Հայաստանի Հանրապետությունում բնակչության կյանքի սպասվող տևողությունը 2023 թվականին կազմել է 77,7 տարի. վիճակագրություն
ՀասարակությունՀայաստանի Հանրապետությունում բնակչության կյանքի սպասվող տևողությունը 2023 թվականին կազմել է 77,7 տարի։ Գյուղական բնակչության կյանքի տևողությունը, նկատենք, փոքր-ինչ պակաս է՝ 77,5, իսկ քաղաքային բնակչության կյանքի տևողությունը՝ 77,8 տարի։
Ուշագրավ այս տվյալները հրապարակված են Վիճակագրական կոմիտեի՝ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տեղեկանքում։
ՎԿ-ի հաշվարկով՝ կանայք ավելի երկարակյաց են եղել, քան տղամարդիկ։ Ըստ այդմ՝ կանանց կյանքի տևողությունը կազմել է 81 տարի, ընդ որում՝ գյուղական բնակչության կանանց կյանքի տևողությունը 2023-ին եղել է 80,8 տարի, իսկ քաղաքային՝ 81,1 տարի։ Տղամարդկանց կյանքի տևողությունն էլ կազմել է 74,1 տարի։ Գյուղերի բնակիչ տղամարդկանց կյանքի տևողությունը, ի տարբերություն քաղաքում բնակվող տղամարդկանց, ավելի երկար է եղել՝ 74,2 տարի։ Քաղաքացի տղամարդիկ էլ 2023-ին ծննդից սկսած ապրել են 73,9 տարի։
Վիճկոմիտեն ամփոփել է նաև 2024թ. հունվար-հուլիս ամիսների կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։ 2024թ. hունվար-հուլիսին (նախնական տվյալներ) կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 122.9%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 141.2%-ի համեմատ։
Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 18 հազար 632 մարդ (2023-ի նույն ժամանակահատվածում ծնվել է 20 հազար 157 մարդ), մահացել է 15 հազար 166 մարդ (2023-ի հունվար-հուլիսին՝ 14 հազար 273 մարդ)։ Գրանցվել է 8 974 ամուսնություն և 2 626 ամուսնալուծություն։ 2023-ի համեմատ այս ցուցանիշները նույնպես աճել են՝ նախորդ տարի հունվար-հուլիսին գրանցվել էր ամուսնության 9 156 և ամուսնալուծության 2 590 դեպք։