Չեմ կարող լռել... Ալլա Հակոբյան
ՏեսանյութերԿատարում՝ Ալլա Հակոբյան
Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան
Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան
ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ...
Չեմ կարող լռել…
Բայց չեմ ուզում խոսել…
Հասկացող է պետք...
Ես հոգնել եմ…
Այս անիրական
Ծուռ հայելիների
Խեղկատակ կյանքից
Պարտասել եմ:
Աչքս ուր դարձնեմ`
Ամենուր նրանք`
Անտարբերությամբ դաջված
Անհոգի դեմքեր:
Ժպիտներ լպիրշ,
Հայացքներ անգո,
Ամեն ինչից գոհ ամբոխ
Ինձ հետապնդող:
Եւ ո՞ւր ենք քայլում`
Գոնե մեկն ասեր,
Թեկուզ եւ խաբեր,
Բայց հույսով տածեր…
Սակայն ո'չ մի լույս,
Նույնիսկ փոքրիկ հույս`
Խավարով պատված
Գորշ հոգիներում:
Ճնշող դիմակներ,
Տաղտկալի զրույցներ...
Նորին մեծություն,
Ո~վ տգիտություն,
Մարդկանց վրայով
Ուղի ես հարթում...
Կյանքեր խորտակում...
«Օ~ֆ» էլ չես անում...
Բայց լավ իմացիր`
Կծնվի զավակ`
Մաքուր բյուրեղյա,
Լսո՞ւմ ես, անառա'կ,
Եւ կտապալի
Խավարը այս գորշ,
Քնից կարթնացնի
Մարդկությանը ողջ:
Վարդերի նման
Կբացվեն սրտեր,
Ու կմիանան իրար
Կամուրջ-ծիածաններ:
Եւ ճշմարտության
Մաքուր ցողերով
Ողողված դեմքիդ կասեմ.
«Եկար բարով»:
Եւ ճաճանչալից
Հեռու աստղերից
Լույսը ինձ հասած կասի`
«Ապրի՛ր դարով»:
Եւ ճաճանչալից
Հեռու աստղերից
Լույսը ինձ հասած կասի.
«Ապրի՛ր բարո~վ»:
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ