք (ժպտում է, - հեղինակ): Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ անհետացա ոչ միայն ասպարեզից, այլ ամեն տեղից, նաեւ Երեւանից, Հայաստանից: Ինձ գործնական առաջարկություն եկավ, ճիշտն ասած, բարդ էր որոշում կայացնելը, բայց, միեւնույն է, մտածեցի փորձել, կայացրեցի ընտրություն ու գնացի Մոսկվա, հիմա էլ դեռ այնտեղ եմ:
— Սարո, իսկ ինչո՞վ եք այժմ զբաղվում Մոսկվայում:
— Եթե կարելի է, փակագծեր չբացեմ, բայց ասեմ, որ մոդելինգից շատ հեռու չեմ: Հիմա ունեմ կոնկրետ իմ բիզնեսը, որով զբաղվում եմ արդեն երկու տարի: Ու չնայած այս ամենի՝ մինչեւ հիմա էլ այստեղ երբեմն լինում են ֆոտոշարքերի առաջարկներ:
— Կարոտո՞ւմ եք մոդելինգը, թե՞ հիմա եք ներդաշնակ՝ Ձեր աշխատանքի հետ:
— Իհարկե, շատ կարոտում եմ Երեւանը, մոդելինգի ասպարեզի մարդկանց, իմ շրջապատին՝ ծանոթներին, ընկերներին: Իրոք, անմոռանալի տարիներ են եղել: Մեծ հաճույքով կվերադառնայի մոդելինգի ոլորտ, ավելի թարմ ուժերով նորից կվերապատրաստվեի, եւ այդ ամենին կավելացնեի առավել խորացված դերասանական վարպետութուն: Բայց առայժմ քանի որ ունեմ բիզնես, ժամանակը թույլ չի տալիս: Ամեն դեպքում, միշտ մտածում եմ այդ մասին ու պլաններիս մեջ կա, որ եթե ունենամ ժամանակ, անպայման նորից զբաղվեմ մոդելինգով: Ու տարիքը կարեւոր չէ, կարելի է անել դա, ինչպես ռուսներն ասում՝ для души (հոգու համար)՝ գործից հաճույք ստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ինձ առաջին հերթին դուր է գալիս նկարահանումների ընթացքն, այլ ոչ թե այն, որ հետո ինձ հեռուստացույցով տեսնեմ: Ավելին՝ Հայաստանում շատ ֆիլմերի էպիզոդներում եմ նկարահանվել, որ ինքս չեմ էլ տեսել, հետո են ինձ ուղարկել:
— Անդրադառնանք ամառային արձակուրդներին՝ Ձեզ համար թեժ հանգստի՞, թե՞ թեժ աշխատանքային շրջան էր:
— Բիզնեսն ինձնից խլում է այնքան ժամանակ, որ չի ստացվել հանգստանալ: Այս ամառ դեռ արձակուրդի հնարավորություն չեմ ունեցել: Դրա համար կարող եմ ասել, որ այս ամառ աշխատանքային շրջան էր, նույնիսկ շատ քիչ ժամանակ է եղել գոնե քաղաքից դուրս գալու եւ մեկ կամ երկու օրով ինչ-որ տեղ հանգստանալու համար: Այնպես որ, այս ամառն ավելի շատ թեժ աշխատանք էր, քան թե՝ թեժ հանգիստ: Ճիշտն ասած, վերջին տարիներին շատ դժվար է եղել գտնել ժամանակ եւ հանգստանալ, որովհետեւ աշխատանքն ավելի շատ է:
— Առհասարակ ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում՝ ծովափնյա՞, սարերո՞ւմ, թե՞ այլ տեղ։
— Եթե խոսքը վերաբերում է կոնկրետ հանգստին, որպեսզի կարողանաս ֆիզիկապես վերականգնել ուժերդ, ուրեմն՝ ծովափնյա, բայց նաեւ շատ եմ սիրում ճանապարհորդել: Ընդ որում՝ ինձ ավելի դուր է գալիս ճանապարհորդել պատմական վայրեր, օրինակ, վերջին իմ հանգիստը եղել է Եգիպտոսում: Ընտրեցի հենց Եգիպտոսը, որովհետեւ ուզում էի գնայի իրենց հինավուրց ամրոցները: Իսկ Եգիպտոսը շատ ունի այդպիսի վայրեր եւ ունի հարուստ պատմություն, ինչն ինձ ավելի հետաքրքիր է: Նաեւ Եգիպտոսում կարելի է համատեղել պասիվ հանգիտը, որտեղ կարելի է ուղղակի ծովափում պառկել եւ հանգստանալ:
— Սովորաբար, ինչպե՞ս եք պլանավորում ձեր հանգիստը՝ ինքնուրո՞ւյն, թե տուրիստական գործակալության միջոցով:
— Նախընտրում եմ գործակալության միջոցով, որովհետեւ իրենց առաջարկներն ավելի լայն են: Ես փորձել եմ ինքնուրույն ինչ-որ տեղեկություններ գտնել, կազմակերպել հանգիստս, բայց զգացել եմ, որ ավելի ճիշտ է գործակալության միջոցով: Ի վերջո, ամբողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա եւ կարողանում են հանգստի ավելի շատ տարբերակներ առաջարկել: Ու ֆինանսական առումով էլ տարբերություն չկա՝ դու ես այն կազմակերպում, թե գործակալությունը:
— Պասի՞վ, թե՞ ակտիվ հանգստի կողմնակից եք…
— Եթե ստացվել է վերցնել, օրինակ, երկու շաբաթով հանգիստ, սիրում եմ, որ առաջին շաբաթը լինի ակտիվ՝ ճանապարհորդություններով լի: Եթե կոնկրետ ինչ-որ երկիր ես ընտրել, ապա գնալ բոլոր տուրիստական, պատմական վայրերը: Իսկ այդ ամենից հետո՝ նոր փորձել հանգստանալ: Երկու տարբերակն էլ շատ կարեւոր է: Չէ որ երբեմն պասիվ հանգիստն էլ է հոգնեցնում, իմ կարծիքով՝ պետք է համատեղել:
— Ի՞նչ զավեշտալի կամ անմոռանալի դեպքերով առանձնացավ այս ամառը:
— Քանի որ եղել է բուռն աշխատանքային շրջան, ամենազավեշտալին ու անմոռանալին թերեւս հենց չափից դուրս շատ աշխատանքային օրերն են եղել: Կարելի է համարել, որ այս ամառն այնքան աշխատանքային էր, որ ոչ մի զավեշտալի եւ անմոռանալի դեպքեր այդպես էլ տեղի չունեցան: Բայց դա էլ է լավ, որովհետեւ երբ կա այդքան աշխատանք, երբ կա հնարավորություն աշխատելու, երեւի թե, արդեն անմոռանալի է: Այսինքն՝ սա արդեն մի բարձունք է, որին կարողացել ես հասնել:
— Այդուհանդերձ, Ձեր ամառային ֆոտոշարքերին կնախանձեն շատերը: Թա՞նկ հաճույք է լավ հանգիստ կազմակերպելը, թե՞ բավարար է լավ տրամադրությունը:
— Իրականում թանկ հաճույք չէ, պետք է ճիշտ եւ գրագետ լուսանկարիչ՝ լավ ֆոտոշարք ստանալու համար: Գումարն այստեղ այդքան կարեւոր չէ: Հարցը շատ ճիշտ էր ուղղված՝ շատ կարեւոր է ունենալ լավ տրամադրություն: Շատ կարեւոր է նաեւ, թե ում հետ ես հանգստանում, որովհետեւ եթե գնացել ես ինչ-որ խմբով եւ կեսը նախընտրում է մի բան, մյուս կեսը՝ ուրիշ բան, մեկն՝ ակտիվ, մյուսը՝ պասիվ հանգիստ, այդ դեպքում, կարծում եմ՝ չի ստացվի լիարժեք հանգստանալ: Պետք է բոլորը մի ուղղությամբ մտածեն, որպեսզի դրանից էլ հաճույք ստանաս եւ ինչ-որ տարաձայնություններ չլինեն հանգստի ժամանակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ