«Փաստ». Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական իշխանության քարոզչական «գուրուներից» մեկը երեկ խիստ անհավասարակշիռ ու վտանգավոր հայտարարությամբ հանդես եկավ: Ասածն էլ ի՞նչ է: Թե բա՝ տվյալ «գուրուի» սիրելի վարչապետի (իմա՝ Փաշինյանի) հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը ցանկանում է... 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո եղած պայմաններ ստեղծել: Այն է, ըստ հիշյալ փաշինյանականի հայտարարության, պատերազմ հրահրել, որի արդյունքում (հետևանքով էլ չէ) վարչապետը «ստիպված կլինի հրաժարական տալ»:
Հայաստանի անվտանգությունն ու ամբողջականությունը, երկրի ինքնիշխանությունն ուղիղ սպառնալիքների տակ դրած իշխանության ներկայացուցիչը պետականության սպառնալիք է անվանում... ընդդիմությանը: Այստեղ են ասել՝ «գողն ամենից բարձրն է բղավում՝ բռնեցեք գողին...»:
Թե բա՝ ընդդիմությունը պետականության ամենամեծ սպառնալիքներից է: Երկրի գոյությունն ու ապագան հարցականի տակ դրած, երկրի ու ժողովրդի համար հիմնական սպառնալիք դարձած իշխանությունը այլոց է «սպառնալիք» պիտակում»: