Կարո՞ղ է «հին»-ը խառնել են «նախկին»-ի հետ. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Օրվա իշխանությունը հերթով, շարքով, կարգով բոլոր տոները վերածում է հիշատակի օրերի՝ օրացույցի կարմիր շրջանակները սեւացնելով: Հիմա էլ ի չիք են դարձնում հին Նոր տարին, որը նշվում է հունվարի լույս 14-ի գիշերը։ Հապշտապ ապամոնտաժվել է Հանրապետության հրապարակի ՏՈՆԱԾԱՌԸ: Իսկ թե ինչո՞ւ, Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տվել է ոչ մի կերպ չարդարացնող պատասխան: «Քանի որ տոնածառի լույսերի վառման արարողությունը, քաղաքի ամանորյա լուսավորությունը նախորդ տարի դեկտեմբերի 8-ից է մեկնարկել, դրանով պայմանավորված այս տարի ավելի վաղ են տոնածառը հավաքում, ինչպես նաեւ ամանորյա լուսավորումը։ Փաստացի 1 ամիս թե՛ տոնածառի լույսերը, թե՛ քաղաքի ամանորյա լուսավորությունը միացված է եղել», - նշել է նա: Հիմա ինչպե՞ս հասկանալ՝ լույսի փո՞ղը չի հերիքել, տարրական մաթեմատիկայի՞ չեն տիրապետում պատասխանատու անձինք, որ եթե դեկտեմբերի 8-ին են մեկնարկել տոնական լուսավորությունը հունվարի 8-ին դառնալու էր մի ամիս: Թե՞ ո՛չ տեսել էին, ո՛չ լսել, որ հունվարի 13-ին հին Նոր տարի է: Կարո՞ղ է «հին»-ը խառնել են «նախկին»-ի հետ ու վատ «խասյաթի» համաձայն՝ մերժել են: Ի՞նչ ասես, այս տոնն էլ հարամեցին, որովհետեւ էլ ի՞նչ Նոր տարի՝ առանց Տոնածառ, ինչպես Նիկոլի իշխանության սիրելի երգիչ Թաթա Սիմոնյանը կասեր. «Ասես հարսանիք՝ առանց հարս, առանց փեսա, առանց պար»:
ԱԳ նախկին նախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ վերաբերյալ ուշագրավ անդրադարձ է կատարել արցախցի հրապարակախոս, ՀՀ եւ Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Նա մասնավորապես նշել է. «Հիմա, որ ամերիկացի քաղաքագետ, նախկին պետքարտուղար Բեյքերի խորհրդատու Պոլ Գոբլը Վարդան Օսկանյանին դատի տա եւ պատասխանատվության կանչի, թե ինչո՞ւ է Մեղրին Ադրբեջանին հանձնելու իր «ջհուդա-մասոնական» ծրագրի հեղինակային իրավունքը վերագրել Հեյդար Ալիեւին, Հայաստանի արտաքին քաղաքականության նախկին ճարտարապետն ի՞նչ է պատասխանելու, որ վերցրել, Նոր տարվա առաջին հարցազրույցում հայտարարել է, թե՝ ԼՂ կարգավորման «տարածքների փոխանակման» գաղափարը 1999թ. Հեյդար Ալիեւն է Ժնեւում ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին: Իրենք էլ տեղում քննարկել եւ համոզվել են, որ նա պատրաստ է հրաժարվել Արցախից եւ Լաչինի շրջանից, մնում է այնպես բանակցել, որ փոխարենը Հայաստանի տարածքից մեկ մետր չզիջվի, Ադրբեջանին միայն Նախիջեւանի հետ կապ տրվի: Օրինակ, էստակադա կառուցելու ձեւով»: Աթանեսյանը հարց է բարձրացնում՝ ոչ մեկի մտքով չի՞ անցել, թե «ինչ կրետ է խայթել» Ալիեւին, որ «ընդհանուր պետություն» առաջարկը մերժելուց մեկ տարի հետո՝ այնքան բարեսիրտ է դարձել, որ Նախիջեւան «ոտաց ճանապարհ» ստանալու դիմաց «հրաժարվում է Արցախից եւ Լաչինից». «Նման դեպքում ղարաբաղցին ասում է. «Էդ խելքով քանի՞ ախպեր եք»: Ավելի ճիշտ՝ «էդ սուրբ միամտությամբ» քանի՞ հիվանդ էիք»:
Զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում ոչ միայն մեր երկրում, այլեւ աշխարհում: ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի այն հայտարարությանը, թե Կանադան եւ Գրենլանդիան պետք է միանան Միացյալ Նահանգներին, արձագանքել է Մեքսիկայի նախագահ ԿԼԱՈՒԴԻԱ ՇԵՅՆԲԱՈՒՄԸ եւ ընդգծել. որ եթե խոսում ենք պատմական արդարության հաստատման մասին, ապա ԱՄՆ-ը պետք է վերադառնա 1500-ական թվականների քարտեզներին եւ վերականգնվի Մեքսիկայի պատմական հողերը: Այստեղ են ասել՝ բախտի տերը թաղենք, ամբողջ աշխարհում հողի կռիվ է, իսկ Փաշինյան Նիկոլը մի բան էլ ինքն է ուրանում մեր պատմական հողերը:
Զարմացած է «Իրավունք»-ը