Այդ ինչու Նիկոլը սկսեց գովազդել չարչարկված 9-րդ կետը
ՎերլուծությունԱյսպիսով, այն տպավորությունն է, որ Հայաստանում որոշակի ուժեր բավականին ոգեւորվեցին՝ մտածելով, թե կարողացել են Ռուսաստանին եւ Իրանին «Զանգեզուրի միջանցք» կոչվածի շուրջ քաշել սուր հակամարտության մեջ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292605&l=am): Թերեւս, մասնավորապես այդ ոգեւորության արդյունք էր, որ վերջապես որոշեցին ԵՄ-ին միանալու հայտնի օրակարգով խոստացված հանրաքվեն կազմակերպել, իսկ Ալենն այնքան առաջ գնաց, որ Նիկոլին հակասելով, օրակարգ բերեց ռուսական ուժերին հեռացնելու թեման:
Բայց ահա Խամենեիի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի մոսկովյան այցը, Պուտինի եւ Շոյգուի հետ ունեցած շփումները եկան հուշելու, որ ռուս-իրանական հարաբերությունների հարցում ծայրահեղությունների մասին խոսելն անիմաստ է, նախատեսվածին պես արդեն մոտ մեկ ամսից սպասվող ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում էլ երկկողմ ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթը կստորագրվի:
Իսկ եթե չլինի Իրանի կոշտ հակազդեցությունը, Նիկոլը մնում է այն վիճակում, որը նրա մոտ նկատվեց իր վերջին ասուլիսում աղմուկ հանած հայտարարությունները հնչեցնելու փուլում: Եվ հարցադրումներն էլ նրա համար նույնն են՝ ստորագրե՞լ «խաղաղության պայմանագիր»՝ կոմունիկացիաների հարցում շեշտը դնելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի վրա, թե՞ մնալ արեւմտյան առաջարկների տիրույթում, որքան էլ որ Ալիեւը շարունակաբար մերժում է այն: Թե ինչու, բացատրություններից մեկն էլ Զախարովայի նախօրեին այս հայտարարությունն էր. «Վստահ ենք՝ Բաքուն լավ է հասկանում՝ ինչու են Վաշինգտոնը եւ ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները ձգտում ամրապնդել իրենց դիրքերն Ադրբեջանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում, եւ լիովին գնահատում են ագրեսիվ ռազմական դաշինքի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը»: Իսկ այս տրամաբանության դեպքում արեւմտյան հարթակ Ալիեւի թեքվելու հեռանկարները մնում են շատ փոքր. եթե միայն նոր գլոբալ փոփոխություններ չլինեն, ինչը եւս այս պահին քիչ հավանական տեսք ունի»:
Եվ ահա, նախօրեին Նիկոլն ԱԺ-ում վերջապես որոշեց դետալային անդրադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ հատկապես կենտրոնանալով 9-րդ չարչրկված կետի վրա՝ հերթով ընթերցելով դրա դրույթները:
«Եկեք կարդանք՝ ինչ է գրված. «Ապաշրջափակվում են տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը միայն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու մասին չէ: Առաջին հերթին դրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Դա բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է, օրինակ Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ երկաթուղիներ…»: Ու նա միանգամայն ճիշտ է, ամեն դեպքում հենց այդ ուղղությամբ եւ տրամաբանությամբ էլ աշխատում էր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների եռակողմ խումբը, մինչեւ այդ աշխատանքների կանգ առնելը:
«Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: Ուշադիր լսեցի՞ք, երաշխավորը ՀՀ-ն է, եւ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որեւէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, այդ երթեւեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Եվ երաշխավորողը, եւ կազմակերպողը ՀՀ-ն է…»,- շարունակեց Նիկոլը, ու այստեղ եւս նա միանգամայն ճիշտ է՝ հենց դա էլ գրված է: Ու նա միանգամայն տեղին նաեւ եզրակացնում է՝ այստեղ Հայաստանի իրավազորության եւ սուվերենության դեմ ոչինչ չկա:
Հաջորդ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն: Չկա տենց բան գրված: Ու սա արդեն առնվազն տարօրինակ է. խոսքը ներկա լինելու կամ չլինելու մասին չէ, խոսքը «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողության» մասին է, հենց դա կարդաց Նիկոլը: Այդ վերահսկողությունն ինչպե՞ս կլինի, դա այլ՝ հետագա պայմանավորվածությունների թեմա է. արբանյակների՞ց կվերահսկեն, անօդաչուների՞ց, կնստեն գնացող-եկող ամեն գնացք ու կվերահսկե՞ն, ադրբեջանական ամեն գնացքի վրա ռուսական դրո՞շ կդնեն, թե՞ մի այլ կերպ: Բայց ինչ տեսքով էլ դա արվի, Հայաստանի սուվերենությանը չի կարող հարվածել:
Վերջապես, Նիկոլն ավարտեց. «Հաջորդը, գրված է, «Կողմերի միջեւ համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջեւանը Ադրբեջանի արեւմտյան շրջաններին կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»: Մենք համաձայն ենք, եկեք անցեք, ո՞վ է խանգարում: Ադրբեջանը համաձայն չի, որովհետեւ ասում է՝ չէ, անվտանգությունը դու չպետք է ապահովես: Մենք ստորագրել ենք, որ Հայաստանը պետք է դա ապահովի: Որեւէ տեղ գրված չէ, որ Հայաստանի ինքնիշխանությունը որեւէ կերպով սահմանափակվում է իր որեւէ տարածքի նկատմամբ»: Արդեն եկանք հավի ու ձվի պատմությանը, թեեւ ամեն բան շատ հստակ է. Հայաստանը «երաշխավորում է», ՌԴ ԱԴԾ՝ «վերահսկողություն իրականացնում»: Երաշխավորելն ու իրականացնելը տարբեր բաներ են, ինչքան էլ որ Նիկոլը փորձի այդ «իրականացման» պահը գցի «պապի բոստանը»:
Բայց լավ, անգամ այս «մեկնաբանման կարոտ» դրույթի պայմաններում, Նիկոլը նկարագրում է Հայաստանի համար միանգամայն ձեռնտու 9-րդ կետը: Ու այստեղ շատ պարզ հարց է առաջ գալիս: Եթե այդ կետը Հայաստանի համար շատ ձեռնտու է, եւ դեռ մի բան էլ Ադրբեջանն է մերժում, չէ՞ որ կա երրորդ կողմը՝ Ռուսաստանը, որը մի գլուխ հայտարարում է, թե հայ-ադրբեջանական պայմանագրի հիմքում պետք է դրվի հենց եռակողմ պայմանավորվածությունները՝ Նիկոլի այդքան գովերգած եւ Հայաստանին այդքան ձեռնտու 9-րդ կետով հանդերձ: Բա էլ ինչո՞ւ են մի գլուխ հայհոյում ռուսներին, փոխանակ վազեն, կողքները նստեն, թե միասին պարտադրենք Ալիեւին, ով չի ուզում հենց այդ կետով առաջ գնալ: Մինչդեռ հենց Ալիեւն է ռուսների կողքը նստած՝ իր հերթին անընդհատ խոսելով այդ կետի մասին:
Բայց հարցն այս պահին այլ է՝ տեսնես ի՞նչ պատահեց, Նիկոլը սկսեց գովազդել այդ կետը: