Բա մինչեւ հիմա տիկին ՄԻՊ-ն ինչո՞վ էր զբաղված. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն եւ քաղաքացիների ակտիվ մասնակցություն, այլեւ` մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն: Այս համատեքստում նա ընդգծել է օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման, ինչպես նաեւ կայուն զարգացման խթանման կարեւորությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, շարունակելու է հանձնառու լինել դրանց ամրապնդմանը: Ու զարմանալին այն է, որ այսպիսի ճռճռան ելույթներ ժողովրդավարության մասին հնչեցնում է այն իշխանության ներկայացուցիչը, որի օրոք մեկ շաբաթում մանդատից զրկում են ընտրված Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամի, կալանավորում՝ Գորիսի ընտրված քաղաքապետին:
Անդրադարձանք օրվա իշխանության` ժողովրդավարության մասին պատկերացումներին, հիշեցինք գործադիրի նիստից հետո, երեկ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպը: Փշաքաղվելու հայտարարարությամբ հանդես եկավ տարիներ առաջ Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը։ Նա Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ մեղադրում է հանցագործություն կոծկելու մեջ: «Դուք ՄԻՊ եք, ձեզ բողոք է ներկայացված՝ տրված հաղորդման վերաբերյալ, 2023 թվականի հոկտեմբերի 5-ից պատասխան չի տրվել, դուք այդ բողոքը պիտի վարույթ ընդունեք, որոշում կայացնեք… Արձանագրեք, որ ՄԻՊ-ը հանցագործություն է պարտակել։ Քանի որ իրավապահ համակարգը գիտի, որ ես ճիշտ եմ՝ խուսափում է փաստերի հետ առերեսվել, ես էլ դիմեցի ՄԻՊ-ին՝ հուսալով, որ որպես պաշտոնատար, անկողմնակալ անձ ընթացք կտա, սակայն ՄԻՊ-ը խախտել է սահմանադրական օրենքը»,- ընդգծել է որդեկորույս մայրը: Մանասյանն էլ ի պատասխան հայտնել է, թե՝ պատրաստ է հանդիպել կնոջ հետ, սակայն այս պահին որեւէ պատասխան չունի, որովհետեւ գործի մանրամասներին ծանոթ չէ: Հետաքրքիր է՝ բա մինչեւ հիմա տիկին ՄԻՊ-ն ինչո՞վ էր զբաղված, չլինի՞, թե երգելով էր ընկել՝ Փաշինյանի տիկնոջ եւ գլխավոր դատախազի ընկերակցությամբ:
Մեզ շարունակում է զարմացնել Հունգարիայի վարչապետ ՎԻԿՏՈՐ ՕՐԲԱՆՆ իր հստակ քայլերով: Պարզվում է՝ նա պատրաստվում է դատի տալ Եվրահանձնաժողովին՝ Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանության ծախսերը վերականգնելու համար, ինչը, Բուդապեշտի խոսքերով, արժեցել է մոտ 2 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը։«Մենք պատրաստ ենք իրավական միջոցներ ձեռնարկել Եվրահանձնաժողովի դեմ այն բանից հետո, երբ այն մասնակի կամ ամբողջությամբ կփոխհատուցի այլ անդամ երկրների՝ Շենգենյան սահմանը պահպանելու համար կատարվող ծախսերը», - երեկ ասուլիսի ժամանակ ընդգծել է Գերգելի Գուլյասը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հունգարիան երկու միլիարդ եվրո է ծախսել Շենգենյան սահմանի պահպանության վրա՝ «առանց ԵՄ-ից որևէ նշանակալի ներդրում ստանալու»։ Ահա Արեւմուտքի ողջ պերճանքն ու թշվառությունը, ահա, թե ինչ բեռի տակ են ուզում մտցնել ՀՀ երբեմնի հպարտ քաղաքացուն:
Զարմացած է «Իրավունք»-ը