«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ, ցանկության բացակայությունը՝ դիմակայել Հայաստանի առջև երկրաչափական պրոգրեսիայով աճող օրհասական սպառնալիքներին, թերևս աքսիոմ է: Թշնամական երկրի ղեկավարի վերջին սպառնալիքները և առաջիկա պատերազմի փաստացի ազդակը, բնականաբար, նույնպես ադեկվատ արձագանքի չարժանացավ նիկոլփաշինյանական խմբակի կողմից:
Այս պարագայում չափազանց կարևոր է դառնում որոշակի չափորոշիչների հստակեցումը, որոնց պետք է համապատասխանի պատասխանատվություն ստանձնելու պատրաստ քաղաքական մի թիմ, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից, և որը ավելի շատ իր առաքելությունը կընկալի որպես յուրահատուկ «կամիկաձեի» առաքելություն: Հիշատակված չափորոշիչների շուրջ արդեն իսկ անհրաժեշտ է ձևավորել հանրային և նոր ձևավորվող էլիտայի կոնսենսուս: Այս առումով, կարծես թե, քաղաքական պահանջարկը ձևավորման վերջնական փուլում է:
Ինքնին հասկանալի է, որ պետականությունը վերականգնելու գերծանր և պատասխանատու գործընթացը պահանջում է ժամացույցի պես աշխատող քաղաքական և մասնագիտական թիմ: Երկրի նոր առաջնորդը պետք է կարողանա նաև կորդինացնել պետական համակարգի աշխատանքը 24/7 ռեժիմով՝ միևնույն ժամանակ փորձելով ներդաշնակ և հնարավորինս հանդուրժողական մթնոլորտ ձևավորել ներքաղաքական և հանրային կյանքում, այդ թվում՝ նաև կադրային հարցերում, հրաժարվելով այսօր էլ Հայաստանում շատ պոպուլ յար «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքից: Սակայն չի բացառվում, որ ներկայում անվտանգային իմունիտետից զրկված և հակառակորդ երկրների համար «պռախադնոյ դվորի» վերածված Հայաստանում փորձեր լինեն սաբոտաժի, վնասարարությունների և նման այլ գործողությունների: Հակաճգնաժամային երկրի ղեկավարը, հասկանալի է, պետք է ամենակոշտ գործիքակազմերով հետևողականորեն և համակարգային կերպով կասեցնի նման զարգացումները:
Ինչևէ, ապագա ղեկավարի կերպարի շուրջ շահագրգիռ քննարկումը թերևս նաև հանրային և փորձագիտական քննարկման առարկա կարող է լինել, և միգուցե այդ դեպքում հանրային և ներքաղաքական դաշտը, ինչպես նաև արտաքին շահագրգիռ խաղացողները ավելի հստակ պատկերացումներ կունենան Հայաստանի ապագա իշխանությունների համապարփակ նկարագրի մասին, իսկ ընդդիմադիր դաշտը զերծ կմնա անպտուղ մրցակցությունից և գզվռտոցներից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում