Ալիեւը չի կարող անտեսել Իրանի ռազմական պեոտենցյալը
ՎերլուծությունԱլիեւի համար, թերեւս, կտրուկ քայլերի չգնալու հարցում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292930&l=am) ազդակ է նաեւ այն իրավիճակը, որն այս պահին կա Իրանի շուրջ: Թեհրանը, ճիշտ է, նոր նախագահի օրոք հայտարարում է, որ պատրաստ է Արեւմուտքի հետ բանակցությունների, սակայն նախօրեին տեղի ունեցած մեկ իրադարձություն այդ կապակցության որոշ բաներ հուշում է:
Այսպես, նախօրեին հայտնի դարձավ, որ Եմենի հուսիթները հրթիռային հաջող հարված են հասցրել Թել Ավիվին: Դա մեկ բան է նշանակում՝ իսրայելյան գովերգված «Երկաթե գմբեթն» անզոր է եղել անգամ այդ միակ հրթիռը որսալու համար: Պատկերն ավելի լրջացավ, երբ հայտնի դարձավ, որ այդ հարվածը կանխելու համար Իսրայելը կանխարգելող 20 հակահրթիռ է արձակել, բայց ապարդյուն: Ամեն ինչ հասկանալի դարձավ, երբ հուսիթները տարածեցին տեղեկություն, որ հարվածել են հիպերձայնային հրթիռով:
Այն, որ իսրայելյան «Երկաթե գմբեթի» համար հիպերձայնային հրթիռներն անխոցելի են, հասկանալ կարելի է: Ամբողջ հարցն այստեղ այն է, թե հուսիթներին այդ որտեղի՞ց հիպերձայնային թեւավոր հրթիռ, որից չունի ոչ միայն Իսրայելը, այլ նաեւ` ԱՄՆ-ն: Չնայած, կարելի է կռահել` երեւի Իրանից: Իսկ Իրանի՞ն որտեղից նման տեխնոլոգիա…
Ասենք, կարելի է կռահել նաեւ, թե Իրանին նման տեխնոլոգիաներ որտեղից: Առավել եւս, երբ Bloomberg-ը տարածեց նման տեղեկատվություն՝ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան լրջորեն մտահոգված են, որ Ռուսաստանն Իրանին տրամադրում է գաղտնի տեղեկատվություն եւ տեխնոլոգիա, որն ավելի է մոտեցնում միջուկային զենք ստեղծելուն:
Այս իրավիճակն իրոք բավականին լուրջ փակուղիներ է ստեղծում Վաշինգտոնի համար, անկախ նրանից , թե սպասվող ընտրություններից հետո ով կլինի Սպիտակ տանը: Այսինքն, եթե ԱՄՆ-ն տեւական ժամանակ էական ջանքեր էր գործադրում Ուկրաինան զինելու, այդ թվում՝ ժամանակակից զենքով եւ հակառուսական պլացդարմ դարձնելու համար, ապա հիմա Մոսկվան պարզ ցույց տվեց, որ նույն մոտեցումը կարող է նաեւ ինքը օգտագործել, եւ այն, որ Վաշինգտոնն օվկիանոսից այն կողմ է, դա քիչ նշանակություն ունի: Այսինքն, կոնկրետ դեպքում թիրախում է Թել Ավիվը, ինչն ամերիկյան ցանկացած վարչակազմ ստիպված կլինի ընկալել` որպես հենց Վաշինգտոնի թիրախավորում: Ավելին, որ այդ թիրախավորումն իրականացվում է այնպիսի զինատեսակներով՝ հիպերձայնային հրթիռներով, որոնք, կրկնենք, անգամ ԱՄՆ-ն չունի: Նաեւ, դեռ հարց է, թե ուրիշ ո՞վ կարող է հիպերձայնային հրթիռներով հարվածել Իսրայելին, օրինակ, կարո՞ղ է այդ հնարավորությունը նաեւ Հզբոլլահն ունի: Կամ կարո՞ղ է այն տարածվել Մերձավոր Արեւելքից դուրս: Օրինակ, պարզվի, որ հիպերձայնային հրթիռներ կարող են արձակել նաեւ աֆրիկյան մի շարք երկրներ, որոնք ջերմ հարաբերությունների մեջ են Մոսկվայի հետ: Իսկ ի՞նչ կլինի, եթե նման տեխնոլոգիաներ հայտնվեն այնպիսի վայրերում, որտեղից, օրինակ, հնարավոր է Կարմիր ծովի օրինակով փակել նաեւ Միջերկրական ծովից երկրորդ ելքը՝ Ջիբլարթարը, որը Լոնդոնը համարում է պապենական սեփականության պես մի բան:
Վերջապես, եթե մինչ այս Իսրայելը նման ռիսկի դեմ ուներ միջուկային զենք, ընդ որում, տարածաշրջանում ունենալով մոնոպոլիստական դիրքեր, հիմա արդեն Վաշինգտոնն ու Լոնդոնը պետք է մտածեն՝ այդ մոնոպոլիան գոյություն ունի՞, թե՞ արդեն իսկ Իրանն ունակ է միջուկային սպառնալիքին համարժեք պատասխան տալ:
Այսպիսով, մեկ բան հաստատ է. աշխարհի այն ռազմական տեսքը, որը գոյություն ուներ դեռ 2022թ.-ին, շատ արագ եւ հետեւողականորեն փոխվում է: Իսկ դրա օրինակներից կարելի է նույն հուսիթներին համարել. պատկերացնո՞ւմ եք, ամերիկյան մի քանի ավիակիրային խմբեր այդպես էլ չկարողացան ճնշել հուսիթներին եւ բացել այդքան կարեւոր Կարմիր ծովով ազատ նավարկությունը:
Այս իրավիճակը, իհարկե, լուրջ խնդիր է դառնում նաեւ Թուրքիայի համար: Օրինակ, օրերս թուրքական հեռուստատեսությունը լուրջ անհանգստությամբ էր խոսում Իրանի ներկա ռազմական մակարդակի եւ, առաջին հերթին՝ անօդաչուների եւ հրթիռային համակարգերի մասին՝ դրանք գնահատելով, որպես աշխարհում լավագույններից, եւ որոնց ֆոնին այդքան գովերգված «Բայրաքթար»-ները զրոյական էֆեկտիվություն ունեն: Դա, ըստ էության, խոստովանություն է, որ ռազմական պոտենցիալի առումով Թուրքիան սկսել է էապես հետ մնալ Իրանից, եւ անգամ ՆԱՏՕ-ի թիվ 2 պետություն ներկայանալը դրա վրա մեծ հաշվով չի ազդում: Իսկ ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ Իրանը նաեւ սեփական միջուկային զենքն ունի: Արդյունքում, Անկարայի համար կա´մ մնում է ՆԱՏՕ-ի, այն է՝ ԱՄՆ-ի վասալային կարգավիճակը պահելը, որը զրոյացնում է Էրդողանի տարիների ջանքերը: Կա´մ պետք է մտածի սեփական ռազմական պոտենցիալի կտրուկ արդիականացման մասին, որի համար մեծ փողեր եւ համապատասխան տեխնոլոգիաներ են պետք: Վերջապես, կարող է գնալ նաեւ Իրանի հետ պայմանավորված ստատուս-քվո սահմանելու ուղղությամբ, եւ այս դեպքում պետք է հաշվարկները կապի ռուսական ուղղության հետ:
Այս իրավիճակը, իհարկե, Ալիեւը նույնպես չի կարող շրջանցել: Եթե հաշված տարիներ առաջ կարող էլ փորձել Իրանի հետ խոսել հավասարի ձայնով՝ հույսը դրած Թուրքիայի եւ Իսրայելի վրա, հիմա արդեն իրողությունները միանգամայն ուրիշ են: Դե ուրեմն, կգնա՞ Ալիեւը կտրուկ քայլերի, որոնք Իրանը ցուցադրաբար եւս մեկ անգամ հռչակեց «կարմիր գիծ»…