«Ժողովուրդ». 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքների
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի ազատումը բավականին խոր արմատներ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրա ազատման պատճառը բանակային կորպուսում ներքին տարաձայնություններն են եղել: Ընդհարում է եղել նաեւ 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի հետ, եւ անգամ տարածված լուրեր կան, որ տարաձայնությունը հասել է միմյանց վիրավորանքներ հասցնելուն ու լույս աշխարհ գալն անիծող, հայհոյող խոսքերին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով, Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, որը նշված է հրամանագրում, «պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է՝ վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»: Այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում