Ես որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մանրամասներ է ներկայացնում
Հանդիպում
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ վերջինումս ընդգրկված կլինեն նաև Միքայել Աջապահյանը և Ալբերտ Բազեյանը .«Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Եվ այսպես, «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է ԱզգԲանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
«Իրավունքի» հետ զրույցում, սակայն, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հերքեց վերը նշված ուժին իր միանալու փաստը մանրամասնելով․
-Ես բացարձականապես ոչ մի ուժի չեմ միացել, իրենք ինձ դիմել են, խնդրել են իմ խորհրդատվությունը, հոգեւոր առաջնորդությունը, ասել եմ՝ սիրով, ինչով կարող եմ օգտակար կլինեմ։ Բայց ես որեւիցէ մի ուժի միացած չեմ, որեւիցէ մի ուժի կամ խորհրդի անդամ չեմ։ Ավելին ասեմ, այնպես չէ, որ ես սրբազան պայքարին էի միացած, որ հիմա էլ դուրս գայի, այլ ուժի միանայի, ես սրբազան պայքարին սատարել եւ սատարում եմ պայմանավորված բացառապես Բագրատ Սրբազանի ֆակտորով։ Բայց ես որեւէ ուժի, կուսակցության, որեւէ խմբավորման կամ խորհրդի անդամ չեմ։
-Սրբազան, այսինքն առանց Ձեզ հետ համաձայնեցնելո՞ւ են Ձեր անունը պաշտոնական հաղորդագրության մեջ ներառել։
-Առանց իմ համաձայնության հարց չի, իրենք ասել են, որ մենք ուզում ենք Ձեր շուրջը համախմվենք, ասել եմ խնդրեմ։ Ասել են մենք ուզում ենք հայտարարությամբ հանդես գալ, ասել եմ խնդրեմ հանդես եկեք։ Բայց ես որեւէիցէ մի ուժի անդամ չեմ, ես պատրաստակամություն եմ հայտնել ամեն կերպ իրենց աջակցել հոգեւորականի մասնակցությամբ բարի նպատակների մեջ, այսքան բան։