«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՆՉԵՎ 23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍպորտՕրերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Բազկամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում մեր թիմը նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել արծաթե մեդալակիր ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.-65 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ 8 հոգի էին իմ քաշային կարգում։ Մրցակիցներս ֆրանսիացի, թուրք, չեխ, սլովակ, կանադացի, ղազախ էին ազգությամբ։ Թուրքին մեկ անգամ պարտվեցի, ապա եզրափակիչ հասնելու համար հաղթեցի նրան։ Եզրափակչում ափսոս չեխ մրցակցիս եմ պարտվել, սակայն շատ մոտ էի ոսկե մեդալին։ Ընդամենը 2,5 տարի պարապել, զբաղվել բազկամարտով ու նվաճել արծաթե մեդալ, շատ մեծ արդյունք եմ համարում։ Նշեմ, որ այս մրցաշարից ընդամենը 5 օր առաջ եմ իմացել, որ մեկնելու եմ մասնակցելու, քանի որ փաստաթղթերի խնդիր կար։ Ես նաև Բժշկական համալսարանի ուսանողուհի եմ, սովորում եմ անվճար։ Բժշկությունն ու սպորտը առայժմ մեկը մյուսին չեն խանգարում։ Անում եմ ամեն ինչ, որևէ տեղ չթերանալու և նոր ձեռքբերումներ ունենալու համար։
Անկեղծ ասած, ծնողներս, շրջապատս դեմ էին, որ ես սպորտով էի զբաղվում, սակայն նկատելով իմ գրանցած հաջողությունները, հպարտանում են ինձանով։ Մեր թիմը 10 մարզիկ էր, նվաճել ենք 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։Ես ծնունդով Գյումրիից եմ, բայց բնակվում եմ Երևանում։ - Շնորհակալություն, Մարիամ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ - Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ