Ամերիկացին պատմության մեջ առաջին հայցն է ներկայացրել Coca-Cola ընկերության, Mondelez International-ի և զովացուցիչ ըմպելիքների և քաղցրավենիքի այլ ինը արտադրողների դեմ այն բանի համար, որ նրանց արտադրանքը կարող է երեխաների մոտ առաջացնել կախվածություն և խրոնիկական հիվանդություններ: Այս մասին ասվում է Morgan & Morgan իրավաբանական ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հայցվորը՝ Բրյուս Մարտինեսը, պնդում է, որ նշված ընկերությունների արտադրանքի, այդ թվում՝ Coca-Cola-ի և Pepsi ըմպելիքների, ինչպես նաև Mars շոկոլադե սալիկների օգտագործումը հանգեցրել է նրան, որ 16 տարեկանում իր մոտ զարգացել է շաքարային դիաբետի II տիպը և լյարդի ճարպային հիվանդություն: Հայցում ասվում է, որ սննդի արդյունաբերության հսկաներն իրենց արտադրության մեջ դիմում են արտադրանքի խորը վերամշակման, ինչը կարող է երեխաների մոտ կախվածություն առաջացնել և հանգեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման։
«Խորը վերամշակված մթերքների պատմությունը բացահայտ օրինակ է, թե ինչպես են ընկերությունները շահույթը վեր դասում իրենց արտադրանքը գնող մարդկանց առողջությունից և անվտանգությունից», - ասում է իրավաբանական ընկերության գործընկեր Մայք Մորգանը: Նա նշել է, որ գազավորված ըմպելիք և քաղցրավենիք արտադրողների գործողությունների հետևանքները կարող էին վնասել «հազարավոր երեխաների և ընտանիքների», և ընկերության ղեկավարները հավանաբար գիտեին «առնվազն քառորդ դար» օգտագործվող տեխնոլոգիայի վնասների մասին:
Morgan & Morgan իրավաբանները մեջբերում են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ վերամշակված մթերքները կազմում են ԱՄՆ-ում երեխաների սննդակարգի մոտ 67%-ը: Միևնույն ժամանակ, ամերիկացի մեծահասակների առնվազն 14%-ը և երեխաների 12%-ը ցույց են տալիս այս տեսակի սննդակարգից կախվածության նշաններ։ Հայցում նաև նշվում են գիտական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ բարձր վերամշակված մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, գրգռված աղիքի համախտանիշի, դեմենցիայի և այլ լուրջ հիվանդությունների: