ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Վերլուծություն
Մինչ Նիկոլն ակտիվորեն պատրաստվում է Արեւմուտքի հետ եթե ոչ «ամուսնության», ապա գոնե «նշանադրության» արարողության (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=302873&l=am), միանգամայն ակտիվ է հայաստանյան ուղղությամբ գործում Իրանը: Նախ, Հայաստանում էր Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար եւ, փաստացի, Ալի Խամենեիի աջ ձեռքը համարվող Ալի Աքբար Ահմադիան: Այս օրերին էլ Հայաստանում է Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը, որն ակտիվ շփումների մեջ է հայաստանյան պաշտոնական համակարգի հետ:
Թե որն է Իրանի այս ակտիվության իմաստը, դժվար չէ հասկանալ: Նախ, Թեհրանի համար լուրջ խնդիր է դառնում այն ակտիվությունը, որով նիկոլյան համակարգը ծավալվում է արեւմտյան ուղղությամբ: Այն պարզ հաշվարկով, որ Հայաստանը մնում է այն թելը, որով Իրանը կարող է կապվել Ռուսաստանի հետ: Իսկ դա Թեհրանի համար պետական անվտանգության հարց է, հաշվի առնելով նախ՝ սիրիական հայտնի իրադարձությունները, այդ ֆոնին՝ Իսրայելի եւ Թուրքիայի ակտիվացումը Մերձավոր Արեւելքում, որի փոխարեն իրանական պրոքսի ուժերն ունեցան զգալի անկում: Վերջապես, մեծ վտանգ են համարում նաեւ Թրամփի նախագահությունը, հաշվի առնելով, որ հենց նույն Թրամփն էր, որ իր նախորդ նախագահության ժամանակ չեղարկեց Իրանի հետ միջուկային գործարքը: Ու հիմա էլ իրեն դրսեւորում է, որպես շատ ավելի իսրայելամետ գործիչ, քան Բայդենն էր: Վերջապես, այն ագրեսիվ տոնը, որը Թրամփի թիմն արդեն իսկ դրսեւորում է իրանական ուղղությամբ, արդեն իսկ Թեհրանի համար ամենալուրջ ահազանգ է, որ ինչքան էլ Մասուդ Փեզեշքիանն իշխանության եկավ Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու գաղափարախոսությամբ, բայց հիմա ստիպված է բախվել բոլորովին այլ իրողությունների: Այն է՝ Արեւմուտքին եւ Իսրայելին պետք է ոչ թե Իրանի հետ կանոնավոր հարաբերություններ, այլ Իրանի նկատմամբ բացարձակ գերիշխանություն: Նաեւ, երբ բանը հասել է ԱՄՆ ընտրված նախագահի կողմից Իսրայելին հղված բացահայտ հրապարակային հորդորներին՝ հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, ապա նման իրավիճակում անվտանգության միակ երաշխիքը կարող է դառնալ Մոսկվայի հետ հարաբերությունների սերտացումը, այդ թվում՝ ռուսական միջուկային հովանոցի տակ տեղավորվելու տարբերակը:
Ըստ այդմ էլ՝ Հայաստանը դառնում է այն կարեւոր օղակը, որի կտրվելու դեպքում կմնա միայն Կասպից ծովը՝ դրա միանգամայն սահմանափակ լոգիստիկայով հանդերձ:
Առավել եւս, հենց այս պահին, երբ Մոսկվայի հետ հարաբերություններում բեկումնային փուլ է սպասվում, քանի դեռ Թրամփը չի մտել Սպիտակ տուն: Այսպես, հայաստանյան ուղղությամբ ներկա ակտիվությանը զուգահեռ, նախօրեին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Իրանի պետական հեռուստատեսությանը եւ ռադիոյին տված հարցազրույցում, այն է՝ իրանական վերին իշխանությունների «դաբրոյով» պաշտոնապես վերահաստատեց, որ հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կստորագրեն «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրը: Ավելին, դեսպանը նաեւ որոշ մանրամասներ բացահայտեց՝ դրանով ցույց տալով, որ այս գործընթացն արդեն վերջնական փուլն անցել է՝ մնում է միայն ստորագրումը: Մասնավորապես. «Համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված եւ ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները»: Ու տվյալ իրավիճակում, որը Թեհրանի համար դառնում է ամենակարեւորը, այդ «բոլոր ոլորտներ» ասվածի մեջ է նաեւ ռազմական համագործակցությունը: Ու հիշեցնենք, որ իրանական տեղեկացված աղբյուրների պնդմամբ, փաստաթուղթն ունի նաեւ արտաքին ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության դրույթ, ինչն արդեն իսկ Իրանի համար կարող է դառնալ ռուսական «միջուկային հովանոց»:
Ահա այս ֆոնին պատահական չէ, որ Մոսկվան էլ իր հերթին է ակնարկում, որ Հայաստանի հետ հարաբերությունների թեման ամենեւին էլ դեռ շրջված չէ, անկախ նիկոլյան ներկա գործողություններից: Մասնավորապես, Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու Երեւանի մտադրությունը, դա համարեց «Երեւանի ինքնիշխան իրավունք»՝ ավելացնելով. «Մենք նախկինի պես ելնում ենք գլխավորից։ Մենք երկկողմ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, մենք թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները, մենք մտադիր ենք դրանք զարգացնել այսուհետ եւս»: Այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում, եւ որ. «Այս ամենն ընդհանուր առմամբ համագործակցությունն է, որը նշանակալի դիվիդենդներ է տալիս Հայաստանին եւ նրա ժողովրդին։ Սրանից էլ մենք ելնում ենք»:
Իսկ ահա Լավրովը պաշտոնապես հայտարարեց. «Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ, նա հրավերն ընդունել է։ Մենք սպասում ենք նրան։ Հուսով եմ, որ այցը տեղի կունենա շուտով»: Մի խոսքով, նման է, որ շատ հետաքրքիր զարգացումներ առաջիկայում դեռ լինելու են: