Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
Հասարակություն«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի քաղաքացիություն ստանա, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նա նշեց, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների, արցախցիները մտածում են՝ ՀՀ լիիրավ քաղաքացիներ են, ուղղակի օրվա իշխանության կողմից արհեստական բյուրոկրատական խոչընդոտներ են ստեղծվում։
«Երբ, օրինակ, 2004 թվականին հաշվառում փոխելով կարողանում էինք 3-5 օրվա ընթացքում անձնագիր ստանալ, այսօր հաշվառում փոխելով մարդիկ ինչո՞ւ պետք է 45 օր, կամ նույնիսկ ավելի սպասեն, մարդ է եղել, 105-րդ օրը նոր կարողանում է այդ անձնագիրը ստանալ»,- ասաց Դ.Գալստյանը։
Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ քաղաքացիություն ստանալու 6338 դիմում են ունեցել։ Կրկին երեկվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է 4394 ԼՂ բռնի տեղահանված անձ, հաշվի չեն առնում անչափահասներին, որովհետև նրանք ծնողների քաղաքացիության ձեռքբերումից հետո օրենքի ուժով քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։