ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՎերլուծությունՍիրիայից զատ (Տե´ս նաեւhttps://iravunk.com/?p=299259&l=am), իհարկե, Հայաստանի համար ոչ պակաս վտանգավոր իրավիճակ է զարգանում նաեւ մեր հարեւան Վրաստանում: Այն, որ գրոբալ լիբերաստական համակարգն ամեն ինչ անում է՝ Վրաստանում հեղաշրջում սարքելու եւ այդ երկիրն իր ուղեծրում պահելու համար, իր հերթին էր սպասելի դեռ մինչ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Ավելին, որ հենց այս պահին նման մի փորձ պետք է լինի, էլ ավելի ցայտուն դարձավ այն բանից հետո, երբ ֆիքսվեց, որ դեկտեմբերի 14-ին Վրաստանը կունենա նոր նախագահ, հաշվի առնելով նաեւ, որ դեկտեմբերի 16-ին լրանում է արեւմտյան գործակալ Զուրաբիշվիլու պաշտոնավարման ժամկետը: Եվ ահա այն պահին, երբ սույն «սուպերդեմոկրատը» ինքն իրեն հռչակեց Վրաստանում իշխանության միակ լեգիտիմ մարմին՝ հրաժարվելով անգամ լիազորություններն ավարտվելուց հետո հեռանալ, պարզ էր, որ «հեղափոխության» կոճակը սեղմված է: Ու այն ամենը, ինչ այս օրերին տեղի է ունենում Թբիլիսիում, իհարկե, կարելի է «գունավոր հեղափոխությունների» դասական օրինակ համարել:
Միայն թե որոշ «տարօրինակ» դետալներ կարելի է տեսնել: Նախ նկատենք, որ այս օրերին «հեղափոխական» դասական սցենարի համաձայն, նաեւ Եվրոպան գործի անցավ, պաշտոնապես սպառնալով Վրաստանին՝ չճնշել «հեղափոխականներին», այլ հլու-հնազանդ իշխանությունը հանձնել նրանց: Միայն թե այս դեպքում սպառնալիքն առնվազն ցնցող էր, թե՝ կդադարեցնեն ԵՄ-ին անդամակցության բանակցությունները: Դա, իհարկե, նորից ու նորից եվրոպական արդի գործիչների մտավոր կարողությունների հետ կապված հարցեր է առաջ քաշում, հաշվի առնելով, որ վրացական իշխանություններին սպառնում են ԵՄ չթողնել այն դեպքում, երբ այդ նույն վրացական իշխանություններն իրենք արդեն պաշտոնապես կանգնեցրել են ինչպես ԵՄ մտնելու գործընթացը, այնպես էլ կամովին հրաժարվել են Եվրոպայի ֆինանսական օգնությունից: Ընդ որում, այս «հեղափոխության» պաշտոնական առիթը հենց այդ որոշումն էր:
Բայց մյուս կողմից էլ, վրացական իշխանություններն այս ողջ ընթացքում, ի տարբերություն եվրոպացիների, իրենց ցույց են տվել` որպես միանգամայն խելամիտ գործիչներ: Եվ ահա այս հարցը կա՝ իսկ նրանց ինչի՞ն էր պետք հենց այս պահին նման հայտարարություն հնչեցնելը, երբ կարող էին գոնե երկու շաբաթ սպասել, մինչեւ Զուրաբիշվիլու ժամկետն էլ սպառվեր, նրան կտանեին բանտ եւ հետո շատ ավելի ազատ կկարողանային գործել: Այսինքն, ԵՄ-ից հրաժարվելու մասին կանխավ հայտարարելն ավելորդ ինքնավստահության ցուցի՞չ էր, թե՞ սրա տակ ինչ-որ խորը հաշվարկ ունեն: Խոշոր հաշվով, այդ հարցը կարելի է նաեւ այսպես վերաձեւակերպել՝ իրո՞ք այս «հեղաշրջման» կոճակը Զուրաբիշվիլին (ի դեմս նրա տերերի) սեղմեց, թե՞ վրացական իշխանությունները նրան ստիպեցին սեղմել:
Իհարկե, մի կողմից, վրացական իշխանությունները կարող է հաշվարկել են, որ խնդիր չունեն. ընդդիմադիրների պոտենցիալն այս պահին շատ մեծ չի թվում, ու միգուցե վրացական իշխանությունների մոտ կա այն ցանկությունը, որ կարելի է հնարավորինս շուտ սկսել եւ արագորեն «կոտրել» այս ալիքը, որը, մեկ է, պետք է ինչ-որ պահի լիներ: Առավել եւս, որ հայտնի դարձավ, որ Ուկրաինայում կռվող վրացական ստորաբաժանումներին ուղարկում են «հեղափոխությանը» օգնելու, եւ քանի դեռ այդ ուժերն էլ տեղում չեն, կարելի է արագորեն ընդդիմության հարցը լուծել:
Բայց եթե այս սցենարն է, այն է՝ «հեղափոխության» մեկնարկը տալ ստիպելը «Վրացական երազանքի» կանխամտածված սադրանքն էր, ապա նրանք պետք է աչքի առաջ ունենան նաեւ, որ կան բավականին լուրջ ռիսկեր։ Նրանք բազմիցս ասել են, որ չեն ցանկանում Ուկրաինայի ճակատագիրը Վրաստանի համար։ Սա նշանակում է, որ իշխանությունները մանրակրկիտ ուսումնասիրել են այնտեղ տեղի ունեցած վերջին «գունավոր հեղափոխության» փորձը։ Այդ թվում, որ հիմնականներից է իշխանության պառակտման ռիսկը, որ դավաճաններ են հայտնվելու եւ ապակայունացնելու իրավիճակը իշխանության մեջ։ Հետեւաբար, կարող էր հիշատակված քայլը նաեւ դիտավորյալ սադրանք լինել՝ պետական եւ պետական այլ կառույցներում արեւմտյան լոբբիստական գործակալներին բացահայտելու համար՝ մինչեւ Սպիտակ տան նոր վարչակազմի գալը:
Սակայն սա շատ վտանգավոր խաղ կլիներ: Ասենք, հաշվի առնելով, որ Արեւմուտքն արդեն իսկ կազմակերպված կերպով Ուկրաինայում կռվող վրացիներին փորձում է ուղարկել Վրաստան: «Վրացական երազանքն» ունի՞ բոլոր երաշխիքները, որ անվտանգության ուժերի եւ հատուկ ծառայությունների մեջ չկան այն «խորը կոնսերվացված» գործակալները, որոնք կօգնեն այդ ուժերին՝ ներթափանցել Վրաստան: Նաեւ, որ այդ ուժերի միջոցով հնարավոր չի լինի ընդամենը «հեղաշրջումային» բախումները տեղափոխել քաղաքացիական պատերազմի մակարդակ, ինչն ակնհայտորեն Արեւմուտքի հիմնական պլանների թվում է:
Իսկ եթե Վրաստանում սկսվի քաղաքացիական պատերազմ, ապա դա կարող է նաեւ վերջնականապես ազատել Ալիեւի ձեռքերը՝ հայաստանյան ուղղությամբ իր երազանքների միջանցքի հարցում: Առավել եւս, որ դրան նպաստում են նաեւ սիրիական իրողությունները: Առավել եւս, որ Թրամփի պաշտոնավարման մեկնարկով Ալիեւի համար այդ «հնարավորությունների պատուհանը» կարող է փակվել: