«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ, ՀՐԱԴԱԴԱՐԻՑ ԺԱՄԵՐ ԱՌԱՋ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հասարակություն
2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՀԱՅԿ ԱՇՈՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էր։ Այսօր, հունվարի 11-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 23-տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.
- Հայկը ծնվել է 2002 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ 2008-2020 թթ. սովորել է Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում։ Նա շատ աշխատասեր ու նպատակասլաց էր դեռ մանկուց։ Բոլորին օգնող, շատ սիրված ընկեր էր, իսկ դպրոցում ընդունակ աշակերտ էր, ով վայելում էր ոչ միայն հասակակիցների, այլև ուսուցիչների հարգանքը։ Բազմաթիվ նախասիրություններ ուներ նա, արվեստ, սպորտ, սիրում էր նկարել, հաճախում էր նկարչական խմբակների։ Սիրում էր նաև սպորտով զբաղվել, հաճախել է ըմբշամարտի, զբաղվել ուշու մարտարվեստով։ Հայկը, իր նախընտրած ոլորտներում բազմիցս աչքի է ընկել հաղթական մրցույթներով և արժանացել պատվոգրերի ու մեդալների։ Դպրոցն ավարտելուց հետո Հայկը ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «սերվիս» բաժինը։ 18 տարին լրանալուց հետո, գերազանց հանձնել է նաև վարորդական իրավունքի բոլոր քննությունները և ձեռք բերել վկայական։ 2020 թվականի հուլիսի 31-ին, զորակոչվել է Հայկական բանակ։ Ծառայության է անցել Վայքում, սակայն 2020 թվականի լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղափոխվել է ռազմաճակատ, մասնակցել ռազմական ու պաշտպանական գործողությունների, տարբեր տարածքներում։ Պատերազմի թեժ օրերին եղել է Մեխակավանում, ապա Հայկին զինակից ընկերների հետ տեղափոխել են Շուռնուխ գյուղի պաշտպանական դիրքեր, որտեղ էլ պատերազմի վերջին օրը, հրադադարից ժամեր առաջ հերոսաբար զոհվել է։ Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար Հայկը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ