Արտաշես Գեղամյանն այսօր կդառնար 75 տարեկան
ՆերքաղաքականԵրեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ հինգ գումարման պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն այսօր կդառնար 75 տարեկան:
Արտաշես Գեղամյանն ունեցել է հսկայական ներդրում Հայաստանի քաղաքական զարգացման եւ պետականաշինության մեջ: Երկար տարիներ լինելով Հայաստանի խորհրդարանի անդամ՝ ամենահմուտ եւ համարձակ կերպով պաշտպանում էր հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերը միջազգային տարբեր հարթակներում: Պատգամավորական իր գործունեության ընթացքում, նա մշտապես կանգնած է եղել հայ շարքային քաղաքացու կողքին, պաշտպանել է սոցիալական արդարությունը եւ հանդես է եկել ազգային միասնության օգտին:
Որպես Երեւանի քաղաքապետ, Արտաշես Գեղամյանը մեծագույն ներդրում է ունեցել Երեւանի զարգացման մեջ, կառուցելով թաղամասեր, դպրոցներ, մշակույթի օջախներ, ճանապարհներ:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած արեւմտյան հեղաշրջման ժամանակ Արտաշեց Գեղամյանը անզիջում եւ ոչ կոմպրոմիսային կերպով դուրս եկավ հակասահմանադրական հեղաշրջման դեմ՝ համարձակ ներկայացնելով իր տեսակետը: Նա այն 55 պատգամավորներից մեկն էր, ով դեմ քվեարկեց Նիկոլին` վարչապետ ընտրվելու կապակցությամբ: 2021 թվականին Ա. Գեղմյանը ՍԻՄ կուսակցության եւ մի շարք այլ քաղաքական ուժերի հետ հիմնադրեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը:
Տասնամյակներ շարունակ Ա. Գեղամյանը համագործակցել է «Իրավունք» թերթի հետ, հրապարակելով հոդվածներ, վերլուծություններ ու հարցազրույցներ:
Գեղամյանը թողել է հսկայական մտավոր ժառանգություն, որը ամփոփված է նրա բազմահատոր գրքերում:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...