Այսօր Շնորհակալության միջազգային օրն է
Հասարակություն
Հունվարի 11-ը օրացույցի ամենաքաղաքավարի և բարի օրն է. այսօր շնորհակալության միջազգային օրն է:
Հոգեբանները համարում են, որ շնորհակալական խոսքը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ թե՛ ասողի, թե՛ հասցեատիրոջ համար: «Շնորհակալություն հայտնելով՝ դու գնահատում ես դիմացինիդ վերաբերմունքը, և դա դրական նշանակություն ունի: Շնորհակալության անկեղծ խոսքը բարձրացնում է ասողի ինքնագնահատականը, օգնում է հաղթահարել սթրեսը, շնորհակալությունը օգտակար է նաև հասցեատիրոջ համար, որովհետև դու հայտնում ես քո երախտիքի խոսքը իր արածի, վերաբերմունքի համար, շնորհակալությունը սոցիալական փոխազդեցության ընդունված ձև է»,-նշում է հոգեբան Մանե Հակոբյանը:
Մենք` հայերս, վերջին տարիներն շնորհակալություն բառը փոխարինել ենք «մերսի»-ով, որը երևի ավելի հարմար է: Գրականագետ Լիլիթ Սեյրանյանի կարծիքով, հայերը «mersi» ֆրանսերեն բառն օգտագործում են հայերեն շնորհակալության փոխարեն, քանի որ «մերսին» ավելի հարմար է և կարճ: Նրա տեղեկացմամբ, հայերը այն սկսել են գործածել սկսած 19-րդ դարավերջից, երբ հայերի և ֆրանսիացիների շփումներն ավելի լայն բնույթ ստացան:
Չմոռանանք, որ հայ ենք, որ մեր շնորհակալությունը շատ ավելի գեղեցիկ է և հնչուն, և ամեն օր իրար շնորհակալություն հայտնելիս հիշենք, որ ճշմարիտ և անկեղծ երախտագիտության խոսքն այն է, որը բխում է սրտի խորքից: Շնորհակալություն նյութն ընթերցելու համար, -«Իրավունքի»-ի ընթերցող։