Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ֆիլիպինների թիմին, Հայաստանի կանանց թիմը պարտվեց Հնդկաստանի հավաքականին
Սպորտ
Շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ֆիլիպինների հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5), իսկ հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2.5:1.5):
Այսօր Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով զիջեց Հնդկաստանի թիմին, որը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմն է։ Առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանի թիմին (2.5:1.5):