Ֆրանսիայի առաջին տիկինը նկարահանվել է Netflix-ի հանրահայտ «Էմիլին Փարիզում» սերիալում
ՀասարակությունՖրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը նկարահանվել է Netflix հոսքային հարթակում հայտնի «Էմիլին Փարիզում» կատակերգական սերիալի նոր եթերաշրջանում: Նա հանդես է եկել էպիզոդիկ դերում, հայտնում է bbc.com-ը։
Netflix-ում թողարկվել է սերիալի չորրորդ սեզոնի երկրորդ մասը։ Ֆրանսիայի նախագահի կինը էկրաններին է հայտնվել 7-րդ սերիայում:
Ըստ սյուժեի՝ Չիկագոյի բնակչուհի Էմիլի Կուպերը (մարմնավորում է դերասանուհի Լիլի Քոլինզը) տեղափոխվում է Փարիզ։ Վերը նշված դրվագում նա ռեստորանում հանդիպում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ հետ, որին մարմնավորում է հենց Մակրոնը:
71-ամյա առաջին տիկնոջ մասնակցությամբ տեսարանը կարճ է: Դրանում գլխավոր հերոսուհին՝ Էմիլին, նկատելով առաջին տիկնոջը, մոտենում է նրան և խնդրում սելֆի անել:
«Նա մեր շոուի մեծ երկրպագու է», - պատմել է Քոլինզը Elle-ին՝ ընդգծելով, որ առաջին տիկնոջ հետ նկարահանվելը մեծ պատիվ էր և հաճույք:
Քոլինզի խոսքով՝ ինքը՝ Բրիջիթ Մակրոնն է հանդես եկել սերիալում նկարահանվելու խնդրանքով: Սակայն Ելիսեյան պալատից ֆրանսիական լրատվամիջոցներին պաշտոնապես հայտնել են, որ խնդրանքն իրականում եղել է շոուի պրոդյուսերներից։
Բրիջիթ Մակրոնը դերասանական փորձ ունի. հենց այս առարկան էր նա դասավանդում ավագ դպրոցում 1993 թվականին, երբ առաջին անգամ հանդիպել է Ֆրանսիայի ապագա նախագահին, այն ժամանակ 15-ամյա Էմանուել Մակրոնին: 14 տարի հետո նրանք ամուսնացել են: