Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածները
Ներքաղաքական
Սեւ ամպեր են կուտակվում ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» գլխին: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում շրջանառվում են լուրեր, թե «Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ վերջինիս եւ Նիկոլ Փաշինյանի քավոր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջեւ ծեծկռտուք է եղել: Ղալումյանն անգամ հիշել է Հայկ Սարգսյանի հորը՝ Զարեհ Սարգսյանին, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունում ղեկավարել է ՀՀ պետական մի շարք բարձր պաշտոններ. 1996 թվականից՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետն է եղել, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարը, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենը, ապա աշխատանքից հեռացվել է, քանի որ իր հասցեին այն ժամանակ մեղադրանքներ էին հնչում` չարաշահումների եւ պետական միջոցների յուրացման հետ կապված:
Ինչու «բանը հասավ դիվան բաշուն», տավուշցիները վստահ են, որ գիտեն պատասխանը: Պարզվում է, որ Հայկ Սարգսյանը քիթը մտցրել է այնտեղ, որտեղ բոլորովին պետք չէր: Նա բարձրաձայնել է Տավուշում առկա ապօրինի անտառահատումների մասին եւ շեշտել, որ այստեղ կոռուպցիոն սխեմա է տեսնում. անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական գործընթաց սկսել, բացահայտել ու պատժել բոլորին, ովքեր մեղավոր են, եթե անգամ լինի նախարար ու մարզպետ: Սակայն, ի զարմանս ՔՊ-ականների, Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին հայտարարում էր, թե «բացառված է, որ լինի որեւէ կոռուպցիոն դեպք, որը պատշաճ մակարդակով քննության չառնվի», հանկարծ ջղաձգվել է այս պատմությունից: Իսկ ուշագրավն այն է, որ ՔՊ-ականները զարմացել են, իսկ տավուշցիները՝ ոչ: Ասում են, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարզում անտառահատումների գրեթե մենաշնորհը տարիներ շարունակ եղել է Ղալումյանների հոր՝ ձյաձ Վալոդի եւ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբոր՝ Արտակ Փաշինյանի ձեռքում, հետեւապես Հայկ Սարգսյանի «դիվերսիան» անհարմար վիճակ է ստեղծել ե՛ւ մարզպետ Ղալումյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի համար: Մի՞թե այս մասին չգիտեր Հայկ Սարգսյանը, դժվար է ասել, իսկ գուցե գիտեր ու հենց հատո՞ւկ է արել՝ փորձելով ինքն էլ տարանջատվել նիկոլականներից, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, մեր տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը դեպքից հետո նախընտրել է մեկնել երկրից, հեռախոսն անջատել ու որոշ ժամանակ «շառից-փորձանքից» իրեն հեռու պահել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ