Գիտնականները փողոցի աղմուկը կապել են գլխուղեղի կաթվածի հավանականության բարձրացման հետ
Հասարակություն![Գիտնականները փողոցի աղմուկը կապել են գլխուղեղի կաթվածի հավանականության բարձրացման հետ](/timthumb.php?src=disc/11-12-24/3f550b546f2933148f79cc78ee0eac52.jpg&w=780)
Մոնրեալի համալսարանի գիտնականները պարզել են, որ փողոցի աղմուկը կարող է կապված լինել գլխուղեղի կաթվածի բարձր հավանականության հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Noise & Health ամսագրում:
Գիտնականները վերլուծել են 2000-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում Մոնրեալում բնակվող շուրջ 1,1 միլիոն մարդու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն ու եկել այն եզրահանգման, որ ամեն անգամ, երբ աղմուկի բարձրությունը մեծանում է 10 դեցիբելով (dBA), 45 տարեկան և դրանցի բարձր տարիքի մարդկանց մոտ գլխուղեղի կաթվածի վտանգն ավելանում է 6%-ով:
Հետազոտության ամբողջ ընթացքում գլխուղեղի կաթվածով հոսպիտալացվել է 45 տարեկան և դրանցի բարձր տարիքի 26 հազար մարդ։ Գիտնականների խոսքով՝ մայրուղիներին, օդանավակայաններին ու երկաթուղիներին մոտ բնակվող մարդիկ ավելի շատ են ենթարկվում աղմուկի բացասական ազդեցությանը, ուստի նրանց մոտ գլխուղեղի կաթվածի հավանականությունն ավելի բարձր է լինում։
Մասնագետները ենթադրում են, որ սրտանոթային համակարգի վրա աղմուկի ազդեցության հիմքում ընկած մեխանիզմը հիմնված է սթրեսի ընդհանուր տեսության վրա։ Շրջապատի աղմուկի և դրան հաջորդող քնի խանգարման ազդեցությունը գլխուղեղում գործարկում է մի շարք ռեակցիաներ, որոնք հանգեցնում են ֆիզիոլոգիական չափորոշիչների, օրինակ՝ զարկերակային ճնշման փոփոխության։ Նման ֆիզիոլոգիական խանգարումները երկարատև հեռանկարում կարող են սրտանոթային հիվանդությունների, այդ թվում նաև գլխուղեղի կաթվածի զարգացման կամ խորացման պատճառ դառնալ։