Գրեթե բոլորը խոսում են այդ գրողի տարած մրցույթից, նույնը եղավ 44-օրյա պատերազմի շեմին. Աղաջանյան
ՀասարակությունՀամացանցը հերթական անգամ ցնցվեց լուրից, որ ոմն տրանսգենդեր Դիանա Ղզրոյան ներկայացնելու է Հայաստանը Բրազիլիայում կայանալիք տրանսգենդերների գեղեցկության մրցույթին: Թվում էր, թե հանրային բողոքի ալիքը պետք է հասներ նրան, որ պետական մակարդակով թույլ չտրվեր, որպեսզի առաջին քրիստոնյա երկիրը մասնակցի նման մրցույթի: Սակայն, սոցցանցերում առկա քննադատությունը վերածվեց մի բան էլ «սեւ փիարի»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Ազգային արժեքների պաշտպանության ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ:
— Ժամանակին Դուք եւ Ձեր կազմակերպությունն ակտիվորեն պայքարում էիք համասեռամոլության քարոզի դեմ, երբեւէ կմտածեի՞ք, որ ոչ միայն տրանսգենդերները ոստիկանական բաժանմունքում ոստիկան կծեծեն, հետո ԱԺ ամբիոնից ելույթ կունենան, այլեւ կներկայացնեն Հայաստանը գեղեցկության մրցույթում:
— Դեռեւս սկսած 2013 թվականից ես ու իմ ընկերները պայքար սկսեցինք Երեւանի Մանկական զբոսայգին իրենց իրական տերերին՝ երեխաներին, վերադարձնելու համար: Այսինքն՝ պետք էր Մանկական զբոսայգին մաքրել տրանսգենդեր մարմնավաճառներից: Այն ժամանակ ինչ-որ չափով ստացվեց մեզ մոտ, քանի որ Երեւանի քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, այգին ցանկապատեցին, տեղադրեցին դարպասներ, ժամը՝ 22:00- ից սկսած այգի չէիր կարող մուտք գործել, տեղադրվեցին օնլայն տեսանկարահանող տեսախցիկներ: Փաստացի մեր առաջարկները Երեւանի քաղաքապետարանը կատարեց: Իսկ ոստիկանության կողմից նաեւ գիշերվա ժամերին իրականացվում էր հերթապահություն: Եվ այս ամենով պայմանավորված՝ ոչ ոք չէր կարող մտածել անգամ, որ տրանսգենդերները կարող են մտնել ոստիկանության շենք կամ ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից, էլ չասեմ՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել ցանկացած մրցույթում:
— Տեսեք, բոլորն այսօր խոսում են արժեքային պայքարի մասին, բայց այս հարցում սահմանափակվում մի քանի ֆեյսբուքյան գրառումներով: Ի՞նչ է փոխվել, չէ՞ որ առնվազն Դուք գիտեք արդյունավետ պայքարի այլ մեթոդներ:
— Այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր խնդիրը երկրի անվտանգությունն է, ինչպես նաեւ դավաճան իշխանություններից օր առաջ ազատվելու խնդիրը, դրա համար էլ, որպես այդպիսին, առանձին պայքար չի իրականացվում: Ազատվելով դավաճան ու թուրքի կամակատար իշխանություններից՝ նոր կարող են այս բոլոր թվարկված հարցերը կարգավորվել:
— Ինչո՞ւ հասանք այս օրվան, որովհետեւ երկրի ղեկավարի անձնական պաշտպանության ներքո՞ են տրանսգենդերները, որովհետեւ ՀՀ ոստիկանությունը տղուն աղջկա, աղջկան՝ տղու անձնագի՞ր է այլեւս տալիս, թե՞ Եվրամիություն մտնելու առաջին քայլը՝ տրանգենդերներին առաջին շարք բերելն է, ինչի համար բոլորը դավադիր լռությամբ հանդուրժում են այս ամենը:
— Հասանք այս օրվան, քանի որ տարիներ շարունակ, իսկ մասնավորապես՝ այս վերջին 6 տարիների ընթացքում ավելի ագրեսիվ ձեւով հանրությանը սկսվեց մատուցվել այն իրականությունը, որը մարդիկ ուզում էին տեսնել՝ դրանով հեռու պահելով իրական խնդիրներից: Տեսեք, այսօր ունենք սահմանին թշնամու կուտակումներ, բայց գրեթե բոլորը խոսում են այդ գրողի տարած գեղեցկության մրցույթից: Նույնը եղավ 44-օյա պատերազմի շեմին: Այդ ժամանակ եթե կհիշեք, օրվա լրահոսը լցված էր քաղաքական հետապնդումներով ու դատավարություններով, կարճ ասած՝ այն, ինչ ուզում էին տեսնել Նիկոլին իշխանության բերած մարդիկ: Այնինչ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա բոլորիս համար առաջնային պետք է լինի պետության անվտանգությունը եւ, առհասարակ, Հայաստանի պետականությունը:
— Փաստորեն, ի՞նչ է ստացվում, ինքնիշխան, անկախ ու ժողովրդավար լինելու մեր երկրի ցուցիչն այսօր դարձել է այն, որ տրանսգենդերը միջազգային մրցույթում Հայաստա՞նն է ներկայացնում:
— Նախ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, անկախ ու ժողովրդավար չէ: Հայաստանում, բոլորիս էլ հայտնի է, որ կան մի շարք քաղբանտարկյալներ՝ ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ