Այս դեպքում՝ էլ ինչի՞ են ուզում Փաշինյանին փոխեն. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՍեպտեմբերի 22-ը մեր հաղթանակի սկիզբն է լինելու: Այս մասին երեկ հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ՝ խոսելով այդ օրը Մարզահամերգային համալիրում սպավող հանդիպման մասին: Ինչ խոսք, տպավորիչ հայտարարություն է, միայն թե զարմանալի է՝ ինչո՞ւ է սրբազանն ամեն անգամ ընտրում այնպիսի խոսքեր, որ հետո էլ ավելի մեծ է դառնում մարդկանց հիասթափությունը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ասում էր. «Ընդամենը 4 օր, 96 ժամ եւ մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը»… Ու անցավ 4 ամիս:
Ոչ պակաս տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ: Նա, պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց կուսակցությունը կողմնակից է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը, ընդգծել է. «Մեր կուսակցությանը մեղադրել երկրի անկախությանը վնասելու, անկախության համար չպայքարելու, երկիրը գավառ դարձնելու մեջ, ցինիզմ է եւ սրբապղծություն։ Եվ այս ամենը միայն բառերով չէ. երեք պատերազմներին Դաշնակցության մասնակցությունը ձեր աչքի առաջ էր։ Այս կուսակցության գաղափարախոսությունը Հայաստանի անկախությունն ու ազատությունն է»: Փաստորեն, ըստ ընկեր Իշխանի, Բելառուսը գավառ է դարձել` Միութենական պետություն մտնելով, իսկ ՀՀ-ն անկախ է, որտեղ կարեւոր որոշումները կայացվում են ԱՄՆ դեսպանի բարձր հովանու ներքո: Բայց սա դեռ մի կողմ, եթե այս ընդդիմության ուզածն էլ է դեպի Արեւմուտք գնալը եւ ուժեղ Հայաստանի տեսլականը չեն կապում Ռուսաստանի հետ, այս դեպքում՝ էլ ինչի՞ են ուզում Փաշինյանին փոխեն:
Ազգայինի դեմ օրվա իշխանության անողոք պայքարի աբսուրդը հասել է նրան, որ ազգային հերոսը ճանաչվեց մեղավոր: Ցնցվա՞ծ եք, իզուր: Փաշինյանի օրոք ամեն ինչ հնարավոր է: Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ եւ մյուսների գործով վերդիկտը, համաձայն որի՝ մի շարք մեղադրյալների թվում մեղավոր է ճանաչվել Փիլոյանը: Այս պատմության մեջ ամենասյուռն այն է, որ «Ազգային հերոսի» կոչում նա ստացել էր Նիկոլի օրոք: Ահա, թե ինչ է լինում վերջում, երբ այսօրվա իշխանության ձեռքից վերցնում ես որեւէ կոչում կամ պաշտոն:
Իսկ այն, ինչ կատարվում է Բրյուսովի անվան համալսարանում ռեկտոր ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻ օրոք, ուղղակի, ապշելու է: Համալսարանում աշխատանքից ազատվել են շուրջ 40 դասախոս: Ինչպես դասախոսներից Նատալյա Խաչատրյանն է ահազանգում, ջարդ է կատարվում բուհում, պատահական մարդիկ որոշել են այդ բուհը ոչնչացնել։ «Երբ խոսում եմ պարոն Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս։ Նա Հին Հունաստանում չկարողացավ ոչ մի բանով պատմության մեջ մնալ, գնաց, այրեց Արտեմիսի տաճարը։ Հիմա այրում են Բրյուսովի տաճարը։ Դա անընդունելի է»,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ համալսարանը չհամապատասխանի բուհին ներկայացվող պահանջներին. «Հիմա ամենալավ մասնագետներից ազատվում են: Ծրագրերը փոքրացրել, խեղճացրել են: Ո՞ւմ էր խանգարում Բրյուսովի ինստիտուտը: Շենքն եք ուզո՞ւմ, ինչի՞ համար: Լսել ենք, որ Խաչատւր Սուքիասյանին են առաջարկել, կամ գնել է արդեն: Ինքը կտրականապես հերքեց, մեզ մնում է միայն ենթադրություններ անել, թե քաղաքի կենտրոնում այդ գեղեցիկ շենքը ո՞ւմ է պետք, որ վայրենի ձեւով ոչնչացնում են համալսարանը»:
Զարմացած է «Իրավունք»-ը