Ցուցադրվել է աշխարհում առաջին ձգվող էկրանը, որը կարող է ընդլայնվել 50%-ով
ՀասարակությունՀարավկորեական LG Display ընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է աշխարհում առաջին իսկապես ձգվող ճկուն էկրանը, որը կարող է ընդլայնվել 50%-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է։ Արտադրողը նոր էկրանը ցուցադրել է ոլորտի ներկայացուցիչների, գիտնականների և հետազոտողների հետ հանդիպմանը, որոնք ներգրավված են ձգվող էկրաններ ստեղծելու նախագծերում:
Ձգվող էկրանների ստեղծման տեխնոլոգիան համարվում է բեկումնային, քանի որ նման էկրանները կարող են ազատ փոխակերպվել տարբեր ձևերի, այդ թվում՝ ձգվելու, ծալվելու և ոլորվելու միջոցով: LG-ի ներկայացրած 12 դյույմանոց էկրանը ձգվելու միջոցով կարող է մեծանալ մինչև 18 դյույմ՝ առանց խախտելու փոխանցվող պատկերի որակը։ Միաժամանակ պահպանվում է 100 ppi պիքսելային խտությունը և RGB գույների ողջ տեսականին։
Ձգվող էկրանի առաջին նախատիպի համեմատ, որը ներկայացվել է 2022-ին, նոր վահանակի առաձգականության առավելագույն հարաբերակցությունը կրկնապատկվել է՝ 20%-ից մինչև 50%։ Ձգվելու աստիճանի այսպիսի ավելացումը թույլ կտա ստեղծել էկրանի դիզայնի տարբեր տարբերակներ՝ պոտենցիալ բարձրացնելով նոր էկրանների մրցունակությունը դրանց առևտրայնացման ընթացքում։
Ձգվող էկրանը ստեղծելու համար օգտագործվել է սիլիկոնային հատուկ ենթաշերտ, ինչպես նաև լարերի նոր կառուցվածք և լույսի աղբյուր՝ հիմնված 40 միկրոմետրանոց միկրո LED-երի վրա: Այս մոտեցումը հնարավորություն է տվել ստեղծել էկրան, որը կարող է ցուցադրել բարձրորակ պատկերներ նույնիսկ անբարենպաստ պայմաններում, ինչպես նաև լինել դիմացկուն արտաքին ազդեցությունների նկատմամբ, ներառյալ ցածր և բարձր ջերմաստիճանները: Ձգվող էկրանները ոչ միայն բարակ են և թեթև, այլև կարող են ամրացվել կոր մակերեսներին: Ակնկալվում է, որ այսպիսի էկրանները լայնորեն կկիրառվեն մարդկային գործունեության տարբեր ոլորտներում։