Վարչապետը այդ կերպ ազդարարեց, որ ավարտվել է հեղափոխոխության ռոմանտիզմի ժամանակահատվածը եւ մենք մտնում ենք դաժան պրագմատիզմի դարաշրջան․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում
ՀանդիպումՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սափրվելը իր վրա բևեռեց հայաստանյան հասարակության ուշադրությունը։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մորուքն առաջին անգամ սափրել է հեղափոխությունից ուղիղ 6 տարի 6 ամիս ու 6 օր հետո՝ 2024թ. նոյեմբերի 14- ին։ Պատահականությո՞ւն էր սա, թե՞ օրվա ընտրությունը իր մեջ հատուկ սիմվոլիկա է պարունակում, ինչպես նշում են այսօր շատերը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց․
- Ես չգիտեմ այդ օրերը ոնց են հաշվարկել, բայց, այո, ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը որեջէ բան այն էլ հանրային ընկալման մակարդակով հենց այնպես չի անում, եւ սափրվելը, իմ անձնական տեսակետով իհարկե, նույնպես նշանակում է ինչ-որ բան։ Ես գտնում եմ, որ վարչապետը այդ կերպ ազդարարեց, որ ավարտվել է հեղափոխոխության ռոմանտիզմի ժամանակահատվածը եւ մենք մտնում ենք դաժան պրագմատիզմի դարաշրջան։
-Պարոն Աղազարյան, նոյեմբերի 15-ին կայացած Կառավարության նիստում, Փաշինյանը, խոսելով իրավապահների աշխատանքի մասին, նշեց, որ դատաիրավական համակարգին իրենք տրամադրել ենք այն ամենը, ինչ պահանջվել է, եւ այժմ ակնկալում են արդյունքներ։ Կարծես ակնկարկելով, որ ոչինչ իր սրտով չէ եւ առաջիկայում որոշումներ են լինելու։ Հնարավո՞ր է, որ հենց Ձեր՝ իրավապահ համակարգի նկատմամբ ելույթները ազդակ են հանդիսացել Նիկոլ Փաշինյանի համար։
-Ես չէի կապի, ամեն դեպքում մենք գիտենք վարչապետի գործելաոճը, նա հարգելով բոլոր ինստիտուտների ներկայացուցիչներին, այնուամենայնիվ սթափ դատում է իրականությունը եւ հանդես գալիս համապատասխան որոշումներով ինքնուրույն։ Վարչապետը մինչեւ ինքը չի համոզվում որեւէ մեկի ասածով որոշում չի կայացնում։
-Այսինքն չկան ՔՊ ներկայացուցիչներ, որոնց ասածները վարչապետը, ընդունում է ի գիտություն, եւ ըստ այդմ որոշում կայացնում այս կամ այն պաշտոնյաի նկատմամբ։
-Ոչ, չկա այդպիսի մեկը, որ կարող է ճնշում գործադրել վարչապետի վրա այս կամ այն որոշումը կայացնելու իմաստով։ Եթե նույնիսկ դրա էլեմենտները զգացվեն, ապա դա նշանակում է, որ ինքն է թույլ տվել։ Որովհետեւ այն մարդիկ, ովքեր հավատարիմ են համարվում շատ լավ ճանաչում են վարչապետին, եւ հետեւաբար գիտեն, որ չի կարող որեւէ մեկի համոզմունքը այս կամ այն անձի նկատմամբ ազդել վարչապետի վերջնական որոշման վրա։ Վարչապետը ինքն է որոշում, երբ ում հետ ոնց պետք է վարվել, նրա վրա որեւէ մեկը չի կարող ազդել։
-Պարոն Աղազարյան, ասում են, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռեւս օրակարգում է։
-Վստահեցնում եմ Ձեզ, որ այդ հարցը փակված է, այնպես որ ինչքան էլ ջան որոշ ընդդիմադիր ուժեր այդ հարցը, իբր տաք պահել, անիմաստ է, մենք կուռ ենք ինչպես երբեւէ։