Հիմա էլ կախվել են «Կոզիրյոկից»
Հասարակություն
Հին Երեւանի կոլորիտը խորհրդանշող հայտնի «Կոզիրյոկ»-ը դարձավ հուշ, ավելի ճիշտ՝ պիցցայանոց: Հիշեցնենք, որ Օպերայի թատրոնի դիմաց գտնվող «Կոզիրյոկը» ստացել էր իր յուրահատուկ անվանումը սպորտային գլխարկի հովար հիշեցնող ձեւի շնորհիվ, որի ծածկի տակ էլ գտնվում էին սեղանիկները: Երկար տարիներ սրճարանի ղեկավարը եղել է Երեւանին շունչ ու ոգի հաղորդող հարազատ կերպարներից մեկը՝ Ռիփսիկ ծյոծյան, ում մասին անգամ երգիչ Ֆորշն է երգել իր «Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում» երգում: Սոցցանցերում երեւանցիները ցնցված են ու հուզված, իսկ թե ինչն է եղել «Կոզիրյոկ»-ի բովանդակային կերպարանափոխման պատճառը, «Իրավունք»-ին ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել:
Պարզվում է՝ երեւանցիների համար սուրճ եփող Ռիփսիկ ծյոծյայի ժառանգները թե՛ նրա կենդանության ժամանակ, թե՛ մահից հետո՝ վերջին 10 տարիների ընթացքում պայքարել են «Կոզիրյոկի» կոլորիտի պահպանման համար: Բայց քաղաքային իշխանությունը ֆանտաստիկ բարձր հարկեր դնելով՝ամեն ինչ արել է, որ «Կոզիրյոկ»-ը չկարողանան աշխատեցնել այնպես, ինչպես եղել է տասնյակ տարիներ:
Մեր հավաստի աղբյուրների համաձայն` «Կազիրյոկն» այս պահին էլ պատկանում է Ռիփսիկ ծյոծյայի թոռներին: Հենց նրանք էլ տարածքը ժամանակավորապես եւ վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ տվել են վարձակալության: Ահա հենց այսպես, Երեւանի կենտրոնում սպանվեց երեւանյան մի քանի սերնդի երիտասարդության խենթ ու ջերմ օրերի վերջին վկան: Սա է նիկոլական Հայաստանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
