ԹՐԱՄՓԻՑ՝ ԶՐՈՅԻՆ ՄՈՏ ԱՐԴՅՈՒՆՔ
ՎերլուծությունՍիրիայում ստեղծված ներկա իրավիճակի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=300021&l=am) ֆոնին` օրերս, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Փարիզում էր: Բացի տուրիստական եւ այնպիսի պատմական իրադարձության ներկա գտնվելուց, ինչպիսին էր Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը, այս այցն ուներ նաեւ այլ նպատակ:
Բայց նախ հիշեցնենք, որ վերջերս Նիկոլը վերջնական ֆիասկո ունեցավ՝ ամերիկյան դեռ գործող վարչակազմի միջոցով «խաղաղության պայմանագրի» թեման առաջ տանելու հարցում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մալթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում մի վերջին փորձ արեց՝ Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու հարցում: Սակայն այս անգամ ադրբեջանական կողմը, արդեն անգամ դիվանագիտական տոնայնությունը չպահելով, կոպտորեն մերժեց առաջարկը՝ «ԱՄՆ վարչակազմի քաղաքականության պատճառով»: Իհարկե, Ալիեւը նման ձեւակերպում իրեն թույլ չէր տա այլ իրավիճակում: Բայց խոսքը հեռացող վարչակազմի մասին է, որը թշնամական հարաբերությունների մեջ է եկող վարչախմբի հետ: Այս դեպքում, որքան կոպիտ հեռացողի նկատմամբ, այնքան եկողների կողմից կարող է դուրեկան համարվել:
Նիկոլը երեւի այլ կերպ էր մտածում, եւ Բաքվի մերժումից հետո նրա մոտ միգուցե վերջապես այն միտքը հասունացավ, որ պետք է հեռու մնալ գնացողներից՝ հետագան կապելով եկողների հետ: Ահա, հենց դա էր, որ զգացվեց Փարիզում: Միայն թե…
Այսպես, տեղյակ աղբյուրները հուշում են, որ ինչպես Զելենսկու պարագայում, Նիկոլի դեպքում եւս Մակրոնն էր միջնորդել՝ խոսել Նիկոլի հետ: Բայց եթե Զելենսկուն Թրամփը որոշակի ժամանակ տրամադրեց, անգամ պաշտոնական հանդիպման տեսք տվեց, Նիկոլի պարագայում, էլի Մակրոնին չմերժեց, բայց ամեն ինչ վերջացավ մեկ խղճուկ լուսանկարով: Եվ դա կարելի էր հասկանալ. Զելենսկու հետ կապված` Թրամփը որոշակի հետաքրքրություն ունի, քանի որ պետք է լուծի նաեւ իր համար շատ կարեւոր ՝ Ուկրաինայում պատերազմի հարցը: Այսինքն, կար Զելենսկուն կոնկրետ մոտեցումներ փոխանցելու եւ նրան լսելու խնդիր, ինչը եւ արվեց:
Ընդ որում, այստեղ Մակրոնի միջնորդել-չմիջնորդելն էական չէր: Ավելին, թեեւ Թրամփն իր առաջին եվրոպական այցը կատարեց հենց Փարիզ, բայց թյուր տեսակետ է, թե դա արվեց Մակրոնի հանդեպ ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալու համար: Բանն այն է, որ երեք երկիր էին հավակնում ընտրվելուց հետո Թրամփին ընդունելու դերին: Բրիտանիան, բայց այնտեղի լեյբորիստների հետ Թրամփը գրեթե նույնքան վատ հարաբերությունների մեջ է, որքան բայդենական թիմի, եւ Լոնդոն այցը բացառվում էր: Ավելի հարմար տարբերակ կարող էր լինել Բեռլինը, սակայն Թրամփի կողմից իշխանությունը վերցնելուն զուգահեռ, Շոլցը պետք է որ հեռանա: Այսինքն, նրան այցի գնալը պարզապես իմաստ չուներ: Մնում է Մակրոնը, որը եւս ունի գնալ-չգնալու խնդիր, բայց այս պահին պաշտոնապես մնալու տարբերակն է: Գումարած, Աստվածամոր տաճարի գործարկումը լավ առիթ էր, եւ Թրամփը մեկնեց Փարիզ:
Այսինքն, Մակրոնը, չնայած այս այցին, Թրամփի մոտ «հարց լուծողի» որեւէ ֆունկցիա չունի: Եվ եթե Նիկոլը հույսերը կապել էր Մակրոնի հետ՝ Թրամփին գոնե ինչ-որ մոտեցումներ ներկայացնելու համար, ապա տեղյակ աղբյուրները խոսում են, որ տեղի ունեցած հանդիպումը նման որեւէ հույս չի արդարացրել: Թրամփն ընդամենը շատ կարճ խոսել է հետը, բավականին սառը, անգամ առանց ձեռքը սեղմելու լուսանկարվել, եւ վերջ: Որեւէ հետաքրքրություն ինչպես Նիկոլի, այնպես էլ հայաստանյան ուղղության նկատմամբ, ըստ նույն խոսակցությունների, չի եղել: Այսինքն, եթե Նիկոլն այս հանդիպմամբ փորձում էր գլուխ հանել, թե ԱՄՆ գնացող վարչախմբի հետ կապված ֆիասկոյից հետո ինչ սպասելիքներ կարող է ունենալ նոր վարչախմբից, ապա արդյունքը մոտ է զրոյին: Ավելին, անգամ Մակրոնը որեւէ նոր բան ասել չի կարողացել՝ նրա նկատմամբ Թրամփի հետաքրքրությունը սահմանափակվել է տանտիրոջ հանդեպ սովորական քաղաքավարության շրջանակներում, եւ վերջ, որեւէ լուրջ բան չկա:
Մի խոսքով, Նիկոլը մնում է հին կոտրած տաշտակի առաջ: Ավելի ճիշտ, այս անգամ այդ տաշտակից վերջնականապես է դուրս մնացել ամերիկյան բաղադրիչը, որի հետ մեծագույն հույսեր էր նա ժամանակին կապում. հները հեռանում են, նորերը ցուցաբերում են զրոյին մոտ հետաքրքրություն: Թուրքական ուղղությունն էլ վերջին իրադարձությունների ֆոնին իր հերթին է ծայրահեղ անկանխատեսելի դարձել՝ վտանգի հնարավորություններով հանդերձ:
Մի խոսքով, վաղը Մոսկվայում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների, ապա նաեւ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերն են: Թերեւս, դրա շրջանակներում Նիկոլի հետագա քայլերի մասին որոշակի պատկերացումներ կձեւավորվեն: