Իրան-ՌԴ ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան այցի ընթացքում. իրանցի պաշտոնյա
ՄիջազգայինԻրանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Ռուսաստան այցի ընթացքում, ասել է Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը։
«Նա նշել է, որ երկու պետությունների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»,- հայտնում է Tasnim գործակալությունը, որի հետ զրուցել է Զոհրևանդը։
Նա նաև կրկնել է Իրանի իշխանությունների դիրքորոշումն այն մասին, որ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին արևմտյան պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Իրանցի քաղաքական գործիչը նշել է, որ եվրոպական երկրների կառավարությունները փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա, որպեսզի խոչընդոտեն Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործընթացին։
Սեպտեմբերի 10-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը ավարտում է ներքին պետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Մոսկվայի և Թեհրանի միջև նոր հիմնարար միջպետական համաձայնագրի ստորագրմանը ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու համար։ Շոյգուի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Փեզեշքիանը հայտարարել է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ Իրանի կառավարության աշխատանքի մասին։