ՀՀ իշխանությունն ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդհանրապես չի հիշատակում. Պողոսյան
ՆերքաղաքականՍահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով՝ Արցախի ինքնորոշման իրավունքի վրա ՀՀ իշխանությունն է խաչ քաշել:
«Նույնիսկ 2018 թվականի հակասահմանադրական իշխանափոխությունից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն փոխել իրենց դիրքորոշումը», - շեշտեց Պողոսյանը եւ հիշեցրեց տարբեր հայտարարությունների եւ փաստաթղթերի մասին՝ փաստելով, որ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններն ամենաբարձր մակարդակով վերահաստատել են, որ ԼՂ հարցը լուծված չէ, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանին քաջ հայտնի սկզբունքների հիման վրա:
Սահմանադրագետը նաեւ հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները հստակ հայտարարել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր իրականացման ամենաբարձր ձեւով՝ անջատման միջոցով կիրառելի է ԼՂ-ի նկատմամբ. «Միայն Հայաստանի ապիկար ու դավաճան իշխանությունների պատճառով է, որ այդ սկզբունքը հիմա ընդհանրապես չի հիշատակվում։ Առանձին պետություններ, կազմակերպություններ խոսում են այդ մասին, հենվում են այդ փաստաթղթերի վրա, բայց Հայաստանի իշխանության համար դա որեւէ նշանակություն չունի»։
Ըստ Վարդան Պողոսյանի, հետագայում, երբ Հայաստանն ունենա ժողովրդին պատկանող իշխանություն, ինքնորոշման իրավունքը պետք է հիմք հանդիսանա Արցախի խնդրի կարգավորման բոլոր բանակցային գործընթացների համար՝ ներառյալ արցախահայության վերադարձն Արցախ՝ միջազգային գործուն երաշխիքների առկայությամբ: