Ալոճը` որպես ամենաօգտակար և բուժիչ հատապտուղ
ՀասարակությունԱլոճն աշնանը հասունացող համեղ պտուղ է, որը շատ օգտակար է էնդոկրին համակարգի լավացման համար: Ֆրանսիայի արքա Հենրի 4-րդի անձնական բժիշկ Կվերցետանուսը ստացել է «սրտի հավերժ երիտասարդության» բալասան-բուժահեղուկն ալոճենու պտղից եւ ծաղկից։ Ալոճենու ծաղիկները եւ տերեւները պարունակում են մի շարք օրգանական միացություններ: Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, կրատեգուսաթթու, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, ֆլավոնոիդներ, սորբիդ, ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն եւ այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները եւ հասուն պտուղները։ Այն խթանում է սրտի գործունեությանը, հանգստացնում նյարդային համակարգը, վերացնում տախիկարդիան, իջեցնում արյան ճնշումը: Նշանակվում է անքնության, գրգռվածության, հեւոցների, կրծքային հեղձուկի դեպքում: Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի, կոկորդի բորբոքումների եւ ստամոքսի սուր ախտահարումների ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձեւով բուժում է մաստիտը։ Ալոճենու ծաղիկներից եւ պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի եւ ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տեւական հանգստացնող ներգործություն։ Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Ալոճենու թրմուկը պատրաստվում է 70% էթիլային սպիրտով (թուրմի 1լ` 100 գրամ ալոճենու պտուղների փշուր): Թափանցիկ դեղնա-կարմրավուն հեղուկը քաղցր համ ունի: Ընդունում են 20-30 կաթիլ, 3-4 անգամ, ուտելուց առաջ: Ալոճենու խիտ հյութահանուկը պատրաստում են պերկոլյացիայի մեթոդով՝ 1:1 հարաբերակցությամբ: Թափանցիկ հեղուկը մուգ-դարչնագույն է, հաճելի հոտով, քիչ քաղցրահամ: Ընդունում են 20-30 կաթիլ, 3-4 անգամ, ուտելուց առաջ: Ալոճենու պտուղների թուրմը պատրաստում են ՝ 15 գրամ հումքը լցնում են էմալապատ ամանի մեջ, ավելացնում 200 միլիգրամ եռացած տաք ջուր, ծածկում կափարիչով եւ տաքացնում եռացած ջրում (ջրային բաղնիք) 15 րոպե, սառեցնում են սենյակային ջերմաստիճանում 45 րոպեի ընթացքում, հետո քամում: Ստացված թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնում են 200 միլիգրամի: Ընդունում են 1/3-1/2 բաժակ, օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Սրտի անբավարար աշխատանքի, այտուցի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ պատրաստուկը: Խառնեք ձիաձետ դաշտայինի եւ մատիտեղ թռչնի խոտերը, ալոճենու ծաղիկ (2։3։5)։ 1 ճաշի գդալ հումքը 1 ժամ թրմեք 200 միլիգրամ եռման ջրի մեջ, քամեք։ Խմեք 60-ական միլիգրամ` օրը 2-3 անգամ։ Հեւոցի, գլխապտույտի, սրտի հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում. Խառնեք հավասար քանակությամբ ալոճենու մանրացրած ծաղիկն ու պտուղը։ 3 ճաշի գդալ հումքը թրմեք 600 միլիգրամ եռման ջրի մեջ, քամեք։ Խմեք 200-ական միլիգրամ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ Դեղատոմսերն անհրաժեշտ է կիրառել միայն բժշկի թույլտվությամբ։ Ալոճենուց ստացված պատրաստուկները չի կարելի երկարատեւ խմել։ Ալոճենու պտուղը չի կարելի ուտել քաղցած վիճակում, իսկ ուտելուց հետո չի կարելի ջուր խմել։ Խորհուրդ չի տրվում ուտել 200 գրամից ավելի ալոճ` 100-ական գրամ` օրը 2 անգամ ընդմիջումներով։ Նշենք, որ ալոճենին գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։