«Պարապ մարդու օրը կտրվի». ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ազգային ժողովի նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ կիրակի օրով սոցցանցում ուղիղ եթեր է մտել: Իհարկե, բոլոր նորմալ մարդիկ կմտածեն, թե ինչ-որ հրատապ հարց կա երկրին վերաբերող, բայց փոդքաստ-Հայաստանում, ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Սիմոնյան Ալենի դարդը սոցցանցում ու մամուլում երեւալն է, եթե չասենք՝ զավզակելը: Եվ ահա Ալեն Սիմոնյանը դիմում է հանրությանը, թե առաջարկեք մի ոչ ստանդարտ ձեւաչափ, ուզում է հարցազրույց տալ: Ընդ որում՝ ոչ թե այս օրերին Բաքվում դատվող Արցախի ղեկավարության կամ խայտառակ բարձրացված հարկերի, թանկացված տրանսպորտի, ԱԺ մեկնարկող աշխատանքների մասին, այլ այն մարդկանց մասին, ովքեր իր կյանքում ինչ-որ դեր են խաղացել եւ իր հետ ճանապարհ են անցել: Ի՞նչ ասես, ժողովուրդը կասեր՝ «պարապ մարդու օրը կտրվի»: Հետաքրքիր է, իսկ Ալենի սիրտն Աղդամի նուռ չի՞ ուզում: Չէ որ ժամանակին նռով ֆոտոսեսիա էր անում եւ ասում, որ Աղդամն իր հայրենիքն է:
Անդադար կարելի է նայել ծովի ալիքներին, վառվող խարույկի կրակին ու նրան, թե ինչպես են արեւմտամետներն իրար ուտում՝ ամենարեւմտամետը երեւալու համար: Պարզվում է՝ «Ժառանգություն» կուսակցությունից արեւմտամետներին, այսպես ասած, ժառանգություն մնացած ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, որը «Եվրաքվեի» ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատուն է, դատի է տվել ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺԲ-ի խորհրդի անդամ Վահե Գասպարյանին եւ «Ազգային-ժողովրդավարական Բեւեռ» կուսակցությանը` զրպարտություն եւ վիրավորանք հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, ներողություն խնդրելու եւ հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, վճիռը հրապարակել պարտավորեցնելու եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով: Փետրվարի 17-ին կայանալիք սույն քաղաքացիական գործի նախնական դատական նիստին ընդառաջ Վահե Գասպարյանը գրել է. «Ես եւ իմ փաստաբանն անհամբեր սպասում ենք այդ օրվան՝ հույս ունենալով, որ իրեն հանրային հասարակական-քաղաքական գործիչ ներկայացնող Հովսեփ Խուրշուդյանը այս անգամ գոնե չի խուսափի դատական այս եւ բոլոր հաջորդ նիստերի բաց եւ հրապարակային ձեւաչափից, ինչպես, ցավոք սրտի, եղավ նրա` Ազգային ժողովրդավարական բևեռի դեմ ներկայացրած նմանատիպ հայցի դատական առաջին նիստի ժամանակ։ Սեփական ճշմարտացիության մեջ վստահ որեւէ անձ` առավել եւս հանրային հասարակական-քաղաքական գործիչ հանրությունից վախենալու կամ որեւէ բան թաքցնելու պատճառ չպետք է ունենա»։
Աշխարհում տնտեսության եւ տնտեսական հարաբերությունների փոփոխությունն արդեն ոչ թե տարիների կամ շաբաթների հարց է, այլ օրերի եւ ժամերի: Արագությունն արդեն ոչ միայն չի ենթարկվում որեւէ տրամաբանության, այլ իսկական խենթություն է դարձել: ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ հայտարարել է TRUMP կրիպտոարժույթ թողարկելու մասին եւ ի՞նչ… 24 ժամում կապիտալիզացիան հասել է 7 միլիարդ դոլարի՝ այնքան, որքան չէր աշխատել իր ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին՝ գինը գնալով աճում է: Մեկ օրում մեկ միլիարդ միավոր թողարկված քոինի 80 տոկոսն արդեն վաճառվել է: Իհարկե, Թրամփից շատերը ակնկալում էին, որ խոստմանը համաձայն, մինչեւ Սպիտակ տուն հասնելը դադարեցնելու է ռուս-ուկրաինական պատերազմը, բայց պաշտոնին անցելուց 48 ժամ առաջ՝ նախ հարստացրեց գրպանը: Նաեւ կնոջ գրպանը, քանի որ Թրամփի այդ հաջողությունից հետո սեփական կրիպտոարժույթը թողարկեց նաեւ Մելանին: Համաձայնեք, որ օլիգարխներն անուղղելի են:
Զարմացած է «Իրավունք»-ը