2018-ին Նիկոլի համար դոշ տվողների դիմակահանդես
Վերլուծություն
Ովքեր 2018-ին անմասն չէին «Սերժ մերժելուց», պարզվում է՝ 7 տարի անց էլ մնացել են նույն գծի մեջ, մինչդեռ միամիտ ժողովուրդը կարծում էր, թե խելքի են եկել գոնե քաղաքական մի շարք գործիչներ ու հիմա, իրոք, ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար:
Իբր հականիկոլական որոշ «ընդդիմադիրներ» շարունակում են «Սերժ մերժել» եւ տիրաժավորել, որ Նիկոլը «Սերժի պրոյեկտն» է: Բայց, չգիտես ինչու, հենց իրենք՝ ասողներն էին փողոցում «դմփ-դմփ-հու» անում ու ազգի գլխին Նիկոլ բերում: Ու ամենաբարձրն ո՞վ է խոսում այսօր, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը: Նա, ում մասին հռչակավոր սորոսական Արսեն Խառատյանն ասել է. «2018–ի հետհեղափոխական օրերն էին, ես արդեն նշանակվել էի Նիկոլի խորհրդական: Ուշ գիշեր էր: Զանգեց Անդրանիկ Թեւանյանը, որին մինչ այդ անձամբ չէի ճանաչում: Ասաց, որ շտապ բան ունի փոխանցելու վարչապետին եւ ուզում է ինձ տեսնել: Ասացի, որ կարող է գալ իմ տուն: Կես ժամ անց եկավ՝ իր հետ բերելով մի փակ ծրար, ուշադրություն՝ Սամվել Բաբայանի անունից: Ընդ որում, Թեւանյանի պնդմամբ, անվտանգային կարեւորության նյութերով այս փաթեթը պետք էր գերհրատապ կերպով փոխանցել վարչապետին, ինչը եւ ես արեցի հաջորդ օրը»:
Ընդհանրապես, սորոսականների եւ Թեւանյանի հարաբերությունները տարբեր փուլերում անչափ հետաքրքիր են: Եվ ինչքան շատ է խոսում Թեւանյանը, այնքան ավելի անհարմար վիճակում է դնում ինքն իրեն: Այն, որ ի ցույց հանրության, ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը սոցցանցում ճպացրել էր Թեւանյան Անդոյի Սորոսի հիմնադրամից ստացած 14260 դոլար գրանտի մասին փաստ, ի վերջո, վերջինս որոշեց արձագանքել: Ասում է, թե 2009 թվականին այդ գրանտը ստացել էր, որպեսզի զարգացներ իր կայքը՝ տիրաժավորելով մտքեր, որ արմատապես դեմ է Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությանը, տնտեսական քաղաքականությանը: Ավելին՝ Թեւանյան Անդոն հպարտությամբ ընդգծում է, որ աշխարհում թերեւս միակն է, ով Սորոսից գրանտ է ստացել, որպեսզի կայքի ռուսերեն բաժինն ակտիվացնի: Այո, այո, ճիշտ հասկացաք, ըստ էության, ստացվում է, որ Թեւանյանը խոստովանում է՝ սորոսականության քարոզ է իրականացրել նաեւ ռուսերենով:Էլ չասենք, որ սրանով նաեւ փաստում է, որ Սորոսի փողերով՝ քաղաքական պատվեր է կատարել՝ ընդդեմ այն ժամանակվա իշխանության: Եվ վերջապես, գոնե հիմա ծիծաղելի է ֆուտբոլային դիվանագիտությանը դեմ լինելու մասին հպարատանալը: Նախ այն առանց նախապայմանների էր եւ չէր ենթադրում Հայոց ցեղասպանության ուրացում: Երկրորդ՝ հայաստանյան նախաձեռնություն էր, որը արցախյան ճակատում ընթացող դիվանագիտական ու ռազմական միջամտությունից Թուրքիային զսպող դերակատարություն ունեցավ: Էլ չասենք, որ մեծ քաղաքագիտական գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եղել եւ մնում է մեր պետականության անվտանգության, հարատեւության ու ինքնիշխանության երաշխավորման առանցքային խնդիրներից մեկը, ինչի այն ժամանակվա լուծմանը, փաստորեն, դեմ էին Թուրքիան ու թեւանյանները:
ԹԵՎԱՆՅԱՆԻ «ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆ» ԼԻԵՆԼՈՒ ՄԻՖԸ
Այս ամենի ֆոնին ամենասյուռը գրանտակեր Թեւանյան Անդոյին «պրոռուսական» ներկայացնելու ապարդյուն ջիգերն են: Ախր, շատ քաղաքական գործիչներ այսօր լավ էլ հիշում են, թե 10-15 տարի առաջ ինչպիսի ջանասիրությամբ էր արեւմտաեվրոպական ալիքի վրա: Դե, իհարկե, այսօր կասի՝ ես մեղավոր չէի, Սորոսի գրանտն էր մեղավոր ու նախկինները: Բայց մնում է հարց, թե հետո, երբ իր քաղաքական հայացքները փոխվեցին, ինչպե՞ս կարող էր ողջունել Նիկոլի իշխանափոխությունը, հետո նրա խորհրդականի միջոցով ծրար փոխանցել, հիմա էլ Նիկոլին բերելու մեջ մեղադրել Սերժ Սարգսյանին: Ասեք, որ առնվազն, քաղաքական «ֆոկուսնիկ» պետք է լինել՝ ապավինելով ժողովրդի կարճ հիշողության վրա: Բայց սա էլ դեռ մի կողմ:
Եթե «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը դարձավ «պրոռուսական»՝ պատվիրակությամբ մեկնելով Դոնբաս՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն, ապա այստեղ եւս հարցեր կան: Այցից հետո՝ ամբողջ պատվիրակությամբ երդում-պատարագ էին տալիս, որ իրենց այցը մարդասիրական, ճանաչողական բնույթի է: Մի հատ էլ հորդորում էին լրագրողներին՝ այցի վրա գեոպոլիտիկ շեշտադրում չանել: Եվ առ այսօր օդում կախված է մնում հարցը՝ «Մայր Հայաստանը» ճանաչո՞ւմ է Դոնբասը՝ Ռուսաստանի անքակտելի մաս կամ գոնե Ղրիմը: Օրինակ, Թեւանյան Անդոյի դուխը կհերիքե՞ր պատգամավոր եղած ժամանակ այցելել Ղրիմ ու հայտարարել. «Ղրիմը Ռուսաստան է, ինչպես, որ Արցախը Հայաստան է»: Եվ վերջապես, թունդ «պրոռուսական» Թեւանյանի դաշինքում տեսե՞լ եք ովքեր են: Հիշեցնենք, որ նրա ցուցակում երկրորդ համարը «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն էր, ում ամբողջ քաղաքական անցյալը հայտնի է, որպես ԱՄՆ դեսպանատան հաճախորդ, թեպետ վերջում նրան էլ «գցեցին»: Կամ, օրինակ, Ստեփան Դանիելյանը, էլի Սորոսի հիմնադրամի շահառու, ի դեպ, նա էլ ժամանակին գրանտներ էր ստանում եկեղեցու դեմ կեղտոտ քարոզ իրականացնելու համար: Դե տարբեր «տուզիկների» մասին նույնիսկ ավելորդ է խոսել, սրանք 2018 թվականի իշխանազավթման գործընթացին գիտակցաբար սատարողներն էին, իսկ հիմա հանկարծ նկատել են, որ Նիկոլն արեւմտամետ է, իրենք էլ՝ Թեւանյանի վահանն են:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԹԵՎԱՆՅԱՆՆ ԸՆԿԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՋԵԲԸ
Բայց որտեղի՞ց Անդրանիկ Թեւանյանն ընկավ ընդդիմության ջեբը: Սա էլ ոչ պակաս ուշագրավ է եւ ուսումնասիրության կարիք ունի: Ժամանակին ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թեւանյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, այն ժամանակ քաղաքագետ որպես հանդես եկող Գեղամ Նազարյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, ռեժիսոր Վահե Հախվերդյանը, քաղաքագետ Նինա Մարգարյանը, գործարար Վարդան Թովմասյանը եւ քաղաքական մեկնաբան, արեւելագետ Արտակ Բշտիկյանը հայտարարել են նոր`«Համախմբում» կուսակցության ստեղծման գործընթաց նախաձեռնելու մասին: Համաձայնեք, որ վերոնշյալների շարքերում կան անուններ, որոնց համարել պրոռուսական կամ՝ գոնե Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակից, առնվազն, մեծ մեղք կլինի: Ինչեւէ, «Համախմբում»-ը հետո դարձավ ՕՐՕ դաշինքի մաս, որտեղ միավորվեցին Վարդան Օսկանյանը, այսօր արդեն ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ այն տարիներին ամենաարեւմտամետ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իհարկե, թե ինչը կարող էր այս «աջաբսանդալ»-ին միավորել, դժվար է բացահայտ գաղափարական հենք գտնել, բայց նրանք մի ընդհանրություն ունեն՝ 2018-ին «Սերժ էին մերժում», իսկ հետո՝ հայտնվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճամբարում:
Իսկ հիմա ինչպե՞ս է վերաբերում Ռոբերտ Քոչարյանն Անդրանիկ Թեւանյանին, ով Սեյրան Օհանյանի հետ միասին, դարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հետո էլ Երեւանի քաղաքապետ դառնալու հույսով վայր դրեց մանդատը: Ահա, թե ինչ է ասում այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ վերոնշյալ խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը: Հարցին՝ Անդրանիկ Թեւանյանն իրենց թիմակի՞ցն է համարվում, նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձագանքել է. «Անդրանիկ Թեւանյանը եղել է «Հայաստան» դաշինքով պատգամավոր, հետո ինքը դուրս է եկել: «Հայաստան» դաշինքը սատարել է նրանց մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին: Հիմա նա առանձին իր գիծն է տանում, իր շարժումն ունի, այնպես որ, այստեղ կարծում եմ՝ ամեն ինչ ակնհայտ ու պարզ է»: Փաստորեն, ստացվում է, որ Թեւանյան Անդրանիկից Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը վաղուց է լվացել, մնում է՝ քոչարյանականները եւս սա հասկանան ու առանձնապես չհուզվեն սոցցանցերում, վաղը կարող է հենց իրենք հայտնվեն անհարմար դրության մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ