«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼՈՎ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՍպորտԵրևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է բրազիլական ջիու - ջիցուի միջազգային մրցաշար, որին մասնակցել են բազմաթիվ երկրների ուժեղագույն մարզիկներ։ Մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի /MMA /չեմպիոն, ACB կարգի չեմպիոն, սամբոյի Աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը, Երևանում հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել Սարգսի հետ։
- Շնորհավորում ենք, Սարգիս, հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Մրցաշարը շատ լավ անցավ։ Սա բրազիլական ջիու - ջիցուի Աբու - Դաբիի միջազգային մրցաշարն էր, որը այս անգամ անցկացվեց Երևանում, ինչը շատ ուրախալի էր։ Նշեմ, որ ես առաջին անգամ էի մասնակցում այս մարզաձևի միջազգային մրցաշարին, քանի որ միշտ հանդես եմ եկել խառը մենամարտերում և սամբոյում։ Ես հանդես եկա 77 կգ քաշային կարգում, սակայն մրցակիցներս ինձանից ավել քաշային կարգերում էին 85, 95 կգ էին։ Մրցակիցներս ազգությամբ ամերիկացի, վրացի և իրանցի էին։ Բոլորին հաղթել եմ խեղդող հնարք կիրառելով։ Բարդությամբ կարող եմ առանձնացնել եզրափակիչը, քանի որ վրացի մրցակիցս շատ փորձառու մարզիկ էր։ Հաղթանակս նվիրում եմ մեր հայ ազգին, բոլոր զինվորներին մաղթելով խաղաղ ծառայություն։
- Սարգիս, ինչ կտա քեզ այս նվաճումը։
- Սա վարկանիշային մրցաշար էր, այս հաղթանակը ինձ տվեց հնարավորություն հետագայում մասնակցելու նաև ջիու - ջիցուի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին։ Քանի որ ես միշտ խառը մենամարտերում եմ հանդես գալիս, ուստի սա ինձ կօգնի, որ պարտեր դրությունում ինձ ավելի լավ դրսևորեմ գետնի վրա։
- Հետաքրքիր է, թե ինչ է իրենից ներկայացնում այս մարզաձևը, որի մասին մեր երկրում կարծես թե սկսել են հաճախ խոսել։
- Այս մարտարվեստի սկզբունքը այն է, երբ թույլ մարզավիճակում գտնվող անձը կարող է հաջողությամբ պաշտպանվել ավելի ուժեղ, լավ մարզավիճակում գտնվող անձից օգտագործելով ճիշտ տեխնիկա։
Բրազիլական ջիու - ջիցուն կարելի է սովորել տարբեր նպատակներով ինքնապաշտպանությամբ, ուղղակի սպորտով զբաղվելու, մրցաշարերի և խառը ըմբշամարտերում մասնակցություն ունենալու համար։ Այս մարզաձևը հայտնի է դարձել 1990 - ական թվականներից, երբ վարպետ Ռոյս Գրեյսը հաղթել է առաջին, երկրորդ և չորրորդ մրցաշարերում։ Մեր երկրում այս մարզաձևը բավականին զարգացած մարզաձև է արդեն, շատերն են պարապում։ Կարևորը, մատաղ սերնդի ներկայացուցիչները կտրվեն փողոցից, հեռախոսային վնասակար խաղերից ու սպորտով զբաղվեն։ Քանի որ մարդու առողջության գրավականը հենց սպորտով զբաղվելն է։
- Սարգիս, իսկ խառը մենամարտերից ինչ նորություններ ունես։
- Հնարավոր է օվկիանոսից այն կողմ ԱՄՆ - ում ունենամ մենամարտ։
- Շնորհակալություն, Սարգիս, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ մշտապես ուշադրություն դարձնելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ