«ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՎԱԶԱՐԻՈՎ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԼՅՈՎԱ ՍՐԱՊՅԱՆ
Ասուլիսներ - ՍԻՄԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Ձյուդոյի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի գավաթի փոխչեմպիոն, ծնունդով Գյումրեցի ԼՅՈՎԱ ՍՐԱՊՅԱՆԸ նվաճել է բրոնզե մեդալ։ Սա մեր երկրի միակ մեդալն էր այս առաջնությունում։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել Լյովայի հետ։ Նա այսպես մեկնաբանեց. - Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Ընդհանուր 7 գոտեմարտ եմ անցկացրել։ Ժամանակից շուտ վազարիով հաղթել եմ Սերբիայի ներկայացուցիչ Վեյլոկո Վարչիչին։ Մինչ այդ գոտեմարտել եմ ու հաղթել նաև Կոսովոյի, Նորվեգիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչներին ու երկու բուլղարացու։ Ընդհանուր հաղթել եմ 6 մրցակցի ,ափսոս պարտվեցի Իսրայելի ներկայացուցչին ու արժանացա բրոնզե մեդալի։ Որպես բարդ գոտեմարտ, կարող եմ առանձնացնել ֆրանսիացի մրցակցիս հետ թեժ պայքարը, քանի որ նա շատ ուժեղ մարզիկ է, Եվրոպայի չեմպիոն է։ Արդեն պիտի պատրաստվեմ Աշխարհի առաջնությանը։ Ամենամեծ երազանքս է նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։ Իսկ ահա Լյովայի անձնական մարզիչը ՆԱՐԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, այսպես բնութագրեց իր սանին.
- Լյովան շատ հեռանկարային մարզիկ է, շատ աշխատասեր է, նպատակասլաց։ Ես շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Եվրոպայի առաջնությունում ունենալ 6 գոտեմարտ ու հաղթել, սա շատ մեծ արդյունք եմ համարում, քանի որ շատ թեժ մրցակցություն էր գնում։ Ձյուդոն շատ բարդ մարզաձև է։ Նշեմ, որ մեր երկրից միայն Լյովային հաջողվեց մեդալ նվաճել։ Քանի որ շատ թեժ մրցակցություն էր գնում, մի քաշային կարգում հնարավոր է լինեն մի քանի մասնակիցներ։ Ի տարբերություն բռնցքամարտի, կարատեի ու հարվածային ոճի մյուս մենամարտերի, ձյուդոյի հիմքն են կազմում նետումները, ցավեցնող հնարքները, պահումները և պարտերի վիճակում խեղդելը։
Ձյուդոն, ըմբշամարտից առանձնանում է հնարքների կատարման ժամանակ ֆիզիկական ուժի ավելի քիչ օգտագործմամբ և թույլատրված տեխնիկական գործողությունների մեծ բազմազանությամբ։ Ձյուդոն ամբողջ աշխարհում շատ զարգացած մարզաձև է, մեր երկրում ևս զարգացած է։ Իսկ ահա, Հայաստանի ձյուդոյի հավաքականների թիմերի պատասխանատու, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ, մեզ հետ հանդիպման ժամանակ նշեց.
- Մեր երկրի թիմը ուժեղ կազմով էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը։ Շատ ուրախ եմ Լյովա Սրապյանի բրոնզե մեդալի համար։ Իսկապես, շատ մեծ մրցակցություն էր։ Լյովան 6 հաղթանակ տարավ բրոնզե մեդալի համար։ Շատ մեծ պայքար էր գնում։ Նշեմ, որ այս առաջնությանը մասնակցում էին 44 երկրի 511 մարզիկ, 275 տղա, 236 աղջիկ։ Շատ բարդ է այսօր ձյուդոյում արդյունք ցույց տալ ու մեդալ նվաճել։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ