Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը․ Մելիքյան
Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով իր՝ «Նոայի» տնային խաղերին մասնակցելու արգելքին․
«Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը, բայց հանգամանքները հակառակը ստիպեցին: Մոտ 3 ամիս առաջ Փյունիկ ֆուտբոլային ակումբում զանգ հնչեց Նոայի ներկայացուցչից, որի անունը չեմ ցանկանում բարձրաձայնել այս պահին… տեղեկացվեց, որ իմ մուտքը` Աբովյանում կայանալիք իրենց տնային խաղերին արգելված է:
Իսկ պատճառը` այս տարվա մայիսին Շենգավիթում կայացած խաղի ելքն էր, որը ես ու իմ թիմը տարավ` օգտագործելով իմ սիրելի ֆիլմից` Գլադիատորից, որոշ դրվագներ ու ևս մեկ գաղտնիք` ես որպես գլխավոր մարզիչ, թիմիս մոտիվացնելու տարբեր մեթոդներ ունեմ: Նոայում այդ փաստը, ըստ երևույթին, շատ ցավագին են ընդունել ու որոշել պատժամիջոց կիրառել իմ նկատմամբ` զրկելով ինձ այն մարզադաշտ մուտքից, որտեղ ես թողել եմ իմ առողջությունը` պաշտպանելով Հայաստանի հավաքականի գույներն ու մեր երկրի դրոշը:
Եթե Նոայից փորձեն հերքել անձնական վրեժխնդրությունը և կապել սա այլ թեմաների հետ, կներկայացնեմ փաստեր: Կոչ եմ անում այս ակումբին լինել զուսպ և համեստ: Ֆուտբոլի հիմքում ընկած է հարգանքը և այլ բազում արժեքներ, բայց վերջում միայն ֆինանսները»: