«ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է ազատ ոճի անվանի ըմբշամարտիկ, Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Արման։ Շնորհավորում ենք տոների առթիվ, մաղթում նորանոր նվաճումների տարի։
- Շատ շնորհակալ եմ ։Ես էլ եմ շնորհավորում Ձեզ, բոլորին, իմ հայ ժողովրդին, զինվորներին, մաղթելով խաղաղ ծառայություն ։
- Ինչպես կամփոփես անցած տարին։
- Տարվա առաջին կեսը շատ լավ ստացվեց ինձ համար։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում դարձա Եվրոպայի չեմպիոն։
Հաղթանակս նվիրեցի անմահ հերոս եղբորս ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ պայծառ հիշատակին։ Երկրորդ հատվածում ոչ օլիմպիական քաշային կարգերի ԱԱ֊ում, ափսոս, պարտվեցի ու մեդալ չնվաճեցի։ Այս մասով մի փոքր անհաջող էր։ Ընդհանուր տարին կարող եմ համարել հաջողված, որովհետև առաջին անգամ իմ մարզական կարիերայում դարձա Եվրոպայի չեմպիոն։ Միշտ մի բան չէր բավականացնում ոսկե մեդալի համար, մեկնում էի Եվրոպայի առաջնության ու չէի կարողանում հաղթել։ Միշտ եմ ցանկացել լինել առաջինը, սակայն ինձ մոտ չի ստացվել։ 2024-ին ամեն ինչ այլ էր, շատ լավ էինք պատրաստվել ու յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս միայն հաղթանակի էի գնում։ Ինչպես ասում են, այդ օրն իմ օրն էր ու եղավ այն, ինչին երկար տարիներ ձգտել էի։ Այս առումով շատ յուրահատուկ դարձավ ինձ համար 2024 թվականը։ Հավատը մեծ էր, որ կկարողանամ դառնալ չեմպիոն։
- Իսկ ինչ տվեց քեզ այս մեծ նվաճումը։
- Մեծ փորձ ձեռք բերեցի։ Երբ դառնում ես չեմպիոն, մրցագորգի վրա ավելանում է ինքնավստահությունդ, մրցակիցներդ արդեն լիդերի աչքով են նայում քեզ։ Մրցագորգի վրա հենց այդպիսի վերաբերմունքի փոփոխություն զգացի ԱԱ֊ում ։Երբ առաջին անգամ հաղթում ես, հետո արդեն ավելի հանգիստ և ազատ ես լինում։ Շատ ոգևորում է այն, որ քեզ արդեն ընկալում են որպես ուժեղ հակառակորդ։
- Այնուամենայնիվ, ԱԱ-ում քեզ մեդալ նվաճել չհաջողվեց։ Ինչն էր պատճառը։
- Չստացվեց, չեմ կարող ասել, թե ինչու ։Բավականին լավ մարզավիճակում էի գտնվում, այնպես չէր, որ վատ էի զգում։ Ուղղակի չստացվեց։ 2024 թվականի բացթողումս համարում եմ Աշխարհի առաջնությունը, իսկ ամենամեծ հաղթանակը Եվրոպայի չեմպիոնությունը։
- Արման, իսկ ինչ նպատակներ ունես այս տարվա հետ կապված։
- Այս տարվա գլխավոր նպատակս ու մեծ երազանքս Աշխարհի առաջնությունում հաղթելն է։ Մինչև ԱԱ - ն, ունենք Եվրոպայի առաջնություն։
- Շնորհակալություն, Արման, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




