Ամեն ինչ ID քարտերի մասին
ԻրավականՀայաստանում վերջին տարիներին անձնագրային բաժանմունքների աշխատանքի մասին բողոքներ բազմիցս ենք լսում, հաճախ նաև ականատես լինում։
Ստացած բողոքների վերաբերյալ առանձնացված մի քանի հարցի պատասխան փորձել ենք ճշտել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանից։
1․ Ինչումն է խնդիրը, որ ՀՀ անձնագրայիններում ID քարտ հավելյալ վճարելու դեպքում շուտ չեն տալիս։
-Նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը հնամաշ է և հաճախ գործունեության ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ։ Ըստ այդմ՝ ծառայությունների պատշաճ մատուցման համար ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կառավարում է պահանջարկը՝ ժամանակ առ ժամանակ սահմանափակելով արագացված ծառայությունների հնարավորությունը։ Այսպիսով՝ կառավարվում է այն ռիսկայնությունը կամ մտավախությունը, որ Ծառայության և քաղաքացու միջև կկնքվի նույնականացման քարտի արագացված ծառայության մատուցման պայմանագիր, և սահմանված ժամկետներում քարտը չի տրամադրվի քաղաքացուն։
Ի լրացում այս ամենի՝ նոր նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի համակարգ ներդնելու համար պետությունն այս պահին մրցույթ է հայտարարել՝ պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցության ձևաչափով։
2. Ինչու է ID քարտի ստացման ժամկետը երկարել՝ դառնալով գրեթե մեկ ամիս՝ 21 օր։
-Ըստ նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, 9-րդ կետի՝ նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, ինչը նշանակում է 21 օրացույցային օր։ Վերոնշյալ կարգավորման մասով փոփոխություն տեղի չեն ունեցել։
3. Անձնագրայիններում ներդրված օնլայն հերթագրման համակարգը կա, բայց հերթերն անձնագրայիններում չեն դադարում, ինչո՞ւ ծրագիրը հույսերը չարդարացրեց։
-2023 թվականի մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում էին էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։ Օրեր առաջ Ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումքներում (նախկին անձնագրային ծառայություններում) ներդրվել է հերթերի կառավարման նոր տրամաբանությամբ համակարգ (օնլայն և կտրոնային համակցմամբ)՝ հավասարապես և՛ էլեկտրոնային հերթագրվելու, և՛ տեղում կտրոնով սպասարկվելու հնարավորությամբ։