Աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը տարին մեկնարկել է կարևոր հանդիպումներով և նախանշել 2025-ի անելիքները
Սպորտ
Կարատեի և MMA մարզաձևում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկել են հետագա անելիքները և Կամո Ունանյանի նախորդիվ ձեռք բերած հաղթանակները՝ թե՛ MMA մարզաձևում և թե՛ կարատեում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը մասնավորապես նշել է, որ շատ ուրախ է Կամոյի հաջողությունների համար և նաեւ հպարտ է, որ Կամոն դեռ շարունակում է մասնակցել և բարձր պահել Հայաստանի դրոշը և պատիվը: Պարոն Ծառուկյանը հույս է հայտնել, որ 2025 թվականի ընթացքում Կամոն կրկին հաղթանակներ կգրանցի:
Հիշեցնենք, որ Կամո Ունանյանը մտադիր էր ավարտել սպորտային կարիերան՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով: Նա ունի բազմաթիվ լուրջ վնասվածքներ, սակայն որոշել է դեռևս մեկ տարի մասնակցել կարատեի տարբեր վարկածներով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու MMA-ի տարբեր կազմակերպությունների մարտերում: Այս տարվա ընթացքում Կամոն կունենա նաեւ 2 վիրահատություն, որից մեկը Գերմանիայում, սակայն սա նրան հետ չի պահի մրցաշարերին մասնակցելուց:
Նաև նշենք, որ Կամո Ունանյանը պետք է պայմանագիր կնքեր «Ասպերա» կազմակերպեւթյան հետ, որը զբաղվում է MMA-ի մարզիկների գործունեությամբ, բայց այդ պայմանագիրը չեղարկվեց, քանի որ նա վերջերս ստացել էր լուրջ վնասվածք: Ինչևէ, նկատենք, որ տարբեր կազմակերպություններ մշտապես ուրախ են տեսնել Կամոյին իրենց մրցաշարերում:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Կամո Ունանյանն արդեն իսկ նախանշել է անելիքների հաջորդականությունը:
«Այս տարվա մարտին Լեհաստանում նախատեսում եմ մասնակցել WKF մրցաշարին, որից հետո ապրիլին պլանավորել եմ «Նաիզա» կազմակերպությունում MMA մարտ: Իսկ հունիսին Խորվաթիայում, հուլիսին Շվեդիայում կարատեի տարբեր վարկածների առաջնություններում հանդես կգամ: Այդ մրցաշարերից հետո՝ արդեն ամռանը, կենթարկվեմ վիրահատության, որից հետո արդեն կերևա հետագա անելիքները», - նշում է նա:
