Ջեկոն ծառի վրա ձու է ածում. ինչ են «ծխում» ԿԳՄՍՆ-ում
ՀասարակությունԻ՞նչ է կատարվում դպրոցներում: Միտումնավոր բոլորին փորձում են տանել տհասությա՞ն, թե՞ իրենց իսկ տհասությունն են ի ցույց դնում:
Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել տարրական դասարանների դասագրքերում տեղ գտածը, որը, ուղղակի, խայտառակություն է: Ինչ խոսք, մի քանի օր դրանք կապահովեն օգտատերերի հետաքրքրությունը, ոմանք կփորձեն որքան ուժ ունեն սրամիտ գտնվել ու հումորներով պարուրել մեկնաբանությունները ու… Ու վերջ՝ կանցնի կգնա: Իսկ մեր սերունդը պիտի հստակ մեծանա այն համոզմամբ, որ շունը ծառի վրա է ու ավելին՝ ձու է ածում:
Իսկ ծնողներն ու ուսուցիչները դեռ լուռ են, պատկան մարմինների առջեւ հարց բարձրացնելը մնացել է մի քանի անհատի ուսերին: Մի՞թե որեւիցե ծնող ուսուցչին հարցրել է, թե այս բովանդակությամբ դասագրքերով մեր երեխաներին ո՞ւր եք տանում: Թե՞ միգուցե վերջապես իշխանությունը ցանկանում է ապացուցել այն թեզը, որ իսկապես կոկորդիլոսները թեւեր ունեն եւ թռչել գիտեն:
Լռում են, չէ՛, ծիծաղում ու նոր լռում են բոլորը, արդյունքում՝ «Արմենչիկն ու Նոնան» են տուժում՝ ստիպված լինելով ընդունել այն փաստը, որ իրենց բակի Ջեկոն ծառի վրա ձու է ածում, իսկ դպրոցի տնօրենը այդպես էլ չի հասկանում, որ մեծացել է եւ դպրոցում բոլորն իրեն են սպասում (այս դեպքում էլ տնօրենն է դառնում տհաս՝ «Արմենչիկի եւ Նոնայի» աչքերում):
Հը, պարոնա՛յք արիստոկրատներ, էհ, ի՞նչ ենք ասում, պաշտոնյաներ, էլի՞ միտում չեք տեսնում, թե՞ ձեզ չտեսնելու եք տալիս, հանկարծ տրամադրություններդ չընկնի: Թեեւ ձեր տրամադրությունը ինչի՞ պիտի ընկնի, տուժողը հո դուք չեք...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ