Ինչու AMVA-ի կազմակերպիչներին անվանեց «գեյ». Շպռոտը փակագծեր է բացում
ՄշակութայինԱՄՆ-ի Dolby թատրոնում տեղի է ունեցել ամենամյա Armenian Music Video Award հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են հայտնի արտիսներ թե՛ Հայաստանից, թե՛ Միացյալ Նահանգներից։ Սակայն այն այդքան հնչեղություն չստացավ, որքան երգչուհի Անի Թովմասյանի` նույն ինքը՝ Շպռոտի տեսաուղերձը՝ կապված մրցանակաբաշխության հետ:
Երգչուհին վիրավորվել է, քանի որ իրեն չեն հրավիրել այդ միջոցառմանը, ինչի պատճառը չի կարողանում հասկանալ, բայց ունի ենթադրություններ: Ինչպես նաեւ երգչուհին իր խոսքում չի մոռանում «պորտը տեղը դնելու» մասին եւ հիշեցնում է, որ երբ պետք էր, կազմակերպիչներից մեկի (անունը չի շեշտվում) մորաքրոջ առիթին երգել, միանգամից իրեն են խնդրել, ինչն ինքն արել է մեծ սիրով ու անշահույթ՝ ընկերական:
«Ես ինքս չգիտեմ, թե ինչու չէին հրավիրել, բայց ունեմ ենթադրություններ: Երբ արտիստին չեղարկում են հեռուստատեսությունից, ռադիոյից, այսպես ասած՝ «cancel culture» են անում, ԱՄՆ-ում դա անում են այն արտիստների հետ, որոնք բռնաբարության հոդվածի համար են մեղադրվում, կամ ովքեր իրենց խելոք չեն պահում: Մեր հայկական իրականության մեջ, պարզվում է, այլ բանի համար են չեղարկում: Համերգի կազմակերպիչներից շատերին ճանաչում եմ, նրանք արտիստներ են, ում ես համարում էի ընկերներ, ովքեր ինձ տեսնելուց գրկախառնվում են, իմ դեմքին ժպտում, բայց ինչ-որ խնդիր ունեն: Միգուցե, որ ես հավատացյալ եմ դարձել, դա է պատճառը, քանի որ այսօր գեյերն ինձ հետ խնդիր ունեն: Դրանք, ուղղակի, ենթադրություններ են, չեմ ուզում հավատալ, որ դա է պատճառը, բայց կարծում եմ՝ ոչ թե ժողովուրդը չի ցանկացել ինձ տեսնել, այլ իմ գեյ կոլեգաները: Ինձ «cancel culture» ասվածն անում են կոլեգաներս»,- ասել է երգչուհին: Այս ամենը առավել մանրամասն հասկանալու համար «Իրավունք»-ը խոսեց ՇՊՌՈՏԻ հետ:
— Դուք բավականին վրդովված տեսաուղերձ էիք արել ու, կարծես, նեղացած եք, որ Ձեզ չէին հրավիրել Հայկական երաժշտական մրցանակաբաշխությաը: Շեշտել էիք, որ Ձեր երկրպագուների համար եւս եղել է տարօրինակ՝ Ձեզ այնտեղ չտեսնելը, սակայն փոխարենը նրանք տեսնում են, ինչպես Դուք եք նշել «դեղնակտուցիկների»: Ի վերջո, ամփոփելով այս թեման, ի՞նչ կասեք տեղի ունեցածի մասին:
— Ես ունեմ սիրված հիթեր, եւ ողջ ազգն իրենց խնջույքներին ուրախանում է իմ երգերի տակ։ Այնպես չէ, որ ես չեմ աշխատել։ Կարծում եմ՝ այդ հարցը տեղին էր տրված, թե ես ինչու ընգրկված չէի այդ մրցանակաբաշխությանը: Ի դեպ, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, որտեղ հասնելու համար ինձ ինքնաթիռի տոմս պետք չէր ու անգամ «վիզա»: Մենք՝ արտիստներս, աշխատում ենք տարիներով, քրտնաջան, հանրության համար։ Եվ երբ մրցանակաբաշխություն է լինում, հանդիսատեսը ուզում է իր սիրելի արտիստին տեսնի այդ օրը։ Եվ երբ իմ համեստ հանդիսատեսը եւ հետեւորդները ինձ չտեսան այդ օրը, ինձ բազում նամակներ գրեցին՝ հարցնելով, թե Շպռոտն ինչո՞ւ չկա։ Ես էլ փորձեցի նման կերպ պատասխանել նրանց այդ տեսաուղերձով:
Իսկ մեր այն հարցին, թե՝ ո՞ւմ նկատի ուներ «գեյ» ասելով, Շպռոտը թողեց անպատասխան։ Հավանաբար, երգչուհին փոշմանել է նման կտրուկ արտահայտություն անելու համար կամ՝ գուցե ոչ։ Ամեն դեպքում, «Իրավունք»-ը, լինելով հավատարիմ օբյեկտիվ լրատվության սկզբունքներին, փորձեց խոսել նաեւ մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկի՝ հաղորդավար, պրոդյուսեր ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց: Այնուհանդերձ,այս հարցը կպահենք դիտակետում եւ հնարավորության դեպքում կներկայացնենք նաեւ մյուս կողմի տեսակետը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ