Եվգենի Հակոբյանին մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն
ՀասարակությունՂրղզստանում «Արարատ» հայկական համայնքի նախկին նախագահ, «Ղրղզստանի КВН» ակումբի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Ղրղզստանի կառավարության պետական մրցանակի դափնեկիր Եվգենի Լվովի Հակոբյանին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն։
Ե. Հակոբյանի ենթադրությամբ` հնարավոր պատճառը այն է, որ իր մայրը կիսով չափ հայ է, չնայած հայրը` զտարյուն հայ է:
«Ես չգիտեմ, թե ով է ինձանից ավելի հայ: Եթե ինձ են մերժում տրամադրել քաղաքացիություն, ո՞ւմ է այն տրվում», - վրդովված է անվանի մշակույթի գործիչը: Նա նաև ընգծում է. «Երեխաներիս մեծացնում եմ հայկական ավանդույթներով և ոգով։ Բացի այդ, Սփյուռքում զբաղվում եմ հայկական շահերի առաջմղմամբ։ Միգուցե ես սխա՞լ շահեր եմ քարոզում, եթե «հայ» չեմ»։
Ներկայումս Հակոբյանը խոշոր արդյունաբերական բիզնեսմեն է, և նա ծրագրում էր Ղրղզստանի և Հայաստանի միջև գործարար կապերի զարգացումը։
Հատկանշական է, որ Ե. Հակոբյանը Մոսկվայում ԴՆԹ թեստ է հանձնել, որը ցույց է տվել, որ նա 100 տոկոսով հայ է։
Հիշեցնենք, որ iravunk.com-ը հարցազրույց էր վերցրել Ե.Հակոբյանից, որտեղ նա մանրամասն պատմում է իր` որպես Ղրղզստանում հայկական համայնքի ղեկավարի գործունեության մասին։
Պատրաստեց՝ Զարուհի Բաբուխանյան