Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է, որ օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործերն առաջիկայում կուղարկվեն դատարան
ՄիջազգայինԱդրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ նախաքննությունն ավարտվել է, և գործերն առաջիկայում կներկայացվեն դատարան:
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա այս մասին ասել է Արևելյան տնտեսական ֆորումում:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: