ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ
Վերլուծություն
2025թ.-ը հայաստանյան արեւմտամոլական դաշտը սկսեց մեծագույն հրճվանքով: Մի կողմից, Եվրամիությանն ենք «անդամակցում», քիչ մնաց, հայաստանյան թոշակառուները 3000 եվրո թոշակ «կստանան»: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ ենք «դարձել» ռազմավարական գործընկեր:
ՀԻՄԱ ԷԼ ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆ» ԵՆՔ
Իրականում թե ինչ կա նիկոլյան խունտայի այս նոր խոստումների տակ, դժվար չէ տեսնել: Այն, որ, Մեդվեդեւի ասածով՝ «հայ ղեկավարների՝ ԵՄ հետ ամուսնանալու ցանկությունը» իրականում սովորական քարոզչական «բլեֆից» այն կողմ չի անցնում, հենց համապատասխան որոշումն ընդունելու ժամանակ հասկացնել տվեց Նիկոլը՝ հայտարարելով, որ դա միայն հանրաքվեով կարող է տեղի ունենալ: Իսկ հանրաքվե, ոչ միայն ԵՄ-ի, այլ ցանկացած հարցով Նիկոլը երբեւէ չի անի, լավ հասկանալով, որ դա միանգամից կվերածվի իր նկատմամբ հանրության խորը անվստահության ակցիայի: Բացի այդ, Նիկոլը նույնքան արագ էլ շտապեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի բերանով հայտարարել, թե գիտեք, Հայաստանի մտքի ծայրով անգամ չի անցնում ԵԱՏՄ-ից դուրս գալ: Պապոյանը նաեւ մի փոքր կմկմաց, թե իրականում ինչու են խոսում ԵՄ-ի ուղղության մասին, բայց այդ ամենին հազիվ թե որեւէ մեկը ուշադրություն դարձնի:
Եվ ահա եվրոպական այդ «ամուսնությունից» եւ հետագա նվնվոցներից հետո, նորից առաջին պլանում հայտնվեց Միրզոյան Արոն, թե՝ Բլինքենի հետ «Ռազմավարական գործընկերության մասին» փաստաթուղթ է ստորագրելու: Մեկ համեմատություն. հունվարի 17-ին նաեւ Ռուսաստանն ու Իրանն են պատրաստվում ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել: Դրա տեքստի վրա աշխատել են տարիներով, այն ստորագրվելու է նախագահների մակարդակով: Ու հիմա Արոն, արդեն փաստացի գործազուրկ Բլինքենի հետ ինչ-որ անհայտ թուղթ է ստորագում, եւ դրա անունն էլ են դրել «Ռազմավարական գործընկերության մասին» փաստաթո՞ւղթ:
Լավ, ասենք «Ռազմավարական գործընկերություն»: Բայց դրա տակ ի՞նչ կա: Հեղինակավոր միջազգայնագետ, ամերիկյան ուղղությունից քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը շտապեց բացատրել, որ այդ փաստաթուղթը․ «Իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում… Հիշեցնեմ, որ Վրաստանը դեռեւս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ի հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք: Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որեւէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք եւ զինամթերք չի վաճառելու եւ չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձեւաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի, կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջեւ շփման միջոցառումներին… Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին եւ սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն: Միջուկային էներգետիկայի ոլորտում կարծում եմ ցանկություն կա ամերիկյան միջուկային փոքր կայանների տեղակայում Հայաստանում»:
Կարճ ասած, միգուցե մի քանի դոլար այդ թղթի հաշվին Հայաստանը ստանա: Բայց եթե մեր տեղական արեւմտամոլները «տակից» փորձում են հասկացնել, թե էս է, ամերիկացիները զորքերն առած կգան մեզ օգնելու, ապա դա, ըստ Ս.Սարգսյանի մեկնաբանության իմաստի, հաստատ վերածվելու է հայաստանյան լեռների եւ բրիտանական նավերի մասին հայտնի պատմությանը:
ԹՐԱՄՓԻՆ ՊԵ՞ՏՔ ԵՆ ԲԼԻՆՔԵՆԻ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԹՂԹԵՐԸ
Ընդ որում, այդ մի քանի դոլարն էլ կստանանք լավագույն դեպքում, քանի որ միջազգայնագետը նաեւ այս էական հարցն է առաջ քաշում. «Արդյոք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավո՞ր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ: Սա առավել բարդ է լինելու եւ կախված է բացառապես մեր աշխատանքից»:
Իմաստը, ըստ էության, սա է: Թե ինչու Արաբաթը կարող է արդեն ոչ մեկին չհետաքրքրող Բլինքենի հետ ինչ-որ բան ստորագրել, դա երեւի հասկանում են բոլորը. ՔՊ-ական հայտնի թեզով՝ «Ասել են, անում է»: Թե ինչու է հեռանալուց օրեր առաջ Բլինքենը նման հնչեղ անվանումով թուղթ ստորագրել, դա էլ կարելի է կռահել. այս պահին ԱՄՆ-ի հեռացող իշխանական խմբավորումը մեկ բանի վրա է կենտրոնացած՝ հնարավորինս շատ «ականներ» շարել եկող վարչակազմի ոտքերի տակ: Ընդ որում, կոնկրետ այս «ականի պայթյունը» կարող է Թրամփի համար անգամ աննկատելի դառնալ, եւ այդ տեսանկյունից Բլինքենը հերթական տափակ քայլն է կատարել, բայց Հայաստանի համար այն միանգամայն վտանգավոր է:
Այսպես, թե ինչ փաստաթղթեր են այս օրերին իրար հետեւից ընդունում պաշտոնական Վաշինգտոնում, նման է, որ Թրամփին առանձնապես չի էլ հետաքրքրում: Նրա թիմից այդ հարցում արդեն եղել են բացատրություններ. այն բոլոր փաստաթղթերը, որոնք կհամարվեն ոչ թե նույնիսկ իրենց համար վտանգավոր, այլ նույնիսկ ոչ օգտակար, նույնքան արագ էլ կչեղարկվեն:
Այս տեսանկյունից Սուրեն Սարգսյանը միանգամայն տեղին հարց է բարձրացնում՝ Արոյի հետ ստորագրվածը «հնարավո՞ր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ»: Ուրեմն, հնարավո՞ր է լինելու. այս հարցի պատասխանն այս պահին պարզապես չկա: Գլոբալ իմաստով խնդիրը սա է՝ ի՞նչ քաղաքական կուրս կորդեգրի Թրամփը հարավկովկասյան, ըստ այդմ, նաեւ հայաստանյան ուղղությամբ: Իսկ դա կախված է մեկ այլ մեծ հարցից՝ իսկ ի՞նչ հարաբերություններ Թրամփը կունենա Ռուսաստանի հետ, ըստ այդմ՝ կցանկանա՞ Հարավային Կովկասում պահել Մոսկվայի հետ այն ծայրահեղ սրության հասած բախումը, որը հետեւողականորեն սրում էր Բայդենի թիմը: Ու այս ամենը հիմա է որոշվում՝ Թրամփի թիմի եւ Մոսկվայի միջեւ ընթացող բանակցություններում եւ վերջնական տեսք կստանա Պուտինի եւ Թրամփի սպասվող հանդիպման (հնարավոր է՝ հանդիպումների) փուլում: Թե ինչ գլոբալ լուծումներ կլինեն, դրանից ելնելով էլ՝ պետք եղավ, Արոյի հետ Բլինքենի ստորագրած փաստաթուղթը կմնա, ավելի ճիշտ, եթե դրա կարիքը Թրամփն ունենար, նա առանց Բլինքենի էլ կարող էր նման փաստաթուղթ ստորագրել: Պետք չեղավ, այդ փաստաթուղթը մեն րոպեում կչեղարկվի: Պետք կլինի, թե՝ ոչ, այդ որոշումը դեռ չկա: Ու հենց այս հանգամանքից ելնելով է, որ Բլինքենի այս «ականը» Թրամփի համար էական չէ:
Բայց փոխարենը, կրկնենք, նման «ականը» Հայաստանի համար կարող է միանգամայն վտանգավոր լինել:
Այստեղ նախ նկատենք. այն ոգեշունչ որոշումները, որոնք Նիկոլի թիմն ընդունում է ոչ միայն ամերիկյան, այլ նաեւ եվրոպական ուղղությամբ, թերեւս հիմքում ունենալով եվրալիբերաստներից եկած հրահանգները, նորից իրենից փաստացի զրո արժեք են ներկայացնում: Նկատի ունենք, որ կովկասյան հարթակում եվրալիբերաստների ամբողջ քաղաքականություն կոչվածը ոչ այլ ինչ էր, քան ամերիկալիբերաստների «թիկունքային ապահովության» աշխատանք: Իսկ եթե Թրամփը հանկարծ փոխի կովկասյան ուղղությամբ այդ քաղաքական կուրսը, եվրալիբերաստների այդ «քաղաքականությունից», այդ թվում՝ Նիկոլի «եվրաերազանքներից» փաստացի կմնա զրո արժեք: Ու ի՞նչ կմնա դրանից հետո:
Այն, որ ինչպես եվրալիբերաստներից, այնպես էլ հեռացող ամերիկալիբերաստներից եկած ներկա բոլոր հրահանգներն ունեցել եւ հիմա էլ ունեն ընդամենը Ռուսաստանի դեմ կռվելու իմաստ, հին պատմություն է: Բայց հիմա իրավիճակը միանգամայն այլ է՝ այս բոլոր քայլերով, եթե Նիկոլին մղում են Մոսկվայի հետ ծայրահեղ թշնամության դաշտը, եւ հետո, եթե լիբերաստները, ԱՄՆ-ում իշխանությունների փոխվելու արդյունքում, ստիպված լինեն այդ կուրսից հետ քաշվել, ապա Նիկոլը դեմ առ դեմ է մնում Մոսկվայի հետ, իր այդ ծայրահեղության հասցրած թշնամանքով հանդերձ:
ԵՎՍ ՄԵԿ ԱՀԱԶԱՆԳ ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Իհարկե, նման իրավիճակում Օմեգան պարզապես «կթռնի»՝ ողջ մեղքը թողնելով Նիկոլի վրա: Սակայն այս դեպքում էականը ոչ թե Արոյի ու Նիկոլի լավն ու վատն է, այլ թե այդ իրավիճակն ինչ շրջադարձեր կունենա Հայաստանի համար: Դատելով հայտարարությունից, որով հանդես եկավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերը: Իմաստը սա է՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ծայրահեղ ծանր վիճակում կդնի Հայաստանին բոլոր առումներով՝ տնտեսությունից մինչեւ անվտանգություն: Ընդհուպ, դա էապես կազդի նաեւ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների վրա: Այն դեպքում, երբ. «Այսօր չափազանց կարեւոր է կենտրոնանալ երկրի անվտանգության խնդիրների վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության եւ մրցունակության բարձրացման միջոցով, եւ ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դնել տնտեսական շահերից։ Նման մոտեցման հետեւանքների օրինակները մենք կարող ենք տեսնել Վրաստանի իրավիճակում, որտեղ քաղաքական որոշումները բացասաբար են ազդել երկրի կայունության վրա»,- ամփոփել է Կարապետյանը։
Թերեւս, պատահական չէ, որ Ս. Կարապետյանն այս պահին է նման ահազանգ հնչեցնում: Իհարկե, կարելի է մտածել, որ նրա միջոցով Մոսկվայից է մի վերջին մեսիջ ուղղվում պաշտոնական Երեւանին, կարող է սա Կարապետյանի սեփական նախաձեռնությունն է: Սակայն այս ելույթը մեկ բան միանշանակ մատնանշում է: Այն, որ ռուսահայ գործարար դաշտը զգում է Մոսկվայում Հայաստանի, ավելի կոնկրետ՝ նիկոլիզմի հանդեպ ստեղծվող ծայրահեղ նեգատիվ վերաբերմունքը եւ մի վերջին փորձ են կատարում, որ իրավիճակը վերջնականապես չտեղափոխվի ծայրահեղ հարթություն: Հաշվի առնելով, որ միգուցե այս ամենի արդյունքում պարզապես Հայաստան չմնա, որ Նիկոլից հետո հնարավոր լինի նրա ավերածությունները շտկել: