Մայրս շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով. «Իրավունք TV»-ի հյուրը «Նոր Ալիք 2024»-ի հաղթողն է
Տեսանյութեր«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթից երգչուհի ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ վերադարձել է հայրենիք բացարձակ հաղթանակով: Նա հյուրընկալվել է «Իրավունք TV»-ի տաղավարում եւ խոսել ոչ միայն հաղթանակի մասին, այլեւ փակագծեր բացել անձնական կյանքից:
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԻՄ ԵՐԳԵԼՆ Ի ՎԵՐՈՒՍՏ Է ՏՐՎԱԾ»
— Անահիտ, ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել երգով:
— Ութ տարեկանից: Հաճախել եմ Ալ. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց եւ ավարտել եմ երգեցողության բաժինը: Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, եղել է «Աստղիկ» նախագիծը, ու այդտեղից էլ սկսվել է իմ ակտիվ գործունեությունը: Այնուհետ շատ տարբեր մրցույթների եմ մասնակցել՝ «X ֆակտոր», «Հայաստանի ձայն» եւ այլն: Ունեմ նվաճած առաջին, երկրորդ տեղեր: Բոլորովին վերջերս մայրիկիս հետ նստած` նայում էինք պատվոգրերս եւ նկատեցինք, որ հիմնականում հաղթել եմ մրցույթներում: Շատ քիչ է եղել, որ երկրորդ կամ երրորդ տեղ եմ գրավել: Պիտի ասեմ, որ իմ ընտանիքի անդամները բավականին երաժշտական մարդիկ են, բայց չունենք երգիչներ: Պապիկս խաղացել է թատրոնում: Մեր գեների մեջ կա մշակույթը: Ընտանեկան հավաքների ժամանակ միշտ երգել եմ, ելույթ եմ ունեցել, եւ բոլորը հիացել են ինձնով: Կարծում եմ՝ իմ երգելն ի վերուստ է տրված:
— Ինչպե՞ս որոշվեց, որ այս տարի Դուք պետք է Հայաստանը ներկայացնեք «Նոր ալիք»-ում:
— Հայաստանում տեղի ունեցավ ազգային նախընտրական փուլ, եւ ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ու Անաստասիա Մուխինան, ով երաժշտական պրոդյուսերն էր, եկել էին Հայաստան եւ մեր հայ արտիստների`Սոնա Ռուբինյանի, Էրիկի եւ մյուսների հետ, ովքեր մասնակցել էին այդ մրցույթին եւ բավականին լավ էին ներկայացել, համատեղ անցկացրին այդ նախըտրական փուլը: Այսինքն՝ նրանք այս տարի ժյուրիի կազմում էին: Եղել էին հազարավոր հայտեր, որոնցից ընտրվել էր 30 մասնակից: Այդ 30 մասնակիցներից մեկը ես էի: Գնացինք Մոսկվա՝ կիսաեզրափակչին մասնակցեցինք, եւ այնտեղ երկու օր պայքարից հետո՝ ընտրվեցի ես:
— Ետնաբեմում ի՞նչ էր կատարվում, մասնակիցները շփվո՞ւմ էին իրար հետ, կա՞ր լարվածություն:
— Ինձ մոտ ավելի շատ գերպատասխանատվություն էր՝ երկիրը ներկայացնելու եւ, կարծում եմ՝ մրցույթի ցանկացած մասնակից պարտավոր է պատվով ներկայանալ, որովհետեւ չես ներկայացնում միայն քեզ, այլ մի ամբողջ պետություն ես ներկայացնում: Բնականաբար, լարվածություն կար, եւ դա ավելի հաճելի լարվածություն էր, որն ուղեկցում էր ցանկացած արտիստի: Շփվեցի մեծանուն երգիչների` Ֆիլիպ Կիրկորովի, Իգոր Կռուտոյի, Օլեգ Գազմանովի հետ՝ մարդիկ, որոնցով մանկուց հիացել եմ ես եւ միշտ պատկերացրել եմ, որ կգա մի օր, երբ կտեսնեմ ու կշփվեմ նրանց հետ: Առհասարակ, եթե ունես երազանքներ, պետք է աշխատես, որ հասնես դրանց: Հավատը սեփական ուժերի նկատմամբ շատ կարեւոր է, բայց դրան պետք է գումարել նաեւ անդադար աշխատանքը:
«ԵՍ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴ ԵՄ, ՈՎ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԹԱԿԵԼ ԴՌՆԵՐ»
— Երեք երգ ներկայացրիք, եւ երեքն էլ բարձր գնահատականներ ստացան, սակայն ո՞ր երգն է Ձեզ առավել հոգեհարազատ:
— «Հայ երկինք»-ը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Ռուզաննա Անդրեասյանինը: Դա միայն երգ չէ, դա աղոթք է, եւ այդ երգն իմ սրտում ուրիշ տեղ ունի: Երկրորդ երգը՝ «Мой путь» երգն է (հեղինակ` Սյուզաննա Թովմասյան). այդ երգը, կարծես, իմ անցած ճանապարհն է, եւ որը դեռ պիտի անցնեմ:
— Կայի՞ն մասնակիցներ, որոնք Ձեր մեջ, որպես մրցակից, անհանգստություն էին առաջացնում:
— Իհարկե, մրցույթին մասնակցելիս պիտի հաղթողի հոգեբանությամբ մասնակցես, բայց երբեք չթերագնահատելով մրցակիցներին: Իմ արտիստ գործընկերները շատ տաղանդավոր էին` թե՛ Մալթայի ներկայացուցիչը, թե՛ Չինաստանի, թե՛ Վրաստանի: Իսկապես տաղանդավոր մասնակիցներ էին, բայց մեկ այլ բան է, երբ փորձերին շատ լավ ներկայանում ես, ու բոլորովին այլ է, թե բեմում ինչպես կներկայանաս: Երբեմն էմոցիաները խանգարում են, ու դու չես կարողանում ճիշտ ձեւով ներկայանալ: Դա եղել է միշտ, ուղղակի տարիների ընթացքում շտկում ես, եւ քիչ-քիչ ստացվում է, բայց բարդ է: Առհասարակ, մրցույթներին մասնակցելն ինքնին բարդ է: Գիտես, որ առջեւումդ նստած ժյուրին քեզ պետք է դատի, ու այդ միտքը արդեն բավական է, որ դու լարվես, ու էմոցիաներդ տեղի տան:
— Ինչո՞վ էր պայմանավորված այն փաստը, որ մեկնեցիք «Նոր ալիք» մրցույթին մասնակցելու մենակ՝ Ձեր սիրելի տղամարդու հետ: Ձեզ հետ չկար պրոդյուսեր, հովանավոր եւ այլն:
— Ի սկզբանե ես չեմ ունեցել պրոդյուսեր, փիառ մենեջեր: Ես միշտ մենակ եմ եղել, ու ինձ միշտ ուղեկցել է իմ Նժդեհը: Բայց այս ողջ ճանապարհը ես անցել եմ մենակ: Նախընտրում եմ մենակ անցնել այդ ճանապարհը, բայց կանգնել ու հպարտանալ ինքս ինձնով: Իհարկե, հաճելի է, երբ քեզ օգնում են, բայց ես այնպիսի մարդ եմ, ով չի սիրում թակել դռներ: Ամբողջ ֆինանսական ծախսերը արել եմ ինքնուրույն:
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ»
— Խոսենք Նժդեհից. համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես է նա Ձեզ ամուսնության առաջարկ անում, իսկ Դուք նրան հրում եք եւ գցում ջուրը…
— Դա եղել է մեկ տարի առաջ, դա ամուսնության առաջարկ էր՝ իմ ծննդյան տարեդարձի օրը: Ըստ իր կողմից կազմված սցենարի, մենք երկուսով պետք է ընկնեինք լողավազանը, սակայն իմ ոտքը սայթաքում է: Ամուսնության մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Աստված ինչպես կցանկանա…
— Վերադառնանք մրցույթին. դուք բեմում առանձնահատուկ էիք նաեւ Ձեր զգեստներով: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ֆանտաստիկ տաղանդավոր դիզայներ եւ մարդ Արայիկ Գաբաջյանին: Ես շատ վստահում եմ նրան եւ նրա ճաշակին: Լսելով երգերս՝ նա անմիջապես հասկացավ, թե ինչ ոճով պետք է ներկայանամ: Նա իսկապես իր գործի մասնագետն է, եւ շատ ուրախ եմ, որ մեր համատեղ համագործակցությունը ստացվեց: Վստահ եմ, որ դեռ երկար տարիներ մենք միասին կաշխատենք, որովհետեւ իրար կես բառից հասկանում ենք: Ինքը լավ գիտի, թե ինձ ինչ է հարկավոր, ինչն ավելի ազդեցիկ կլինի, ինչի համար խոնարհվում եմ նրա առջեւ: Նաեւ ցանկանում եմ շեշտել, որ «Նոր ալիքի» պատմության մեջ առաջին մասնակիցն եմ, ով ներկայացավ իր դիզայների հագուստներով, որովհետեւ նման դեպք դեռ չի գրանցվել: Կարծում եմ՝ եթե Արայիկը չլիներ, այդ աստիճան չէր լինի շքեղությունը:
— Որպես կայացած երգչուհի՝ ինչպիսի՞ն կլինի Ձեր խորհուրդը երիտասարդ, սկսնակ երգիչ-երգչուհիներին:
— Պիտի ասեմ, որ ծնողի դերը շատ կարեւոր է սկսնակ արտիստի կյանքում: Գիտեմ պատմություններ, երբ ծնողը թույլ չի տալիս երեխային շարունակելու երգարվեստը, բեմական կյանքը: Բայց, կարծում եմ, եթե մարդուն տրված է այդ տաղանդն ի վերուստ, ապա ծնողը պետք է զբաղվի երեխայով: Իհարկե, հետո կգա մի տարիք, երբ ամեն բան կախված է լինում հենց ինքդ քեզնից: Օրինակ, իմ մայրը փոքր տարիքից, ձեռքս բռնած տարել է ինձ առաջ, ինչի համար երախտապարտ եմ նրան մինչեւ կյանքիս վերջ: Նա շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով: Հետո եկավ այն ժամանակաշրջանը, որ ես արդեն ամեն բան պիտի անեի ինքնուրույն: Մարդ պետք է հասկանա ինչքանով է սիրում իր մասնագիտությունը, ինչքանով է այն կարեւոր իր համար: Ոչինչ հեշտ չի տրվում: Ես չափազանց շատ եմ աշխատում` անգամ որոշ բաներ զոհելով: Հաճախում եմ ոկալի, պարի: Լինում է անգամ շրջան, երբ ես ժամանակ չեմ ունենում ընկերներիս, ընկերուհիներիս տեսնել: Միայն հասցնում եմ գալ տուն եւ քնել, որպեսզի նոր ուժով արթնանամ: Սակայն խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են անցնել այս ճանապարհը, քրտնաջան աշխատեն: Ամենից կարեւոր գիծն արտիստի կյանքում, դա ինքնաքննադատ լինելն է, ու կարեւոր է, որ հողից չկտրվի արտիստը: Ես երբ նայում եմ իմ ցանկացած ելույթ, հարցազրույց, հասկանում եմ, որ ես կարող եմ մեկ տարի անց ավելի լավ ներկայանալ, ու դրա համար պետք է անդադար աշխատել, որովհետեւ սա մի պրոցես է, երբ պետք է գնահատես քո առավելություններն եւ տեսնես թերությունները: Եվ ամենակարեւորը՝ չմրցել ուրիշի հետ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ