Եվ ուրեմն՝ խմենք օպոզիցիայի կենացը
ՎերլուծությունԱշխարհն աշխարհով, Նիկոլ Փաշինյանն իր ուտել-խմելու թեմաներով ու զուգարանների մուտքը թանկացնելու դարդով է: Հիմա էլ նրա թիրախում ո՛չ ավել, ո՛չ պակաս թամադաներն են: Կառավարությունում նստած նա լուրջ դեմքով քննարկում է, թե ինչու երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց՝ ՀՀ հարկ վճարողի համար: Այս մասին նա ասել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ես ուշադիր հետեւում եմ մեր հարգարժան թամադաների մտքի ընթացքին, իրենք շատ կենացներ են խմում, բայց երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց՝ ՀՀ հարկ վճարողի համար։ Մենք խմում ենք զինվորի կենացը, որը ճիշտ է ու լավ է, բայց երբեք ոչ ոք չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից՝ հարկ վճարողը հարկ վճարե՞լ է, թե՞ ոչ»,- ասում է նա:
Իհարկե, տեսարանը կատարյալ կլիներ, որ այս խոսքի վրա էլ հոտնկայս նա խմեր հարկ վճարողի կենացը, ներկաներից մեկն էլ «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմի ոչ պակաս հայտնի դրվագի պես ասեր. «Птичку жалко…»: Թվում է, թե մեր օրերում քաղաքական «միտքը» ավելի ներքեւ գահավիժելու տեղ չունի, բայց դեռ սրընթաց իջնում ու իջնում է… Ընդ որում՝ այնպես չէ, որ իրավիճակը ողբերգական է միայն իշխանական թեւում: Տեսնելով, թե ինչպիսի վարք է դրսեւորում ընդդիմադիր դաշտը, կարելի է մի կենաց էլ Նիկոլ Փաշինյանին առաջարկել՝ եւ ուրեմն՝ խմենք օպոզիցիայի կենացը, որը հլու-հնազանդ երեկվանից լծվեց խորհրդարանական բնականոն աշխատանքի:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ «ԹԵԺ» ԲԱՌԸ
ԱԺ աշնանային նստաշրջանը թվում էր, թե պետք է տարբերվի նախորդներից, որովհետեւ որոշակի «պաուզայից» հետո տրամաբանությունը հուշում էր, որ խորհրդարանական ընդդիմությունն այս ընթացքում ռազմավարություն ու կոնկրետ քայլեր է մշակել, որ չստացվի՝ ինչպես մայիսյան պայքարից հասանք սեպտեմբեր, այնպես էլ հասնենք 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններ: Բայց, արի ու տես, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Սրբազան պայքար» շարժումը փողոցում անոնսավորում է ինչ-որ քաղաքական զարգացումների մասին, իսկ Բագրատ սրբազանին խրախուսող ընդդիմադիրներն առաջնորդվում են իրենց օրակարգով: Կամ էլ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հայտնի հերոսի պես որոշել են, որ «երբ կգա սեպտեմբերի 22-ը, իրենք իրենց տղամարդու խոսքը» կասեն Մարզահամերգային համալիրի բեմից:
Հիշեցնենք, որ տեղի ունեցավ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Բագրատ սրբազանի հանդիպումը, որի հիմնական ասելիքը նախապատրաստությունն էր սեպտեմբերի 22-ին կայանալիք համալիրյան հանդիպման: Թե դեռ էլ ինչ չի քննարկվել, դժվար է ասել: Նույնն է, որ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Բագրատ սրբազանի շարժման դե ֆակտո քաղաքական խորհրդատուներից Կարեն Բեքարյանն ասում է. «Չի կարող լինել խաղաղություն՝ մեկին ոչնչացնելու հաշվին», եւ բոլորը հիանում են այս մտքով: Բայց, եղբայր, այդ մեզ ոչնչացնելու հաշվին են փորձում խաղաղություն հաստատել, քննարկելու փոխարեն՝ վերջիվերջո լուծում առաջարկեք, թե ինչ քայլեր պետք է արվի հիմա` այսօր:
Հայաստանի իշխանությունների եւ որոշ ընդդիմադիրներ հարաբերությունները լավագույնս բնութագրում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը մեկ վառ օրինակով՝ անդրադառնալով «Հայաքվեին»: Ըստ նրա` այն հակառուսական էություն ունեցող կազմավորում է, որն ունի հսկայական ֆինանսավորում:
«Այդ ֆինանսավորմա՛մբ էլ արեցին խայտառակ «Հայաքվե»-ն, որն Արցախի դեմ կազմակերպված միջոցառում էր՝ ոչնչացնելու նպատակով: Արցախը զոհաբերեցին չալաբյանները, նիկոլփաշինյանները, մնացածները, ովքեր գործեցին ռուսների դեմ: Եվ հիմա Չալաբյանը Արցախի իրականում կործանողներին եւ Արցախի փրկության համար զոհեր տված պետությանը՝ Ռուսաստանին, դնում է նույն հարթակի վրա: Ավելին՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ է Չալաբյանը ՀՀ կառավարությունից ստանում ֆինանսական սուբսիդավորում: Փաստ է չէ՞, որ Չալաբյանը` որպես բիզնեսմեն, ՀՀ Կառավարությունից, այսինքն Նիկոլից, ստանում է ֆանտաստիկ բարձր սուբսիդավորումներ: Ինչպե՞ս եղավ, որ Նիկոլը ֆինանսավորում է իր ընդդիմադիրին: Որպեսզի ընդդիմադիրն իրեն քարկոծի՞, իհարկե՝ ո՛չ: Որպեսզի այդ ընդդիմադիրն անի այն հայտարարությունները, որոնք արվում են», - այսպես է մեկնաբանում Բաբուխանյանն այն, որ Ավետիք Չալաբյանը հայտարարում է, թե Արցախը զոհաբերեցին թուրքերը, Հայաստանի, Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների իշխանությունները: ՍԻՄ նախագահի կարծիքով՝ սա աններելի եւ անթույլատրելի մոլորեցման փուլ է:
ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ԿՈՆԿՐԵՏ ՕՐԱԿԱՐԳՈՎ
Օրինակ` նախորդ շաբաթ կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ ՀՀ-ի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ Հաջորդիվ այն կներկայացվի Սահմանադրական դատարան ու Ազգային ժողովի հաստատմանը: Բնական է, որ կանոնակարգը հաստատելուց հետո էլ օրվա իշխանությունը գնալու է գծված սահմանները խորհրդարանով հաստատելու ճանապարհով, որպեսզի վաղը միայնակ պատասխանատվություն չստանձնի եղելության համար:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ժամանակին վստահեցնում էր. «Մենք չենք լինի այն խորհրդարանում, որը կփորձի վավերացնել կապիտուլիացիոն փաստաթուղթը»: Հետեւապես, հարց է ծագում՝ կարելի՞ է համարել առաջիկայում խորհրդարանին ներկայացվող փաստաթուղթը կապիտուլիացոն: Սա, իհարկե, հարցի քննարկման այլ թեմա է: Բայց փաստ է, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի հերթական առիթը` մանդատները վայր դնելու: Կանե՞ն, թե` ոչ, էլի ժամանակը ցույց կտա, բայց կարեւոր է, թե այս անգամ ով առաջնորդություն կստանձնի եւ ի՞նչ օրակարգով:
ԿԿԱՐՈՂԱՆԱ ԱՎԻՆՅԱՆԸ ՑՐԵԼ ԳԼԽԻՆ ԿՈՒՏԱԿՎՈՂ «ՍԵՎ ԱՄՊԸ»
Եվ մինչ Ազգային ժողովում արշալույսները խաղաղ են, աշխատանքային առօրյան էլ անցնում է կենդանի նվագակցությամբ՝ հիմնի կատարմամբ եւ Ալեն Սիմոնյանի նորաբաց սրճարանում ընդմիջումներ անելով՝ իր գլխին կուտակվող «սեւ ամպերը» փորձում է ցրել Տիգրան Ավինյանը: Բայց այստեղ գլխավոր հարցն այն է, թե իշխանությունը կսատարի՞ նրան, թե՞ հակառակը՝ «զոհ» կտա՝ ներքաղաքական իրավիճակը դնելով Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ռելսերի վրա:
Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամ հնարավոր է զրկվեն մանդատից, հարցը ներառված է այսօրվա կայանալիք նիստում: Նախաձեռնության հեղինակները պատճառաբանում են, թե նրանք բացակայել են նիստերից ու քվեարկություններից: Թիրախում հայտնվածները, սակայն, սա կապում են իրենց քաղաքական հայացքների եւ քաղաքապետ Ավինյանի իմփիչմենթի գործընթացի հետ, որի մասին շշուկները վերածվել է աղմուկի եւ նախատեսվում էր, ըստ շրջանառվող լուրերի, հոկտեմբերին:
«Իմպիչմենթի ուրվականն Ավինյանին ուղեկցել է դեռեւս այն ժամանակ, երբ նա որոշեց մանդատից զրկել իր հիմնական մրցակից՝ Հայկ Մարությանին: Հիմա գործողության երկրորդ արարն է. Ավինյանի հիմնական թիրախը «Հանրային ձայնի» ցուցակով ավագանու անդամ դարձած երկու գործիչներն են, ովքեր հավատարիմ են մնացել Վարդան Ղուկասյանին: Պլանը շատ պարզ է՝ նրանց մանդատները փոխանցել ցուցակի մյուս համարներին, որոնք կհամալրեն Ղուկասյանից «թռածների» շարքերը», - իրավիճակն այսպես է ներկայացնում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Ըստ Սուրենյանցի` հիմա ընդդիմությունը բացառիկ շանս ունի. քաղաքային կառավարման ճգնաժամ հարուցելու համար: Դրա համար՝ անհրաժեշտ է բոլոր ընդդիմադիր ֆրակցիաներով հրաժարվեն մանդատներից: Երկրորդ փուլով փողոցային հրապարակային պայքարով պետք է հասնել լեգիտիմությունը կորցրած Ավինյանի եւ նրա կոալիցիայի հեռացմանը եւ ավագանու նոր ընտրությունների անցկացմանը: Բայց կգնա՞ այդ քայլին Անդրանիկ Թեւանյանի առաջնորդած «Մայր Հայաստան» խմբակցությունը եւ Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, հատկապես, որ վերջինիս խմբակցությունից մեկին էլ են ուզում զրկել մանդատից, պարզ կլինի թերեւս այսօր: Սրանով եւս մեկ անգամ բացահայտելով ընդդիմության իրական պատկերը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ