Խայտառակություն Երեւանի սրտում. ով է գալիս բիզնեսմեններին «խելք սովորացնի»
ՀասարակությունՊարզվում է՝ գալիք շաբաթվա վերջին իր ադրբեջանամետ մտքերով հայտնի բլոգեր ԱՐՍԵՆ ՄԱՐԿԱՐՅԱՆԸ, որը նաեւ ձեռնարկատեր է, մարզիչ, տղամարդկանց ինչ-որ մասշտաբային խմբի հիմնադիր եւ «Baza» փակ տելեգրամյան ալիքի հեղինակ, տնտեսագետ-վերլուծաբան Դմիտրի Պոտապենկոյի հետ լինելու է Երեւանում եւ անցկացնելու է հանդիպում՝ բիզնեսմենների համար:
Թե արդյոք նա հայաստանյան բիզմեսմեններին սովորեցնելու է, թե ինչպես հոգին վաճառել թշնամուն, համենայնդեպս, այս մասին միայն կարելի է ենթադրել: Իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ խոստանում են հանդիպման արդյունքում ավելացնել բիզնեսմենների եկամուտը, գտնել արտասովոր լուծում իրենց բիզնեսի համար: Առաջին օրը կայանալիք հանդիպումը կկրի «Ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս է համաշխարհային շուկան ազդում մեր գրպանի վրա» խորագիրը, իսկ երկրորդ օրը կանդրադառնան «Կայուն բիզնեսին անկայուն աշխարհում»: Ընդ որում՝ ներկաները հանդիպման համար պետք է վճարեն 25 հազար դրամ, եթե ցանկանում են երկու օրերի հանդիպմանը ներկա լինել՝ 40 հազար դրամ: Իսկ VIP տոմսերն արժեն մեկ օրվա համար 50 հազար դրամ, երկու օրվա համար՝ 75 հազար դրամ: Ու սարսափելին այն է, որ նրանց այս միջոցառումն անցկացնելու համար իր դռները լայն բացել է «Մարրիոթ» հյուրանոցը:
Հայտնի բլոգեր ՆԻՆԱ ՏԻՏԱՆՅԱՆԸ սոցցանցում հիշեցրել է, որ Արսեն Մարկարյանը ժամանակին հայտարարում էր, թե՝ «Հայաստանը շուտով մտնելու է Ադրբեջանի կազմի մեջ»: Բլոգերը հարց է բարձրացնում. «Ինչի պետք ա անպատիժ ինքը մեր երկրի մասին խոսա ու սենց առանց ոչ մի խնդրի ֆորում կազմակերպվի ու մարդիկ 25 հազար դրամ տան, գնան: Նախ կարծում եմ՝ ինքը հենց մտնի Հայաստան, պետք ա իրան մի հատ ԱԱԾ-ն հետախուզի, տենա ինչ բաներ ա խոսում Հայաստանի մասին»:
Նինա Տիտանյանը հույս է հայտնել, որ «Մարրիոթ»-ը տեղյակ չի եղել Արսեն Մարկարյանն ով է եւ որ կվերանայեն ու կչեղարկեն միջոցառումը:
Բլոգեր ԶԱՌԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ եւս անդրադարձել է Արսեն Մարկարյանի երեւանյան այցին. «Ծանոթացեք, թե ում եք շուտով հյուրընկալելու Հայաստանում: Արսենն ուղիղ տեքստով կանանց բռնաբարելու «անհրաժեշտության» «կարեւորության» մասին տեսանյութ ունի, անչափահասի հետ սեռական կապի մասին է խոսել, հետո ընդունել է, որ խոսել է (ուղղակի որովհետեւ վիդեոն տարածվել էր), ասել է, որ «կատակ ա եղել»… Վիդեոյից ինքներդ կհասկանաք՝ ինչն է կատակ, ինչը՝ ոչ»:
Զառա Ղազարյանը Հայաստանում միջոցառումների տոմսերի վաճառքովզբաղվող tkt.am-ին հարց է ուղղել. «Իսկ բանախոսի կենսագրության եւ աշխարհայացքի հետ օ՞ք եք»: