Տրանսպորտային թալանի հետքերով
ՏնտեսությունՆիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում, բացի ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հարցերից, Աղազարյանի հետ կապված սկանդալից, հասցրեց նաեւ այլ ուշագրավ թեմաներով եւս «դարակազմիկ» մտքեր հայտնել: Այդ թվում՝ տրանսպորտային խնդրի հետ կապված, հաշվի առնելով այն կոլապսային իրավիճակը, որը նախօրեին առաջացել էր վարորդների գործադուլի հետ կապված:
Նախ, ո՞րն էր այդ գործադուլի բուն հիմքը: Իրականությունը սա է. այս պահին ավտոբուսների մի մասը «չորով» 100 դրամանոցների դաշտում է, այսինքն՝ փողը շրջանցում է վարորդներին: Իսկ ահա մի մասի մոտ էլ անգամ այդ 100 դրամանոցների սարքերը չկան. «հին ու բարի» մեթոդով փողը տալիս են վարորդին ու իջնում: Դա էլ վարորդների մոտ անհավասարության զգացողություն է առաջ բերել՝ առաջին պլան մղելով հարցը, թե «չոր» աշխատավարձով աշխատելն իրենց ամենեւին էլ ձեռնտու չէ:
Այն, որ քաղաքապետարանն իր իսկ «ռեֆորմներով» նման իրավիճակ առաջացրեց, հին պատմություն է, որի սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ որոշեցին նախկին «գծատերերի» փոխարեն, ոլորտը մոնոպոլիզացնելով, քաղաքապետարանի անվան տակ իրենք դառնան գերխոշոր «գծատեր»: Սա ոմանց ձեռնտու էր նաեւ նրանով, որ եթե «գծատերը» ժամանակին ինքն էր մտածում տեխնիկա ձեռք բերելու, սպասարկելու եւ նման բաների մասին, հիմա տեխնիկան ձեռք են բերում պետական վարկերի հաշվին, ծախսերը եւս, իսկ «լեւի փողը» չգիտես էլ ուր է գնում: Բայց իրականությունն այլ կերպ ստացվեց. տեխնիկան սկսեց արագորեն մաշվել, այդ թվում՝ միանգամայն արհեստական պատճառներով, վարկերը մարելու խնդիրը կար, եւ «մաքուր» փողը սկսեց չհերիքել: Այստեղից էլ ի հայտ եկավ ուղեվարձը գերթանկացնելու միտքը, բայց նաեւ հասկանում են, թե դա ինչ պայթյուն է առաջացնելու: Իսկ «լեւի փողից» գոնե մասամբ հրաժարվելը բերում է վարորդների շրջանակներում «պայթյունների»:
Ահա այս ընդհանրական ֆոնին Փաշինյանը նման մեկնաբանություն տվեց տրանսպորտային ոլորտի կիսակոլապսային վիճակին. «Ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր, եւ ինձ համար ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետարանը շատ գործուն եւ կոնկրետ միջոցներ է ձեռնարկել այդ ստվերը կրճատելու համար… Չեմ համարձակվի ենթադրել, թե աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուներն են եղել, ո՛չ իհարկե, որովհետեւ դա, ըստ ամենայնի եղել է համակարգված մեխանիզմ։ Հիմա էդ ինչ–որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է, եւ պարզ է, որ այդ մարդիկ ավտոբուսների վարորդները չեն, բայց չգիտեմ էլ՝ ովքեր են…»:
Այստեղ, նախ մի փոքր պատմական ակնարկ: Դեռ հազիվ էր Փաշինյանը վարչապետի աթոռին նստել, որ հայտարարեց, թե՝ Հայաստանում այլեւս չկա համակարգային կոռուպցիա: Դրանից հետո հաճախ է այդ միտքը կրկնել, ասենք՝ 2019թ. դեկտեմբերի 9-ին: Կամ՝ 2023թ. մարտի 15-ի ասուլիսում, թե՝ համակարգային կոռուպցիա, այն է՝ երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ որոշակի չափաբաժնով հոսում է վերեւ, չկա: Ու հիմա այս ի՞նչ է ասում: Որ տրանսպորտի ոլորտո՞ւմ էլ իր պատկերացրած համակարգային կոռուպցիան չկա: Պնդում է՝ փողը միայն վարորդների գրպանում չէ, որ կուտակվել է, եղել է «համակարգված մեխանիզմ»: Ու պարզ հարց՝ այդ ովքե՞ր են նման « համակարգված մեխանիզմ» ստեղծել, եթե ողջ համակարգը քաղաքապետարանի ենթակայության տակ է: Այսինքն, «համակարգված մեխանիզմը» շրջանցե՞լ է տրանսպորտային ոլորտը կառավարող քաղաքապետարանի կառույցին: Եթե այո, այդ ի՞նչ անճարակ, կարելի է ասել՝ «հարիֆ» ղեկավարների են այդտեղ նշանակել: Եթե ոչ, այն հարցն է, թե այդ փողը հասե՞լ է քաղաքային վերնախավին եւ էլ ավելի վեր:
Այս հարցերին հռետորաբար կարելի է դրական պատասխան տալ, առավել եւս, որ այս «100 դրամանոցների պատմության» առաջին օրերին, երբ էլի քաղաքապետարանը թվեր էր ներկայացնում, թե այսքան-այսքան մուտքերն ավելացել են, դրանք միանշանակ խոսում էին շատ մեծ թալանի, հսկայական կոռուպցիոն մեխանիզմի օգտին: Ու լավ է, որ այդ նույն բանը հաստատեց նաեւ Փաշինյանը:
Բայց սրանք, իրավաբանորեն ասած, դեռ «ապացուցված փաստեր» չեն: Ու հենց դրանից էլ գալիս ենք հաջորդ հարցին՝ կա ենթադրյալ հսկայածավալ հանցագործության մասին չափազանց հիմնավոր կասկածներ, այն կարգի, որ անձամբ Փաշինյանն է դա տեսել եւ պետության թիվ 1՝ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է այդ մասին: Եվ շատ պարզ հարց՝ իսկ ինչո՞ւ այդ միանգամայն հիմնավոր կասկածներն արդեն այս պահին փարատված չեն: Քաղաքապետը դիմե՞լ է իրավապահներին, թե կան նման ենթադրություններ, եկեք, գործը քննեք: Պարզվեց, Փաշինյանն էլ է տեղյակ. ու նա իր իրավապահներին չի՞ հարցնում, թե բացի Աղազարյանի հեռախոսից, ուրիշ ինչո՞վ եք զբաղված: Առավել եւս, որ պարզագույն, Քոչարյանի լեզվով ասած՝ «մեկ ուչաստկովիի» գործ է: Հավաքում ես վարորդներից, թե մուծումներդ այսքան-այսքան ավելացել են, ո՞ւմ ես այն ժամանակ տվել փողը, եւ արագորեն հասնում ես Փաշինյանի ասած «ինչ-որ մարդկանց» էլ, նրանց «կերակրատաշտին» էլ: Որ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից չասի, թե «այդ մարդիկ ավտոբուսների վարորդները չեն, բայց չգիտեմ էլ՝ ովքեր են…»:
Կարելի է նաեւ հակառակ կողմից գալ. եթե Փաշինյանը «չգիտի էլ՝ ովքեր են», դա նշանակում է, որ իրավապահներն այս հարցով նրան որեւէ բան չեն զեկուցել: Այսինքն, կա´մ զբաղվելու հավես չեն ունեցել, կա´մ էլ՝ պարզել եւ վերեւներին չեն հայտնել՝ պարտակել են հանցագործներին: Ու հիմա տեսնենք՝ Փաշինյանի նման հայտարարությունից հետո գոնե տեղներից կշարժվե՞ն: Եթե ոչ, ապա կմնա ենթադրել, որ իրականում այդ փողերը հասել են շատ վերեւներին, իսկ 300 դրամանոց ուղեվարձը «կերակրատաշտի կրճատման» հետեւանքն է: