ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԻ
ՎերլուծությունԱյն մռայ իրավիճակը, որն այս օրերին զարգանում է Հայաստանի շուրջ, իհարկե` սպասելի էր: Ամեն դեպքում, այս զարգացումները լիովին տեղավորվում են ամերիկյան ներքին եւ դրանից արտացոլվող նաեւ արտաքին իրողությունների համատեքստում: Այն է՝ իշխանությունից հեռացող լիբերաստները փորձում են Թրամփին թողնել մի այնպիսի ժառանգություն, որտեղ հատված կլինեն հնարավորինս շատ «անվերադարձելիության գծեր», որը եւ նոր վարչակազմի ձեռքերը կկապի այն բոլոր ծրագրերում, որոնց մասին Թրամփը խոսում էր նախընտրական փուլում եւ ընտրվելուց հետո:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԵՐՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ
Ահա այս ֆոնին Բայդենը հերթական անգամ ցույց տվեց, որ դեմոկրատիա կոչվածն ամերիկյան վերնախավի համար արդեն ոչ թե նույնիսկ կլանային, այլ անձնական շահերն առաջ տանելու համար սովորական տրյուկ է՝ ներում շնորհելով իր հանցագործ որդուն, որի միայն դեռ ապացուցված մեղադրանքները բավարար են 17 տարվա ազատազրկման համար: Այսինքն, հանուն նրա, որ, օրինակ, սովորական թմրամոլ եւ հանցագործ Հանթերի Բայդենը բերդ չնստի, ասենք, սիրիացիները նորից պետք է զանգվածաբար սպանվեն: Թե Թրամփը, ստանձնելով պաշտոնը, սույն հանցագործին կալանավայր կուղարկի՝ չեղարկելով ակնհայտորեն իմպիչմենտի «ձգող» Բայդենի այդ հրամանագիրը, կտեսնենք հետագայում: Իսկ այս պահին իրողությունն այն է, որ Հայաստանի հարեւանությամբ Սիրիան նորից պայթեց, Վրաստանը փորձում են պայթեցնել, լարումներ են ծավալում Աբխազիայում: Այսինքն, կախված նրանից, թե այս իրադարձություններն ինչ ընթացք կունենան, միանգամայն վտանգավոր զարգացումների կարող է բախվել նաեւ Հայաստանը: Ու այդ վտանգը շատ ավելի լուրջ է դառնում, հաշվի առնելով, որ Նիկոլը շարունակում է ամեն ինչ անել՝ մեր երկիրը դաշնակիցներից զրկելու համար: Խոսքը` մասնավորապես ՀԱՊԿ-ի մասին է, որը, չմոռանանք, ՌԴ-ից եկած պաշտոնական հայտարարությունների համաձայն, գտնվում է ռուսական «միջուկային հովանոցի» պաշտպանության տակ:
ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ այս օրերին: Սկսենք Սիրիայից՝ նախ ֆիքսելով, որ այստեղ Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր մեկ երեւույթ տեսանելի դարձավ: Թուրքիան այս օրերին փորձում է ամեն կերպ քարոզել, որ Սիրիայում վերսկսված պատերազմի հետ կապված ինքը որեւէ կապ չունի, նախաձեռնողներն Իսրայելը եւ ԱՄՆ-են: Մինչդեռ իրողությունն այն է, որ սիրիական զինադադարի հիմքում դրված եռակողմ (ՌԴ-Իրան-Թուրքիա) պայմանավորվածությունների համաձայն, Թուրքիան երաշխավորում էր, որ սիրիական Իդլիբի եւ հյուսիսային գոտիներից խմբավորումները չեն խախտի զինադադարը: Ընդ որում, այս հատվածներում գերիշխում են հենց Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումները, եւ ԱԳ նախարար Ֆիդանի արդարացումներին, թե այդ ուժերն Անկարայի «գլխից թռնելով» են անցել հարձակման, իհարկե, ոչ մեկը չի հավատում: Էրդողանն էլ, թերեւս, իր հերթին է հասկանում, որ իր նման արդարացումներին Մոսկվայում եւ Թեհրանում լուրջ չեն վերաբերվի: Բայց դրանով հանդերձ, երբ հնչեցնում է այդ արդարացումները, ապա դրանք ավելի շատ նմանվում են Մոսկվային ուղղված մեսիջի, թե Անկարան ՌԴ-ի դեմ ուղիղ բախման գնալ չի ցանկանում: Նկատենք նաեւ, որ թուրքական լրատվամիջոցները եւս, իհարկե, ոչ առանց վերին հրահանգի, ահաբեկչական ուժերի կողմից Հալեպը գրավելուց հետո սկսեցին հրապարակել քարտեզ, որտեղ ոչ միայն Հալեպով հանդերձ հյուսիսային Սիրիան, այլ նաեւ հյուսիսային Իրաքը՝ Քիրքուկով եւ Մոսուլով հանդերձ պատկերված են Թուրքիայի կազմում: Ավելին, նաեւ Նախիջեւանը եւ դրան կից Իրանի տարածքը: Փոխարենը սահմանն «անցկացնում» են Հայաստանի եւ Վրաստանի արեւմտյան ներկա սահմանով, եւ այս ամենն ավելի նման է Մոսկվային արվող առաջարկի:
Սակայն այս պատմության մեխը մի փոքր այլ է: Թուրքիայի, Իսրայելի թե ԱՄՆ-ի կամ միգուցե միանգամից երեքի հովանավորմամբ ահաբեկչական խմբավորումները շատ արագ եւ լուրջ հաջողությունների կարողացան հասնել: Սակայն կա պատերազմական մեկ կարեւոր օրենք՝ ամենադժվարը ոչ թե ինչ-որ բան գրավելն է, այլ հետագայում այն պահելը: Այն, որ ահաբեկչական խմբավորումները կարողացան կայծակնային արագությամբ նման հաջողությունների հասնել, դա խոսում է ոչ թե նրանց ուժի, այլ` տվյալ պահին սիրիական բանակի թուլության մասին: Իհարկե, այլ հարց է, թե նախորդ պատերազմում, հատկապես վերջին փուլում իրենից միանգամայն լուրջ ուժ ներկայացնող սիրիական բանակն ինչու Ասադը չկարողացավ էլ ավելի ամրացնել, լուծել բազում ու բազում ներքին հարցեր: Վերջապես, ինչու են սիրիական լրատվամիջոցները խոսում զանգվածային դավաճանության մասին, եւ այսպես շարունակ:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Մյուս կողմից, Հալեպի գրավումից հետո, թեեւ ահաբեկչական խմբերը փորձեցին արագորեն հաջողությունը զարգացնել այլ ուղղություններով, սակայն վերջին օրերին Իդլիբից Դամասկոս տանող ուղղության հիմնական քաղաքի, ավելի ճիշտ՝ տարածաշրջանի՝ Համայի հատվածում այլ պատկեր է նկատվում: Նախ, ռուսները եւս փոխեցին Սիրիայում ռուսական ուժերի հրամանատարին, որն ակնհայտորեն իրենց չարդարացրեց, եւ հիմա հրամանատարն է սիրիական նախորդ պատերազմով անցած եւ ժամանակին Հալեպն ամբողջովին ազատագրած միանգամայն փորձառու գեներալ Ալեքսանդր Չայկոն, ով նաեւ հսկայական փորձ է ձեռք բերել ուկրաինական պատերազմում: Գեներալ, ում մինչ հիմա էլ Իդլիբի գրոհայինների շրջանակներում համարում են իսկական մղձավանջ: Գումարած, սիրիական աղբյուրները հայտնում են, որ հենց «ռուս հրահանգիչներն» են այս պահին ստանձնել նաեւ սիրիական բանակի, ասենք նաեւ Իրաքից եւ Իրանից արագորեն Սիրիա տեղափոխվող ուժերի ընդհանուր հրամանատարությունը, նաեւ, որ այս պահին ծրագրվում է հակահարձակման մեծ օպերացիա:
Հաջորդը. այս օրերին բազում կադրեր կան ռուսական ավիացիայի մասշտաբային եւ միանգամայն հաջող գործողությունների մասին: Այդ թվում, ոչնչացվում են ահաբեկչական խմբավորումների գլխավոր հրամանատարական կետերը եւ ահաբեկիչների հարձակվող շարասյուները: Անգամ զավեշտի նմանվող իրավիճակ ֆիքսվեց, երբ ոչնչացված ահաբեկչական ուժերից մեկի ներկայացուցիչը տեսախցիկների առաջ սպառնում էր, որ կբողոքի ՄԱԿ-ին:
Իրանի դիրքորոշումը եւս միանշանակ է, առավել եւս, երբ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրապարակավ կոչ արեց իսլամական երկրներին՝ միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին, իսկ ԱԳ նախարար Արախչին Դամասկոսում հանդիպեց Ասադի հետ: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Իրանը Սիրիա է գործուղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» ուժերի ավագ հրամանատար, գեներալ Ջավադ Ղաֆարին, որը ահաբեկչական շրջանակներին ավելի հայտնի է, որպես «Հալեպի դահիճ»: Այսինքն, ռուս գեներալ Չայկոյի օրինակով, Ղաֆարին սիրիական նախորդ պատերազմում իր միանգամայն ծանրակշիռ դերն ունեցել է, բայց թերեւս ոչ միայն այդ փորձը հաշվի առնելով է, որ նրան կրկին գործուղել են Սիրիա: Ներկայումս Ղաֆարին ղեկավարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության հատուկ գործողությունների բաժինը, որն արդեն շատ բան է ասում իրանցի գեներալի ներկա մասնագիտական հնարավորությունների մասին:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, ամեն ինչ հուշում է այն մասին, որ չնայած ահաբեկչական խմբավորումների կայծակնային հաջողություններին, սիրիական այս հերթական պատերազմը դեռ նոր է սկսվում: Թեեւ կարելի է ասել՝ սկսվել է, նկատի ունենալով, որ Համայի ուղղությամբ սիրիական (ռուսական, իրանական, իրաքյան եւ այլն) ուժերին արդեն հաջողվել է որոշակի վտանգավոր ուղղություններում տարածքներ հետ վերցնել՝ կայունացնելով ճակատը: Թե ուր կտանի պատերազմի հետագա ընթացքը, չշտապենք եզրակացություններում: Սակայն որոշակի դետալներ այս պահին էլ կարելի է տեսնել: Նախ, Ռուսաստանի եւ Իրանի համար սա ոչ թե պարզապես մարտահրավեր է, այլ լրջագույն ռազմավարական խնդիր: Իրանի համար առավել եւս, քանի որ Սիրիան կորցնելու դեպքում շատ ծանր վիճակում կհայտնվի նաեւ Լիբանանում «Հեզբոլլահը», որից հետո արդեն հարվածն ուղիղ Իրանին կուղղվի: Այսինքն, տրամաբանական է, որ Մոսկվան եւ Թեհրանն ամեն ինչ կանեն այս պատերազմը հաղթելու համար, անկախ այն սպասելիքներից, թե Սպիտակ տուն մտելով, Թրամփն ինչ կանի: Ահաբեկչական խմբավորումներին հաղթելը, իհարկե, ռուս-իրանական (սիրիական եւ այլն) ուժերի համար մեծ խնդիր չէ: Այստեղ ավելի շատ հարցն այլ է՝ մինչեւ ո՞ւր է Անկարան պատրաստ գնալ՝ իր երազանքների քարտեզը իրականություն դարձնելու համար: Եթե ՌԴ-ի եւ Իրանի հետ ուղիղ բախման աստիճան, ապա սա մի սցենար է ենթադրում, ընդ որում` Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր: Եթե ոչ այդ կարգի, միանգամայն այլ հարց է: Ամեն դեպքում, Դամասկոսից Արախչին մեկնեց Անկարա, եւ այդ այցը շատ հարցերի պատասխան կարող է տալ:
Ամեն դեպքում, այս պատմությունը եւս մեկ անգամ հաստատեց, որ թուրք-ազերիական տանդեմը, անկախ նրանից, թե երբ ինչ փաստաթուղթ է ստորագրում, ամեն պահ պատրաստ են իրենց պատառը փախցնել, եթե միայն դրա համար հարմար առիթ լինի: Սա արդեն լրջագույն դաս կարող էր լինել Հայաստանի համար, բայց Նիկոլի համար ի՞նչ դաս. Աննայի տոլման կա, հեծանիվը կա, մնացածն էլ՝ ջհանդամը: